Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒԾԻՐ 10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԵՐՆ ԱՆԻԾԻՐ

Օգոստոս 03,2010 00:00

Հայաստանի բնությունն ու մաքուր օդը «սեփականաշնորհածների» բիզնեսից գետեր, ծառեր ու կանաչ տարածքներ են տուժում:

Ամառային այս օրերին Հայաստանում տուրիզմի փոխարեն ու տուրիզմից շատ զարգանում է բնության հաշվին կազմակերպվող բիզնեսը: Հիմա Աղվերանի, Ծաղկաձորի, Հանքավանի, Բուժականի անտառներում ամեն ծառ ու թուփ, ամեն կոճղ իր տերն ունի: Բավական է ճանապարհին կանգնես՝ մի փոքր մաքուր օդ շնչելու, գալիս են տարածքի տերերն ու ստիպում վճարումներ կատարել: Բացի այն, որ այդ վճարումների համար որեւէ կտրոն չի տրամադրվում, ինչը վկայում է, որ այդ բիզնեսը հարկային դաշտ մտած չէ, ընդամենը մի քանի ժամ մեր հայրենիքի բնության գրկում անցկացնելը մարդկանց վրա 5-10 հազար դրամ է արժենում (ընդ որում՝ դա ամենավատ պայմաններում): Այսօր շատերը հնարավորություն չունեն իրենց հանգիստը կազմակերպել Անթալիայում, Բուլղարիայում, նույնիսկ՝ Վրաստանում, ստիպված՝ շաբաթ-կիրակի օրերին քաղաքի աղմուկից ու տապից կտրվելու համար փորձում են «պիկնիկի» գնալ, ուստի անկախ «բնությունը սեփականաշնորհածների» կրակած գներից ու պայմաններից, հանգստյան գոտիներում այդ օրերին բոլոր տեղերը զբաղված են լինում: Եթե, գոնե, մեր օդի ու կանաչ տարածքների հաշվին հարստացողներն այդ 5-10 հազար դրամներից մի քանի տոկոս մուտքագրեին պետբյուջե՝ այդքան ափսոսանք չէր լինի, որ մեր երկրի մաքուր օդը ծախվում է մեր երկրի քաղաքացիներին:
Այս լուսանկարներն արվել են Աղվերանի անտառներում՝ «Երեքնուկ» հանգստյան գոտու հարեւանությամբ: Ինչ-որ մեկը ցանկապատել է անտառի մի հատվածը, կտրած ծառերից սեղանիկներ դրել ու արդեն քանի տարի է՝ բիզնես է անում: Տեղի վարձը 8-10 հազար դրամ է: Հանգստացողների քեֆ-ուրախությունն ապահովելու համար տարածքի տերերը համագործակցում են երաժիշտների հետ, որոնք «Սեւ-սեւ աչեր», «Յարիս տարան», «Ջանա-ջանա-ջանա» եւ նման մի քանի երգերից մի-մի տուն երգելով շախի են գցում, մարդկանց հանում պարելու ու կտրուկ երաժշտությունը դադարեցնում՝ ստիպելով շարունակության համար փող վճարել կամ երգ պատվիրել: Պարզ է, թե այդ երաժիշտների երգացանկն ինչ պետք է լինի, բայց յուրաքանչյուր երգի պատվերն արժե 5000 դրամ՝ ռեստորանների գնի չափ:
Բիզնեսը՝ բիզնես, սակայն ոմանց ուռճացած գրպանների պատճառով ամենաշատը տուժում է բնությունը: Կոնկրետ Աղվերանի այդ հատվածով անցնում է Մարմարիկ գետը, որն ամբողջովին աղբի մեջ կորած էր: Ձմերուկի կճեպներից, լիմոնադի շշերից, պոլիէթիլենային տոպրակներից, զուգարանի թղթերից ու սննդի մնացորդներից բացի, գետում լող էին տալիս կանանց հիգիենիկ միջոցներ, բնականաբար՝ օգտագործված: Նրանք, ում վճարում ես այդ գետի մոտ հանգստանալու ու, իբրեւ թե, հաճույք ստանալու համար, հանգստացողներից հետո լավագույն դեպքում մաքրում են սեղանիկների տարածքը, իսկ գետը մնում է նույն աղտոտ վիճակում, ու ամեն քեֆ անողից հետո ավելանում է շշերի, պոլիէթիլենային տոպրակների, սննդի մնացորդների բեռը: Ոչ մեկին չի մտահոգում, որ Մարմարիկը կարող է ճահճի ու աղբակույտի վերածվել, կարեւորը՝ հանգստացողները 10 հազար դրամները մուծած լինեն, մի քանի տոպրակ ձմերուկի կճեպ էլ թող նետեն գետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել