Լրահոս
Օրվա լրահոսը

Բիենալեն ոչ «տուն» ունի, ոչ՝ բյուջե

Սեպտեմբեր 10,2010 00:00

Փոխարենը «մաքսային» անակնկալներն անպակաս են

Այսօր կեսօրին Գյումրիում կմեկնարկի «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողություն» խորագիրը կրող միջազգային 7-րդ բիենալեն: Գլխավոր համադրող Ազատ Սարգսյանի ներկայացնելով, սա մյուսներից տարբերվելու է նրանով, որ մասնակցելու են տեղի արվեստագետները: Իսկ բիենալեն տեղացիների ուսերին թողնելը՝ նա մեկնաբանում է այսպես. «Եթե մենք անցած տարի ունեինք 70 արվեստագետ ու 80 հյուր՝ դրսից, կարող եք հաշվել, թե երկու շաբաթում ինչ գումար է ներդրվել Գյումրիում, այս անգամ հրաժարվեցինք «դրսից» մարդ բերել, որովհետեւ ամեն անգամ, երբ որ գալիս են դրսից, չենք տեսնում՝ ներսում ինչ ունենք, ովքեր են մեր կողքին»: Բիենալեի բյուջեն այս տարի զրո է, թեեւ, ըստ համադրողների, այն երբեք էլ հստակ բյուջե չի ունեցել, եւ միշտ էլ մի քանի ամիս առաջ «էստեղից ու էնտեղից է հավաքվել»: Կազմակերպիչների համոզմամբ, բիենալեի բյուջեի ձեւավորմանը պետք է մասնակցեն իշխանությունները: Նրանց փաստելով, կառավարությունը անցած անգամ ֆինանսավորել է մշակութային այս միջոցառումը, ու փոխանցել է ընդամենը իրենց բյուջեի 25%-ը կազմող գումար: «Դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք, ժամանակակից արվեստը ունիվերսալ գործիք է, հասարակություն եւ գիտելիք է կերտում, այսօր բոլոր ասպարեզներում՝ սկսած տնտեսական հսկաներից, վերջացրած քաղաքական շահեր հետապնդող հիմնադրամներով, արվեստի միջոցով են «հարց լուծում», փորձարկում ապագան…»,- ասում է արվեստաբան Նազարեթ Կարոյանը: Ազատ Սարգսյանն էլ, Հայաստանը համեմատելով գրեթե նույն վիճակում գտնվող երկրներից մեկի՝ Ալբանիայի հետ, ասում է, որ նրանց բիենալեին հատկացվող պետական բյուջեն մեկ միլիոն երկու հարյուր հազար եվրո է, որից, սակայն, դարձյալ դժգոհ են բիենալեի ալբանացի համադրողները: Հայաստանում ամբողջը «ինքնակազմակերպման ու ինքնաներդրման» հույսին է: Բիենալեն մշտական տեղ չունի Գյումրիում, կազմակերպիչներին իր տունն է տրամադրել մի գյումրեցի՝ Համբարձում Ղուկասյանը: Իսկ ամենազավեշտալին այն է, որ «բիենալցիների» համար հանրապետության մաքսատներն են «սյուրպրիզներ» մատուցում:

Ազատ Սարգսյանի ասելով, թեեւ բիենալեների ժամանակ դրսից միշտ հանրահայտ, երբեմն մեզ համար «անհասանելի» արվեստագետ-կազմակերպիչներ են Գյումրի ժամանում, սակայն իրենք կես րոպե ժամանակ չեն ունենում նրանց հետ նստելու ու խոսելու: «Գիտե՞ք այդ ընթացքում մենք ինչով էինք զբաղվում, «տամոժնիայից» գործերի դուրս բերումով, մաքսազերծումով: Արվեստագետը անհեթեթ վիճակում է, ուզում ես մի բան անել՝ չես կարողանում, օրինակ, երեք հսկայական կոնտեյներ է եկել Ավստրիայից, մարդիկ եկել են իրենց վիդեոպրոյեկտներով, ամեն ինչով, մաքսատներում զբաղված են ինչ-ինչ հարցեր պարզելով՝ էդ նկարը իրավունք ունի՞ մտնել, դուրս գալ: Օտարերկրացի արվեստագետները եկել՝ հանդիպումներ, «կլոր սեղաններ» են կազմակերպում, մենք չենք կարողանում մաքսատներից նրանց գործերը ազատագրել»,- պատմում է Ազատ Սարգսյանը:

Հավելենք, որ Գյումրիի բիենալեն կտեւի մեկ շաբաթ, եւ արվեստասեր հասարակությանը 70-ից ավելի գործեր կներկայացնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել