Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիներն օգնում են չիլիացի հանքափորներին կենդանի մնալ

Սեպտեմբեր 09,2010 00:00

Միացյալ Նահանգների օդագնացության եւ տիեզերական տարածության ազգային վարչության՝ NACA-ի մասնագետները պատմել են, թե ինչ խորհուրդներ են տվել ավելի քան մեկ ամիս գետնի տակ արգելափակված չիլիացի հանքափորներին: Խորհուրդներից մեկը, BBC-ի մատուցմամբ, այն է, որ հանքափորները պետք է խստորեն բաշխեն իրենց հարազատների հետ խոսակցությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը աշխարհից մեկուսացած մարդկանց թույլ կտա պահպանել հոգեկան հավասարակշռությունը:
Հանքափորներին՝ չընկճվելու ու սիրտ տալու ձեւերից մեկն էլ եղել է հանք իջեցված մինի հեռուստաէկրանին Կիեւում տեղի ունեցած Չիլի-Ուկրաինա ֆուտբոլային խաղի ուղիղ հեռարձակման ցուցադրությունը, թեեւ չիլիացիներն այդ խաղում ուկրաինացիներին պարտվեցին 1:2 հաշվով: Ընդսմին, ինժեներները շարունակում են փրկության խողովակներ փորել՝ հուսալով Սան-Խոսե հանքից դուրս բերել 700 մետր խորության մեջ փակված հանքափորներին: Ամերիկացի մասնագետները վերջիններիս խորհուրդ են տվել նաեւ որոշակի «ստորգետնյա կոմունա» ստեղծել՝ նկատի ունենալով, որ նրանք դեռ բավականին երկար ժամանակ են միասին մնալու:
Այդուհանդերձ, մասնագետներն ասում են, որ հանքափորները դեռ չեն գիտակցում, թե որքան ծանր է լինելու աշխատանքը իրենց փրկվելուց հետո:
NACA-ի փորձագետները նաեւ խոստովանել են, թե չիլիացի հանքափորների փրկության եւ վերականգնողական աշխատանքներին իրենց մասնակցությունը կարող է օգտակար լինել ապագայում տիեզերական թռիչքների պատրաստվելու համար:
Օգոստոսի 22-ից հետո Չիլիում հանքափորները ազգային հերոսներ են դարձել: Հանքում տեղի ունեցած պայթյունից հետո նրանք 17 օր կենդանի են մնացել՝ արտաքին աշխարհի հետ որեւէ կապ չունենալու պարագայում: Այդ ընթացքում վերեւում գտնվող մարդիկ նրանց արդեն զոհված են համարել: Հանքափորները կենդանի են մնացել մթերքի եւ ջրի անձեռնմխելի պաշարը նվազագույն չափով օգտագործելու շնորհիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել