Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ՝ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ

Սեպտեմբեր 18,2010 00:00

Արմավիրի մարզի խաղողագործները վստահ են, որ իրենց այգիները կեղծ ախտորոշմամբ հատում են՝ հանուն պաշտոնյաների այգիների բարգավաճման:

Երիտասարդ խաղողագործ Արթուր Ինջիղուլյանի համար իսկական պրոբլեմները սկսում են խաղողի մթերման շրջանում: Օրինակելի այգեգործը, որ նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի անդամ է եւ որի ցուցադրական այգին արդեն չորս տարի այգեգործների համար սեմինարների վայր է, կրակն է ընկել իր աճեցրած բերքի ձեռքը: «Ոչ մի մթերող կազմակերպություն հետս պայմանագիր չի կապում: Աշխատում են միայն իրենց մշտական հաճախորդների հետ»,- ասաց Արթուր Ինջիղուլյանը:

Արթուրը հիմնականում գինու եւ կոնյակի արտադրության մեջ օգտագործվող «կանգուն» տեսակի բարձրորակ խաղող է աճեցնում: Տարեցտարի ավելացնում է թե այգու, թե բերքի ծավալները: Նախորդ տարվա 7 տոննայի դիմաց, այս տարի ավելի քան 10 տոննա խաղող կստանա: Այդ փաստը, սակայն, այնքան էլ չի ուրախացնում երիտասարդ այգեգործին: Նրա համար խնդիր չէ, որ բերքն անպայման պայմանագրի առկայությամբ մթերվի: Խնդիրը մթերման գնի մեջ է. պայմանագրի դեպքում 1 կգ խաղողն ընդունում են 120-130 դրամով, առանց պայմանագրի՝ 90-100: «Դրա համար էլ մեր նմաններին թողնում են վերջում, եթե մթերելու տեղ ունենան՝ էժանով վերցնեն: Չնայած ափսոս է, բայց ուրիշ տարբերակ չեն թողնում, ստիպված պիտի հանձնեմ. դա ոչ շուկա հանելու խաղող է, ոչ էլ հնարավոր է 10 տոննան գինի սարքել»,- ասաց խաղողագործը:

Պետական մի պաշտոնյա այգեգործին օգտակար լինելու համար հորդորել է դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արմավիրի կառույցին, վստահեցնելով, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին նախապատրաստվող այս կուսակցությունը հիմա ցանկացած հարցում շահագրգռված է՝ ժողովրդին օգնել եւ «այն ամենում, ինչում թերանում է իշխանությունը, «Բարգավաճն» անմիջապես ձեռքը դնում է վրան»: Նկատենք, որ ԲՀԿ-ն եւս իշխող կուսակցություն է:

Մթերող կազմակերպությունների՝ այգեգործների հետ պայմանագրեր կապելու խուսափողական պահվածքը, պաշտոնյայի մեկնաբանմամբ՝ «հասկանալ դժվար չէ: Պատկերացրեք՝ Արմավիրի մարզում 250 հեկտար խաղողի այգի միայն Էռնեկյանն ունի: Նրա բերքը պետք է մթերվի, չէ՞, պետք է մթերվի նաեւ նախկին մարզպետ Հերոյանի այգու, նախկին ու ներկա այլ պաշտոնյաների խաղողը: Բա շարքային մարդու համար էլ տեղ կմնա՞»:

Իսկ որպեսզի ամեն տարի թե պետությունը, թե խաղողագործները նման խնդիրների առաջ չկանգնեն, հարկ է, որ «մանր-մունր» խաղողարտադրողներն արանքից դուրս գան: Օրինակ, մարզի Գայ գյուղի խաղողի վերջին՝ 3,5 հեկտարանոց այգին, որը հինգ ընտանիքի ապրուստի միակ միջոցն է, աշնանը կհատվի: Տարիներ առաջ այգու հողի լաբորատոր ստուգումից պարզվել էր, որ այգին վարակված է ֆիլոքսերիայով: Ասել է թե՝ անբուժելի հիվանդ է եւ պետք է կտրվի:

Այգեգործական գրականությունից տեղեկանում ենք, որ ֆիլոքսերիան թրթուր է, որը բնադրում է խաղողի վազի արմատների կամ տերեւների վրա: Վարակված լինելու դեպքում խաղողի վազերը չորանում են:

Գայեցիների այգու դեպքում, լաբորատոր ստուգումն իբր ցույց է տվել, որ վարակը արմատային է, այսինքն՝ գտնվում է հողի մեջ, եւ այգին անպայման պետք է հատվի: Գարնանից այգին կարանտինային գոտի հայտարարվեց, սակայն այն վարակակրի նման չէր՝ եւ կանաչ էր, եւ փարթամ, եւ առողջ բերք ուներ: «Եթե հիվանդ այգի ա, բա ո՞նց չի չորացել, ո՞նց ա, որ ոչ մի գիլա խաղող չի փչացել: Հլա չեն թողել, որ վրան աշխատենք. զոռով-շառով, թաքուն եկել, մի քիչ բզբզացել ենք վազերի վրա: Բա որ 100 տոկոսանոց աշխատանք տանեինք, նորմալ ջրեինք ու պարարտացնեինք, պատկերացնո՞ւմ եք ինչ որակ կլիներ: Եթե իրոք այգին վարակված լինի, ես դեմ չեմ, որ կտրեն. հո էս երկրի թշնամին չե՞մ, բայց որ առողջ է, ինչի՞ են ուզում ոչնչացնել: 40 տարի սրա վրա քրտինք ենք թափել, որ ըսենց հեշտ հրաժարվե՞նք»,- ասաց այգու սեփականատերերից մեկը՝ Ժորա Միրզախանյանը:

Մեկ այլ սեփականատեր՝ Ղազարոս Ինջիղուլյանն էլ ասաց, որ օրեր առաջ հողն ու տերեւները կրկնակի հետազոտման են ենթարկվել եւ ոչ մի վարակ չեն հայտնաբերել: «Բայց կառավարության որոշումը կա, որ պետք է այս բերքահավաքից հետո այգին հատվի»,- ասաց այգեգործը:

Տարօրինակ այս մոտեցումը խաղողագործները բնորոշեցին մեկ բառով՝ բարբարոսություն. «Իրական մրցակցությունից են խուսափում, դրա համար արհեստական վիճակներ են ստեղծում, որ մեր նման խեղճ ու կրակների այգիները վերացնեն, որը հնարավորություն կտա խաղողի բիզնեսը կենտրոնացնելու մեկ-երկուսի ձեռքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել