Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՏՎԱՍՏԵԼ ԵՆ՝ ԴԱՐՁԵԼ Է ԷՊԻԼԵՊՍԻԿ»

Հուլիս 08,2010 00:00

Ծնողները վստահեցնում են, որ իրենց առողջ երեխան պատվաստվելուց հետո էպիլեպսիա է ձեռք բերել ու պարալիզացվել

\"\"
5 ամսական Անահիտը՝ հիվանդանոցում:

Լուսանկարում պատկերված 5 ամսական երեխան՝ Անահիտ Իսաջանյանը, ընդամենը 2 ամիս առաջ առողջության հետ կապված որեւէ խնդիր չի ունեցել: Այն, որ երեխան ծնվել է միանգամայն առողջ, վստահեցրել են թե՛ ծննդատանը, թե՛ երեխայի մանկաբույժը: Սակայն 3 ամսականում պատվաստելուց հետո Անահիտին հիվանդանոցների վերակենդանացման բաժիններից տուն չեն բերում: 30 րոպեն մեկ երեխան ընկնում է ցնցումների մեջ, եւ ծնողները միայն ուժեղ հոգեմետ դեղերով են կարողանում փոքրիկին նորից ուշքի բերել: Մոր՝ Արմինեի պատմելով, «Մինչ պատվաստելը բալիկս ժպտերեսիկ, առողջ ու շատ պինդ էր, բոլորը զարմանում էին, որ դեռ 3 ամսական չկար՝ արդեն «աղու» էր ասում, «գղգղում» էր, բոլորին ժպտում, շա՜տ առողջ էր: Սակայն պատվաստելուց հետո, երբ տուն բերեցինք, երեխան սկսեց մի քանի օր ջերմել, ոչինչ չէր ուտում, չէր խմում, ստիպված եղանք տանել հիվանդանոց: 25 օր վերակենդանացման բաժնում պառկելուց եւ հակավիրուսային դեղեր ստանալուց հետո՝ բժիշկներն ախտորոշեցին, որ նրա ուղեղի 2/3-ն ախտահարված է, ունի ուղեղի բորբոքում, ավելի ուշ հայտնաբերեցին էպիլեպսիա»:
Նշենք, որ Անահիտը ծնվել է բժիշկների ընտանիքում եւ տան 3-րդ զավակն է: «Այնպես չէ, որ ես անփորձ եմ եղել եւ ինչ-որ բան սխալ եմ արել կամ հասկացել: Ինքս էլ բժշկական կրթություն ունեմ եւ փորձառու մայրիկ եմ: Մենք միշտ շատ ուշադիր ենք երեխաների առողջության նկատմամբ, բարձիթողի չենք մեծացնում: Իմ սխալն այն էր, որ համաձայնեցի երեխայիս, այսպես ասած՝ «կարգին» պատվաստանյութով պատվաստել»,- ասում էր Արմինեն: Փոքրիկին Ավանի թիվ 12 պոլիկլինիկայում պատվաստել են ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ կամ, ավելի պարզ ասած՝ դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, հեպատիտ Բ-ի եւ հեմոֆիլուսային Բ տիպի վարակի դեմ համակցված հնգավալենտ պատվաստանյութը: Պատվաստելուց առաջ, ինչպես հարկն է, երեխայի մանկաբույժը զննել է երեխային եւ նրան առողջ համարելուց հետո թույլատրել պատվաստել: «Հիվանդանոցից հիվանդանոց ընկնելուց ու այդքան տառապելուց հետո՝ ես սկսեցի ուսումնասիրել այդ պատվաստանյութի հետ կապված ամեն ինչ: Ինտերնետից բազմաթիվ փաստաթղթեր եմ հանել, որտեղ պարզ նշված է, որ պատվաստանյութերից շատ հիվանդություններ են առաջանում, կոնկրետ այդ 5-ը մեկում պատվաստանյութի հետ կապված նշված է, որ 1000-ից 1 երեխայի մոտ կարող է առաջացնել էպիլեպսիա: Ավելի ճիշտ՝ այդ պատվաստանյութը երեխայի իմունիտետն այնպես է գցում, որ փոքրիկը կարող է ամենաթեթեւ վարակից էլ լուրջ խնդիրներ ունենալ: Անահիտիս դիմադրողականությունը պատվաստվելուց հետո 0 է եղել, նա ձեռք է բերել հասարակ հերպես ու…հիմա գուցե իմ երեխան ողջ կյանքում արդեն հաշմանդամ մնա: Թող զգուշացնեին այդ մասին, ես երեխայիս չէի պատվաստի, որովհետեւ ոչ մի ծնող չի կարող վստահ լինել՝ իր երեխան 1000-ից այդ մե՞կն է, թե՞ ոչ: Հիմա, երբ ամեն ինչ արդեն եղել է, բնականաբար՝ բժիշկներից ոչ մեկը չի ընդունում, որ դա պատվաստանյութից է: Ես հետաքրքրվել եմ, որ մեր երեխային պատվաստել են Կորեայից ներկրված խմբաքանակից, իսկ հիմա նույն պատվաստանյութը արդեն պատվիրել են այլ երկրից»:
Մեզ հետ զրույցում երեխայի հայրը՝ Վարազդատը, պատմեց, որ պատվաստվելուց հետո, երբ իրենց աղջիկը հայտնվել է ծանր վիճակում՝ առաջին հերթին մեղադրել են մանկաբույժին. «Նա գիտե՞ք մեզ ինչ ասաց՝ արդարացավ, որ եթե ցուցանիշներ ցույց չեն տալիս ու քիչ երեխաների են պատվաստում՝ աշխատավարձից փող են պահում: Ես երդվել եմ, որ եթե երեխայիս վիճակը չբարելավվեց՝ ամեն ինչ կանեմ, որ Հայաստանում պատվաստանյութեր քարոզողներն այն տառապանքներն ապրեն, ինչ ես եմ հիմա ապրում»:
Այս ամենից հետո էլ պոլիկլինիկայից ժամանակ առ ժամանակ զանգում են Անահիտենց բնակարան՝ զգուշացնելու, որ երեխան պոլիոմիելիտի պատվաստումը չի ստացել, բերեն պատվաստման, ինչը Վարազդատին հունից հանել է. «Ես գնացել ու նրանց զգուշացրել եմ՝ եթե ուզում են մարդասպանություն չլինի՝ թող չփորձեն եւս մեկ անգամ այդ մասին մեզ զգուշացնել: Ես, որպես ծնող, կոչ եմ անում բոլորին, որ չտանեն իրենց երեխաներին պատվաստման, հետաքրքրված ծնողներին պատրաստ ենք համապատասխան տեղեկությունները տրամադրել ու նրանք կիմանան, որ դեղնախտից, դիֆթերիայից ավելի քիչ վտանգ կա, քան պատվաստանյութերից»:
Նշենք, որ Հայաստանում սա առաջին դեպքը չէ, երբ պատվաստվելուց հետո երեխան առողջական լուրջ խնդիրներ է ունենում: Մի քանի տարի առաջ մենք հրապարակել էինք մի դեպքի մասին, երբ Բյուրեղավանի պոլիկլինիկայում կարմրուկ, կարմրախտ, խոզուկ (ԿԿԽ) հիվանդությունների դեմ պատվաստում ստանալուց 6 օր անց 1 տարեկան երեխան մահացել էր: Մայրը՝ Հասմիկ Խաչատրյանը, վստահ էր, որ իր փոքրիկը՝ Աստղիկը, մինչ պատվաստումը լիովին առողջ է եղել, բայց սրսկումից հետո ընկել է կոմայի մեջ ու այլեւս չի արթնացել: Բայց որքան էլ մայրը հավաստիացնում էր, որ երեխային իր ոտքով առողջ վիճակում տարել է պոլիկլինիկա, նույնիսկ ճանապարհին փոքրիկը մոր համար ծաղիկներ է հավաքել՝ մահանալուց հետո դիահերձող բժիշկները 5-6 ծանր հիվանդություններ են վերագրել երեխային, ըստ որի՝ Աստղիկն ունեցել է երկկողմանի թոքաբորբ, աղիքներում՝ խոց, գլխուղեղում՝ ուռուցք, լյարդը 4- 5 սմ-ով մեծացած է եղել եւ այլն («Առավոտ», 23.06.2006թ. եւ 17.04.2007թ.): Այդ հրապարակումներից հետո «Առավոտի» խմբագրություն էին զանգում բազմաթիվ մայրեր ու բողոքում, որ իրենց երեխաների առողջական վիճակն էլ է պատվաստվելուց հետո կտրուկ վատթարացել: Սակայն սրան ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից հակադարձել էին, որ «պատվաստանյութից չեն մահանա ու չեն վատանա՝ դա զուգադիպություն է, երեխաներն ուրիշ հիվանդություն են ունեցել, որը պատահաբար այդ օրերին է գլուխ բարձրացրել»:
Կոնկրետ Անահիտի հետ կապված էլ պատրաստ ենք լսել նախարարության մասնագետների պարզաբանումները, թեեւ պարզ է, որ ոչ ոք չի ընդունի, որ պատվաստանյութը նպաստել է երեխայի էպիլեպսիկ դառնալուն: Իմունականխարգելման ազգային ծրագրում նշված է, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն տարի մինչեւ 5 տարեկան հասակը մահանում է մոտ 12 մլն երեխա, իսկ պատվաuտումների շնորհիվ աշխարհում տարեկան կանխվում է մոտ 2 մլն մանկան մահվան դեպք, թե քանի միլիոն երեխա է մահանում կամ հիվանդանում պատվաստանյութերից՝ խոսք չկա:
Փաստն այն է, որ Անահիտն այս պահին Արաբկիրի մանկական հիվանդանոցում է, իսկ տանը նրան պահում են բոլորից մեկուսացված՝ անգամ հարազատ հորից կտրված: Մոր խոսքերով՝ «Նա այնքան թույլ է, որ ամենաթեթեւ վարակը կարող է ճակատագրական լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել