ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի ընդառաջ՝ Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մասնակցեց Հունաստանի Հանրապետության առաջին մայրաքաղաք պատմական Նավպլիոնում կայացած՝ Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արգոլիդայի մասնաճյուղի, Պելոպոնեսի մարզի և Նավպլիոնի քաղաքապետարանի կողմից՝ «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրի ներքո։
Այս տարի Հայաստանը ընտրվել էր որպես միջոցառման պատվավոր երկիր։
Իր ողջույնի խոսքում Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերված պատվի և ջերմ վերաբերմունքի համար։
Նա ընդգծեց խաղաղության, երկխոսության, մշակույթների փոխադարձ ճանաչման և համամարդկային արժեքների պահպանման կարևորությունը՝ ներկայացնելով Հայաստանի խաղաղության օրակարգը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը։
Կարդացեք նաև
Դեսպանը նաև անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի միջև պատմական բարեկամությանը և բազմաոլորտ համագործակցությանը՝ ընդգծելով երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքներն ու փոխադարձ աջակցությունը։
Միջոցառման մշակութային ծրագրի շրջանակում հայկական երգն ու պարը ներկայացվեցին որպես հայ ժողովրդի հարուստ մշակութային ժառանգության, պատմական հիշողության և խաղաղության ձգտման արտահայտություն։
Միջոցառմանը հաջորդեցին ավանդական պարային կատարումներ՝ «Ավետիս» հայկական պարային համույթի և Ն. Արգոլիդայի պոնտի համայնքի «Պանագիա Սումելա» միության մասնակցությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով մշակույթի՝ ժողովուրդներին մերձեցնելու և բարեկամությունն ամրապնդելու բացառիկ դերը։
Հունաստանում ՀՀ դեսպանատուն


















































