Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն տարբերում խոսքի մասերն ու պատմավեպերը

Հուլիս 16,2010 00:00

Դիմորդները կաղում են հայոց լեզու եւ գրականություն առարկայից, համեմատաբար լավ են հաղթահարում օտար լեզուները

Երեկ մեկնարկեցին բանավոր քննությունները: «Առավոտի» շրջայցը տարբեր առարկաների գծով քննակենտրոններ՝ ցույց տվեց, որ հասարակությունը բանավոր քննություններին միասնականների պես հիվանդագին չի վերաբերվում: Գուցե սրա պատճառը նաեւ այն է, որ բանավոր քննություններին մասնակցում են ավելի փոքր թվով դիմորդներ: ԵՊՀ-ում 110 դիմորդ իր ուժերը փորձեց անգլերենից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում 96 դիմորդ՝ հայոց լեզու եւ գրականությունից, Հայաստանի պետական ագրարային համալսարանում 4 դիմորդ՝ իտալերենից: Նկատենք, որ կախված քննական առարկայից՝ դիմորդների կոնտինգենտը տարբերվում էր: Օրինակ՝ անգլերենից բանավոր քննություն հանձնող դիմորդները, որոնք հետո համալրելու են Բրյուսովի եւ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողների շարքերը, ավելի անկաշկանդ էին, համարձակ, նրանց մեծամասնությունը տիրապետում էր դիմահարդարման հմտություններին: Իսկ հայոց լեզու եւ գրականություն հանձնող դիմոդների մեծամասնությունը կաշկանդված էր, աշակերտական պահվածքով, նկատելի էր մարզերի շունչը: «Առավոտը» զրուցեց հանձնաժողովների նախագահների հետ՝ պարզելու, հատկապես ինչի՞ վրա են քննելիս ուշադրություն դարձնելու: Անգլերենի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ անգլերեն լեզվի թիվ մեկ ամբիոնի վարիչ, միջազգային ՄԻԼԱԲ թեստի անցկացմանը տիրապետող Մարգարիտա Ապրեսյանը նշեց. «Չեմ կարծում, որ ակցենտի համար կարող է թվանշան իջնել, թվանշան կարող է իջնել ընթերցանության ընդհանուր մակարդակի համար: Հայաստանում ոչ ոք ամերիկյան եւ անգլիական ակցենտով չի խոսում: Տարիներ առաջ, երբ 45 երկրներում աշխատած լեզվաբան Ջիմի Հարիսոբին հարցրինք՝ մենք ի՞նչ անգլերենով ենք խոսում, նա պատասխանեց՝ հայկական… Քննության ընթացքում հիմնականում ստուգվում է դիմորդի՝ հանպատրաստից զրույց վարելու կարողությունը տրված թեմայի շուրջ»: Քանի որ ԳԹԿ-ն թեստագիրներին ներքին կարգով հանձնարարել էր գրել այնպիսի թեստեր, որոնք կենթադրեն 12-13 միջին միավորներ, հետաքրքրվեցինք՝ նույնը եղել է նաեւ բանավորի՞ պարագայում: Տիկին Ապրեսյանը պատասխանեց. «Ոչ մի ճնշում, պայմանավորվածություն չի եղել»: Իտալերենի հանձնաժողովի նախագահ Արաքսյա Ստեփանյանն էլ նշեց, որ քննությունն իր հունով է ընթանում. «Նախորդ տարի դիմորդներն առանձնապես չէին դժվարանում, մի քիչ կաղում էին բանավոր հաղորդակցությունից»: ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը եւս շրջայց էր կատարում քննակենտրոններում: Նրանից հետաքրքրվեցինք՝ ծրագրո՞ւմ են ինչ-որ կերպ թեստավորել նաեւ բանավոր քննությունները: Նա պատասխանեց. «Կարելի է թեստային մաս դնել, հետո սովորական քննություն, այսինքն՝ հիբրիդ, բայց դա եթե արվի էլ՝ պիտի զգուշորեն անել, համենայնդեպս մյուս տարի նման բաներ չեն նախատեսվում»:

Եթե անգլերենի քննությունից դիմորդները դուրս էին գալիս ուրախ-զվարթ, ապա նույնը չի կարելի ասել հայոց լեզու եւ գրականություն առարկայի դիմորդների մեծամասնության մասին: Մեր ներկա գտնվելու պահին երեք հոգի «անբավարար» ստացավ, նրանցից մեկը ձեռքով հրեց մեզ եւ չցանկացավ արտահայտվել, մյուսը ընդհանրապես չխոսեց, երրորդն էլ խոստովանեց, որ հանձնաժողովը լավ էր քննում, բայց ինքը լավ չի պատասխանել: Հոկտեմբերյանից Աստղիկ Բագրատյանն էլ «15» ստացավ եւ գոհ էր հանձնաժողովի աշխատանքից: Իսկ մի օրիորդ, որ «9» էր ստացել, լացակումած դուրս եկավ, բոլորի վրա «մուննաթ» եկավ ու չցանկացավ նույնիսկ վերելակից օգտվել՝ լացելով յոթ հարկ ոտքով իջավ: Գրանցվեցին նաեւ «կուրյոզներ»: Օրինակ՝ մի դիմորդ չգիտեր, թե ով է լույս աշխարհ բերել Սասունցի Դավթին, պարզ ստորոգյալ էին համարում ենթակայից առաջ, իսկ բաղադրյալ՝ ենթակայից հետո գտնվողները: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանն այս երեւույթների մասին ասաց. «Սրանք դպրոցից, դիմորդների անպատասխանատվությունից եկող խնդիրներ են: Փաստերը դեռ քիչ են օրինաչափությունների համար, սակայն, ցավոք, բանասիրական ընդունվող երեխան չգիտի՝ ով է «Վարդանանք» պատմավեպում Գարեգին Սրվանձտյանը, «Վարդանանքում» հանկարծ հիշում է «Սամվել» վեպի հերոսներին, տկարանում են նախադասության վերլուծությունից, չեն տարբերում խոսքի մասերը: Բայց լավ երեխաներ էլ կան»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել