Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել». Ալեքսեյ Օրեշկինը՝ ՀՀ ներկայացուցիչ՝ IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությունում

Մայիս 16,2024 12:50 Share

Ալեքսեյ Օրեշկինը, որը նախորդ տարվանից հանդես է գալիս ՀՀ դրոշի ներքո, 2024 թվականի IRONMAN հեղինակավոր մրցաշարի (եռամարտ) աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել: Առաջնությունը կանցկացվի Հավայան կղզիներում այս տարվա հոկտեմբերին:

Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքն Օրեշկինը վաստակել է ապրիլի վերջին Ironman-ի Աֆրիկյան տարածաշրջանի առաջնության իր խմբում առաջատար դիրքեր զբաղեցնելու շնորհիվ: Հայաստանը ներկայացնող մարզիկն այս տարի հանդես կգա նաև դեկտեմբերին Նոր Զելանդիայում կայանալիք Ironman 70.3 (Half Ironman) աշխարհի առաջնությանը։

«Այսպիսի մասշտաբային միջոցառումներում Հայաստանի միակ ներկայացուցիչը լինելը մեծ պատիվ և նշանակալի իրադարձություն է ինձ համար: Մայրիկիս պապը՝ Սարգիս Մանասյանը, 1919 թվականին եղել է Հայաստանի ներքին գործերի նախարարը: Մայրս ասում էր՝ եթե թեկուզ մեկ կաթիլ հայկական արյուն ունես, չես կարող հայ չլինել: Նրա մահից հետո ցանկացա ամրապնդել կապերս Հայաստանի հետ, ստանալ ՀՀ քաղաքացիություն և միջազգային հարթակներում իմ ուժերի ներածին չափով ևս բարձր պահել Հայաստանի անունը: Սա ինձ համար շատ կարևոր է»,- պատմում է Օրեշկինը, որը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ բնակվում է Սինգապուրում:

Օրեշկինը եռամարտով ակտիվորեն զբաղվում է 2017 թվականից, բայց ամենաբարձր արդյունքները սկսել է գրանցել վերջին 3 տարիների ընթացքում:

«Հենց այնպես չես կարող հայտնվել աշխարհի առաջնությունում. ավելի քան 500 մասնակիցներից աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճում 20-30 մարզիկներ: Խմբում պետք է առնվազն լավագույն եռյակում լինես՝ արտոնագիր ստանալու համար: Ես հանդես եմ գալիս 40-44 տարեկանների խմբում, որը բավականին մրցունակ է. այնտեղ նախկին պրոֆեսիոնալ մարզիկներ են, ռեկորդակիրներ: Սինգապուրում, օրինակ, ինձ հետ միևնույն խմբում է հանդես գալիս մի մարզիկ, որն Օլիմպիական խաղերի՝ լողի մրցումների նախկին մասնակից է»,- պատմում է Ալեքսեյ Օրեշկինը:

ՀՀ դրոշի ներքո առաջին մասնակցությունն Օրեշկինն ունեցել է 2023 թվականի մայիսին՝ Մալայզիայի Դեսարու քաղաքում անցկացված Ironman 70.3 աշխարհի առաջնությունում գրավելով առաջին հորիզոնականը: Նույն տարում նա Ավստրալիայում կայացած Ironman 70.3 առաջնությունում եզրափակել է լավագույն հնգյակը:

Ընդհանուր առմամբ՝ 2023 թվականին Օրեշկինը կարողացել է հասնել ակնառու արդյունքների համաշխարհային մակարդակում: Ավստրալիայում անցկացված Ironman-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան հեղինակավոր առաջնությունում զբաղեցնելով առաջատար դիքերից մեկը՝ նա իրավունք է ստացել մասնակցելու Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությանը: Աշխարհի լավագույն եռամարտիկների հետ պայքարում Հայաստանի ներկայացուցիչը եզրափակել է լավագույն քառյակը:

Ironman-ը երկար հեռավորությունների եռամարտի շարք է, որի յուրաքանչյուր անհատական ​​մրցավազք բաղկացած է երեք փուլից. դրանք անցկացվում են հետևյալ հաջորդականությամբ՝ առանց ընդհատումների 2,4 մղոն (3,86 կմ) լող, 112 մղոն (180,25 կմ) ճանապարհային հեծանվավազք և 26,2 մղոն (42,195 կմ) մարաթոնային վազք: Ironman-ը համարվում է աշխարհի ամենադժվար մեկօրյա մրցաշարերից մեկը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031