Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԽՈՐԱՑՆԵԼ ՍԽԱԼԸ

Սեպտեմբեր 07,2010 00:00

\"\"Ըստ «Հայկական ընտրություն» նախաձեռնության անդամ Արմեն Աղայանի, Արցախն աստիճանաբար պետք է վերականգնվի իր բնականոն՝ ՀՀ մարզի կարգավիճակում:

– Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը: Նման օրինագծի ընդունումը ինչպե՞ս կանդրադառնա հետագա զարգացումների վրա:
– Նախ հաստատենք, որ 1991թ. Արցախը անկախացել է ոչ թե Ադրբեջանից, այլ Հայաստանից: Այսօր այս հաստատումը ոմանց կարող է զարմացնել, ուստի հիշեցնեմ, որ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ ԼՂԻՄ-ը արդեն միավորվել էր ՀԽՍՀ-ին եւ նրա հետ միասին էր անկախացել ԽՍՀՄ-ից: Այդ որոշումը բոլորովին էլ թղթի վրա չէր մնացել, այլ ամբողջությամբ իրագործվում էր, մասնավորապես՝ Արցախի բոլոր մարմինները ենթարկեցվում են ՀԽՍՀ նախարարություններին, ձեռնարկությունները վերածվում են Երեւանի մասնաճյուղերի: Մայիսին տեղի են ունենում ՀԽՍՀ ԳԽ ընտրություններ, եւ դեռեւս կոմունիստական իշխանությունները Արցախում ձեւավորում են 12 ընտրատարածք, որտեղ ընտրված պատգամավորները, այսպես կոչված, ԼՂՀ անկախացման օրերին արդեն մեկուկես տարի պաշտոնավարում էին Երեւանում եւ մյուս պատգամավորների հետ միասին ընդունել էին ՀՀ անկախության հռչակագիրը: Ի դեպ, ՀՀ ԳԽ այս կազմը փաստացի լեգիտիմ էր ճանաչված Մոսկվայի կողմից:
Սուտ է այն պնդումը, թե Արցախի անկախության հռչակումը եւ դրան նվիրված հանրաքվեն անհրաժեշտ էին, որպեսզի Արցախը Ադրբեջանից անկախանա՝ ԽՍՀՄ գործող օրենսդրության տառին համաձայն: Նման օրենսդրություն չկար, իսկ ԽՍՀՄ պահպանման հարցով հանրաքվեն այստեղ հիշատակելը ուղղակի խեղաթյուրում է: Բացարձակապես անհիմն է նաեւ այն պնդումը, թե՝ եթե չլիներ Արցախի անկախացումը, ապա միջազգային հանրության աչքում մենք կվերածվեինք ագրեսորի, իսկ հիմա կարող ենք հղում կատարել ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Իրականում ինքնորոշման սկզբունքը մենք ամբողջությամբ իրացրել էինք դեռ ԽՍՀՄ օրերին, եւ դա փաստացի իրողություն էր: Իսկ միջազգային հանրության համար բացարձակապես մեկ էր, թե ԽՍՀՄ փլուզման պահին նոր պետությունները ինչ սահմաններով են անկախանում: Հենց ԼՂՀ անկախության հռչակագիրն էր միակ պատճառը, որ միջազգային հանրությունը Հայաստանը ճանաչեց 30 հազար քկմ տարածքով, իսկ Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Ինչը բնական է, քանի որ միեւնույն է՝ անկախ պետություն չէին ճանաչելու:
Ես չգիտեմ, հասկանում էին արդյոք այս ամենը 1991թ. Երեւանում եւ Ստեփանակերտում. գուցե սա դավադրությո՞ւն էր կամ շտապողականության արդյո՞ւնք: Սակայն այսօր էլ, երբ առկա են հետեւանքները, երբ միջազգային հանրությունը հստակ ցուցադրում է իր արհամարհանքը այդ «անկախությանը», իսկ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը հասել է սպառնալի չափերի, երբ մեր քաղաքական գործիչներին բացատրվել է սխալի էությունը եւ հետեւանքները, նրանք շարունակում են խորացնել սխալը եւ նոր քայլերով էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Ժամանակին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնում մենք «Ժառանգություն» խմբակցության մի շարք պատգամավորների տվել ենք անհրաժեշտ բացատրությունները, հիմնավորումները եւ առաջարկություններ ենք ներկայացրել հատուկ այս հարցի հետ կապված: Մասնավորապես, նրանց ուշադրությունը հրավիրել էինք այն հանգամանքի վրա, որ Արցախում բնակվող եւ գրանցված ՀՀ քաղաքացիները զրկված են ՀՀ նախագահ եւ խորհրդարան ընտրելու իրենց սահմանադրական հիմնական իրավունքից, եւ առաջարկել էինք զբաղվել այդ իրավունքը վերականգնելու խնդրով: Ինչպես նաեւ նրանց էինք առաջարկել մի ծրագիր, որով Արցախը աստիճանաբար կվերականգնվի իր բնականոն՝ ՀՀ մարզի կարգավիճակում, կվերացվեն 1989թ. դեկտեմբերի 1-ին հակասող բոլոր ակտերը, եւ արցախահայությունը լիարժեքորեն կներառվի ՀՀ հանրային կյանքում: Սակայն թե «Ժառանգությունը»՝ կոնկրետ դեպքում, թե մյուս քաղաքական ուժերը՝ այլ առիթներով, շարունակում են խորացնել այս սարսափելի սխալը, տոնում են հայ ժողովրդի նորօրյա ինքնակամ պառակտման ակտի՝ ԼՂՀ կեղծ անկախության հերթական տարեդարձը:
– Տարածաշրջանում հասունացող սրացումների ֆոնին հնարավոր համարո՞ւմ եք Ջավախքում կոնֆլիկտի առաջացումը, քանի որ հայաստանյան որոշ ուժեր համառորեն շարունակում են այդ ուղղությամբ «աշխատել»:
– Ջավախքում կոնֆլիկտը նոր չպիտի առաջանա: Այն առկա է եւ օրեցօր լուծվում է ի վնաս հայության եւ արդեն սպառնում է Ջավախքի նախիջեւանացմամբ: Բնական է, որ ամեն պահի դանակը կարող է ոսկորին հասնել, ու որոշ սրացումներ լինեն, սակայն չեմ կարծում, թե դա հայաստանյան ուժերի աշխատանքի արդյունքը կլինի: Իրականում ես շատ ուրախ կլինեի, եթե այդ ուժերը իսկապես «աշխատեին»: Սակայն նրանք հիմնականում զբաղված են ջավախահայության՝ որպես Վրաստանի ազգային փոքրամասնության իրավունքները պաշտպանելով: Դա վատ չէ, սակայն անբավարար է եւ ի վերջո հանգեցնելու է արտագաղթի, ժողովրդագրական պատկերի փոփոխության եւ ձուլման:
Համոզված եմ, որ ջավախահայությունը սոցիալական վիճակը բարելավելու, ազգային փոքրամասնություններին հատկացվող բուհական տեղերից օգտվելու, վրաց հանրության մեջ ներառվելու (ինտեգրվելու) խնդիր չունի, այլ նախեւառաջ ուզում է սեփական հողում որպես հայ ապրել, ինչը անհնար է Վրաստան կոչվող փոքրիկ կայսրության պայմաններում: Եթե այդ կազմակերպությունները իսկապես ուզում են պաշտպանել ջավախահայության պայքարը, ապա նախ՝ ստիպված են պայքարել ներքին ճակատում, որպեսզի Հայաստանում վերջապես ձեւավորվի այնպիսի կառավարություն, որը մինչեւ հիմա եղածների պես չի զոհաբերի ջավախահայությանը՝ հանուն Վրաստանի հետ կեղծ բարեկամության կամ շրջափակման սպառնալիքի դիմաց: Իսկ ջավախահայության խնդիրներով մասնագիտացած որեւէ կազմակերպություն դրանով կարծես չի պատրաստվում զբաղվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել