Լրահոս
Օրվա լրահոսը

Բեմում կրկին անզուգական Լեյլի Խաչատրյանն է

Սեպտեմբեր 18,2010 00:00

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 16-ին նոր՝ 73-րդ թատերաշրջանը բացեց արդեն ավանդույթ դարձած Գ. Գորինի «Հիշատակման աղոթք» ներկայացումով (ռեժիսոր՝ Ալեքսանդր Գրիգորյան): Նախորդ թատերաշրջանի բացումից հետո հիշյալ ներկայացումը տեւական դադար էր «հայտարարել». առողջական խնդիրներ ուներ ՀՀ ժողովրդական արտիստուհի Լեյլի Խաչատրյանը: Այս անգամ էլ դերասանուհու անզուգական խաղը ըմբոշխնեց թատերասերը՝ օվացիաներով: Լ. Խաչատրյանի Գոլդան իր հզոր էներգետիկայով պարզապես կլանում է հանդիսականին՝ ստիպելով վերապրել հերոսուհու ցավն ու տառապանքը: Ռուս անվանի ռեժիսոր Մարկ Զախարովը ժամանակին դիտելով երեւանյան «Հիշատակման աղոթքը»՝ ափսոսանքով ասել է. «Ես այդպիսի Գոլդա չունեմ…»: Ի դեպ, 2011-ին հիշյալ բեմադրության 20-ամյակն է:

«Առավոտի» հետ զրույցում թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդերիկ Դավթյանը նախ կիսվեց իր տպավորություններով, որ ամեն անգամ կուլիսներում, երբ լսում է Գոլդայի հատկապես վերջին մենախոսությունը՝ հուզվում է, նույնիսկ արտասվում:

Տնօրենին խնդրեցինք ներկայացնել, թե ինչ պրեմիերաներ են սպասվում այս խաղաշրջանում: «Մի քանի օրից, սեպտեմբերի 23-ին կկայանա Ռոբերտո Կովոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» ներկայացման առաջնախաղը՝ Նիկոլայ Ծատուրյանի ռեժիսուրայով: Տարվա ընթացքում էլ թատերասերների դատին կհանձնվի Գանա Սլուցկու «Մոլագարը» (բեմադրիչ՝ Ալեքսանդր Գրիգորյան)»: Հետաքրքրությանն էլ, թե երեխաների համար թատրոնի խաղացանկում եղած երկու-երեք ներկայացումների թիվը կավելանա՞ արդյոք, Ֆ. Դավթյանը դժվարացավ պատասխանել, ասաց միայն, որ մանուկներին կմատուցեն անակնկալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել