Լրահոս
Օրվա լրահոսը

Գրական եւ ոչ գրական մտահոգություններ

Հունիս 30,2010 00:00

Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Ծաղկաձորի Գրողների տանը ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» ծրագրի շրջանակներում անցկացվում է Գրողների համահայկական 5-րդ համաժողովը՝ «Հայ գրականություն հայոց միջնաբերդում» խորագրով: Ծաղկաձորյան համաժողովը հյուրընկալել է ավելի քան 80 գրողի՝ աշխարհի շուրջ 20 երկրից:

Երեկ կայացավ համաժողովի պաշտոնական բացումը: Քննարկվեցին վերջին տարիների ընթացքում Հայաստանում եւ Սփյուռքում ստեղծված գրականությունն ու նրա զարգացման միտումները, արդի հայ գրականության ընդհանուր գործընթացը, գրափոխանակության ու ժամանակակից հայ գրողի խնդիրները՝ Հայաստանում եւ Սփյուռքում:

Լ. Անանյանի խոսքով, համաժողովի առանցքներից մեկը գրափոխանակությունն է, հայ եւ սփյուռքահայ գրողների փոխշփումը, մտերմությունն ու ճանաչողականությունը:

Իրանահայ բանաստեղծ, թարգմանիչ Տիգրան Պողոսյանն առաջին անգամ է մասնակցում համաժողովին: Խոսելով սփյուռքահայ գրականության առկա խնդիրների մասին, իրանահայ գրողն ասաց. «Մենք՝ սփյուռքահայ գրողներս, մեծ խնդիրների առջեւ ենք կանգնած: Առաջին եւ ամենամեծ խնդիրը հայաստանյան գրականության պակասն է: Մեզ հասանելի չեն այստեղի ոչ գրքերը, ոչ թերթերը: Ժամանակակից անցուդարձերից անտեղյակ ենք»:

Ուկրաինայի գրողների միության անդամ, բանաստեղծուհի, երգահան Անահիտ Սարգսյանը սրտնեղում է, որ Սփյուռքում ծնված հայագիր գիրքը այստեղ պահանջարկ չունի. «Ոչ ոքի հետաքրքիր չէ, թե սփյուռքահայ գրողները ի՞նչ ասելիք եւ խնդիրներ ունեն: Մեր մեծ եւ առաջնային խնդիրը լեզուն է… Անգամ գրականության ինստիտուտին այս խնդիրը չի հուզում. օրինակ, այնտեղ ինձ հայտարարեցին, թե իմ բանաստեղծություններում գրված՝ անապական, քաղցրակարկաչ, խոց, մրմուռ բառերը բարդ ընկալելի են հայի համար: Եթե Հայաստանում անապական բառն անհասկանալի է, ուրեմն մենք՝ սփյուռքահայ գրողներս վերջացա՞ծ ենք…»:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը իր ելույթում նշեց, որ Գրողների միությունը ջանք չի խնայում, որպեսզի սփյուռքահայ գրողների գրքերը տպագրվեն հայրենիքում: Բանաստեղծուհի Անահիտ Սարգսյանը քմծիծաղով փաստում է, որ անգամ Սփյուռքի նախարարությունը թույլ չի տալիս՝ հայրենիքում իրականացնել իր գրքի շնորհանդեսը՝ տեղին չհամարելով դրա ներկայացումը:

Ուկրաինայից ժամանած բանաստեղծուհին դժգոհեց նաեւ, որ իրեն թույլ չեն տվել նաեւ ՀԳՄ անդամ դառնալ. «Միության դռները փակ են սփյուռքահայ գրողների համար: Մուտք ունեն միայն նրանք, ովքեր դրսից գալիս են լի քսակներով»:

Հալեպից ժամանած երիտասարդ գրող Հարութ Վարդանյանը նույնպես կարեւորեց լեզվի խնդիրը. «Մեր ստեղծածը այստեղ կարծես ասելիք չունի, եւ դրա պատճառը լեզուն է: Մենք գրում ենք արեւմտահայերեն: Կցանկանայի, որ այստեղ գոնե թերթ կամ հաղորդում բացվեր արեւմտահայերենով, որպեսզի մարդիկ առանց բարդույթի կարողանային կարդալ մեր ստեղծագործությունները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել