Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ «ՈՍԿԻՆ» ԱՅՆՔԱՆ ՄՈՏ ԷՐ

Սեպտեմբեր 09,2010 00:00

\"\"Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում ընթացող սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում նվաճեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:
Երեկ մեր հանրապետությունից վերջինը մրցագորգ մտավ մեր ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին՝ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Եվրոպայի չեմպիոն հայ ըմբիշը պայքարն սկսելով 1/16 եզրափակչից՝ հերթով հաղթանակ տարավ արգենտինացի, սլովակ, ղրղըզ, ճապոնացի մրցակիցների նկատմամբ եւ, մտնելով եզրափակիչ, աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարեց Թուրքիայի ներկայացուցիչ Սելչուկ Սեբիի հետ: Արսենը մրցագորգում ոչ միայն հավասար պայքար մղեց փորձառու մրցակցի հետ, այլեւ երեք մրցափուլ տեւած պայքարում առնվազն երկու անգամ ձեռքից բաց թողեց նրան էլ հաղթելու հնարավորությունը, եթե կարողանար երկրորդ եւ երրորդ փուլերում «պարտեր» դրությունում վերեւից աշխատելիս հնարք կատարել եւ հաղթական միավոր վաստակել: Ճիշտ է, մեր երիտասարդ ըմբիշն ամեն բան արեց դրա համար, սակայն ֆիզիկապես շատ ուժեղ մրցակցին նաեւ գրագետ պաշտպանության շնորհիվ երկու անգամ էլ հաջողվեց խուսափել Արսենի գործադրած ջանքերից՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Իսկ մեր մարզիկն արժանիորեն դարձավ աշխարհի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, ինչը լուրջ նվաճում է:
Արսեն Ջուլֆալակյանի վճռորոշ գոտեմարտին հեռուստաէկրանների առջեւ հետեւած մարզասերների համար մեր ըմբիշի՝ չեմպիոնական տիտղոսի չհաջողված գրոհները անչափ ցավալի էին: Սակայն շնորհիվ Արսենի այս հաջողության մեր ընտրանին ընդհանուր թիմային պայքարում 64 երկրների մեջ գրավեց 4-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել