Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ՝ ՀԱՆՈՒՆ ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Սեպտեմբեր 17,2010 00:00

Անվանական ծառերի անհայտ ճակատագիրը

Նախօրեին Մաշտոց-Սարյան փողոցների միջնամասում գտնվող այգում հարակից շենքերի բնակիչներն ու մի խումբ բնապահպաններ խորհրդանշական ծառատունկ արեցին: Ակցիայի նախաձեռնողները Արամի 70 շենքի բնակիչներն էին, իսկ իրականացնողը՝ Armenian Tree Project-ի եւ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները:

Նախաձեռնության անդամ Արթուր Աֆթանդիլյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակն է ծառատունկով ցույց տալ, որ անտարբեր չեն իրենց շուրջը կատարվող իրադարձություններին՝ կոնկրետ կառուցապատմանը, այնտեղ նախատեսվող շինարարությանը եւ ընդհանրապես հանրային կանաչ տարածքի մասնավորեցմանը. «Բնակչությունը հետագայում եւս հետամուտ է լինելու, որ ցանկացած նմանատիպ գործընթաց կասեցվի: Այդ նպատակով բնակիչների եւ մեր նախաձեռնությամբ, բացի ծառատունկից, այս տարածքի բոլոր ծառերը կանվանակոչվեն հայ մեծերի անուններով: Սրանով մեկ անգամ եւս հիշեցնելով, որ, օրինակ, Մեսրոպ Մաշտոցի անվան ծառը որքան կարեւոր է քաղաքի եւ բնակչության համար, որ սրանով մենք պահպանում ենք մեր բնությունը»,- նշեց նա:

Ինչպես տեղեկացանք, Արամի 70 շենքի բնակիչները, մտահոգվելով իրենց այգում առկա ծառերի, մասնավորապես՝ սոսիների ճակատագրով, դիմել են «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամներին:

Բնակիչների բողոքն ուղղված է Երեւանի քաղաքապետարանի՝ այդ այգում իրականացվելիք շինարարական նախագծի հաստատման դեմ: Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է երկհարկանի շինություն՝ ստորգետնյա ավտոկայանատեղի եւ առեւտրի կենտրոն կառուցել այդ հատվածում:

Ա. ԱՖթանդիլյանի խոսքով, ծառատունկը միանգամյա ակցիա չէ՝ «մենք բոլոր հնարավոր միջոցներով հարակից շենքերի բնակիչների հետ պայքարելու ենք, որ այստեղ կառուցապատում չլինի, մնա հանրային տարածք: Նախատեսվելիք բազմահարկ շինությունների կառուցման արդյունքում անխուսափելիորեն կկտրվեն ծառեր եւ կվնասվի այգու բուսականությունը: Հանրային զբոսայգին մեկընդմիշտ կկորցնի իր նպատակային նշանակությունը»:

Ակցիայի շրջանակներում այգում բնակիչների եւ ծառատունկի մասնակիցների աջակցությամբ մեկ խորհրդանշական ծառ տնկվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի երեխաների կատարումների ներքո: Երեխաներն իրենց ձեռքերով փորեցին հողը, տնկեցին ծառն ու ջրեցին: Միջոցառման կազմակերպիչները տնկված ծառը եւ նրա խորհուրդն օրհնելու խնդրանքով դիմեցին Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմին եւ մի շարք այլ քրիստոնեական եկեղեցիների, սակայն առաջնորդարանում մերժեցին ընդառաջել խնդրանքին, եւ օրհնության ծեսը կատարեց Հայաստանի Ամբողջաավետարանական քրիստոնյաների եկեղեցու ավագ հովիվ՝ պատվ. դոկտ. Սամվել Նավոյանը: Այգու հարակից շենքերի բնակիչների ցանկությամբ էլ տարածքի բոլոր ծառերը անվանակոչեցին Հենրիկ Մալյանի, Արամ Մանուկյանի, Լեոնիդ Ենգիբարյանի անուններով:

Ակցիայի շրջանակներում, ի պաշտպանություն այգու, կատարումներով հանդես եկավ նաեւ «Սայաթ-Նովա» երաժշտական դպրոցի ժողգործիքների խումբը:

Տարածքի բնակիչ Լաուրայի բնորոշմամբ՝ «Եթե փորձեն հատել անվանակոչված ծառերը, կանարգեն մեր հայ մեծերին»:

Բնակիչներից մեկն էլ, որը չցանկացավ ներկայանալ մեզ հետ զրույցում, բարկացած ասաց. «Այստեղի սոսիները 20 տարի չեն ջրվել, տեսեք, ինչ վիճակում են, չեն խնամում հերիք չի, դեռ ուզում են հատել: Քաղաքապետին պետք է պաշտոնանկ անել իր այդ հաստատումների, մեզ բնությունից կտրելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930