Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՓՈՒՄՆԵՐ

Սեպտեմբեր 29,2010 00:00

 

\"\"Դիրիժոր Նվարդ Անդրեասյանի նկատառումները

Ստամբուլահայ դիրիժոր Նվարդ Անդրեասյանին հայաստանցի հանդիսատեսը կմտաբերի 1990-ականներից: Այդ տարիներին, որպես հրավիրյալ դիրիժոր, նա հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, հաճախ ղեկավարել Կոմպոզիտորների միության կազմակերպած համերգաշարերը, Ազգային օպերային թատրոնում էլ՝ Տիգրանյանի «Անուշ» եւ Դոնիցետիի «Պողիկտոս» օպերային ներկայացումները:

2000-2005թթ. հայազգի դիրիժորը հանդիսացել է Չինաստանի Թիանջին քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, մինչ այդ՝ 1980-ին Ֆրանսիայում հիմնել է «Պոլիխրոմիա» ժամանակակից երաժշտության անսամբլը, որպես հրավիրյալ դիրիժոր ղեկավարել է Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու կապելլան, Յարոսլավլի պետական սիմֆոնիկը, Վենեսուելայի ֆիլհարմոնիկը եւ այլն:

Տարեսկզբին «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ն. Անդրեասյանը հայտնեց թուրք ճանաչված դիրիժոր Ջեմ Մանսուրի հետ իրենց նախագծի մասին՝ ստեղծել հայ-թուրքական երիտասարդական նվագախումբ:

Այս օրերին դիրիժորը դարձյալ հայրենիքում է եւ ուրախությամբ փաստեց, որ ամռանը ինքն ու կոլեգան Թուրքիայում ղեկավարել են հայ-թուրքական երիտասարդական նվագախմբի համերգները: Տեղեկացրեց, որ Երեւանի պետական կոնսերվատորիայից եւ Գյումրիի մասնաճյուղից ընտրվել է 32, իսկ Թուրքիայի տարբեր քաղաքների կոնսերվատորիաներից՝ 35 երաժիշտ: Հայաստանում կազմակերպչական հարցերով զբաղվել է «Կադանս» պրոդյուսերական կենտրոնը (տնօրեն՝ Նիկա Բաբայան), իսկ Թուրքիայում՝ դիրիժոր Մանսուրը: Նախագիծը հովանավորել է թուրքական «Անատոլու քուլթուր» հիմնադրամը: Նվագախմբի հետ Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումով հանդես է եկել Երեւանի կոնսերվատորիայի ուսանող Հրայր Կարապետյանը (պրոֆ. Էդ. Թադեւոսյանի դասարան), թուրքական կողմից էլ Ուլվի Ճեմալ Էրքինի ջութակի եւ նվագախմբի կոնցերտի կատարումով՝ որպես մենակատար հանդես է եկել Հանդե Քուդենը: Հնչել են նաեւ Բեթհովենի, Բիզեի, Սմետանայի ստեղծագործություններից:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք հայ եւ թուրք երիտասարդների շփումներով: Ն. Անդրեասյանը ներկայացրեց թուրք վալթորնահարի հետեւյալ միտքը. «Երիտասարդ երաժիշտը վերջին համերգից հետո ինձ ասաց՝ հոջամ (այսպես են դիմում պրոֆեսորին), եթե լիներ թուրք-գերմանական կամ այլ ազգի երաժիշտներից բաղկացած նվագախումբ, գուցե այսչափ չձուլվեինք: Թուրք-հայկականի դեպքում պարզապես շաղախվեցինք՝ ընդհանրություններից ելնելով: Օրինակ, դուք համերգների ժամանակ տարբերո՞ւմ էիք՝ ով է հայազգի, ով՝ թուրք…»:

Հետաքրքրությանը, թե թուրքական մամուլն ինչպե՞ս արձագանքեց համերգներին, դիրիժորն ասաց. «Համերգից առաջ մեկ շաբաթ, օրական 6 ժամ տեւող վերջին փորձին Ստամբուլի Cemal Resit Rey համերգասրահի դռները բացվեցին ու ներս մտավ ԶԼՄ շուրջ 70 ներկայացուցիչ: Քաղաքական ոչ մի հարց չհնչեց, որովհետեւ վաղօրոք հայտարարված էր, թե այս նախագիծը ոչ մի քաղաքական նպատակ չի հետապնդում, եւ կոչված է մշակույթի միջոցով մերձեցնելու երկու երկրների երիտասարդներին: Թուրք ճանաչված ջութակահար Ջիհաթ Աշքընը հարցազրույցներից մեկում ասել էր՝ եթե ես վաղօրոք չիմանայի, որ նվագախմբի մի մասը հայ է, մյուսը մեր երաժիշտներն են, ապա այդպես էլ չէի կռահի, որովհետեւ նվագախումբը ընդհանրապես համախոհների միություն է, ամբողջական օրգանիզմ…»:

Հարցին՝ առաջիկայում սպասվո՞ւմ են նվագախմբի ելույթները Հայաստանում, Ն. Անդրեասյանը պատասխանեց. «Այո, բայց մի փոքր ուշ, քանի որ ուշ ենք դիմել Հայաստանում գործող օտարերկրյա կազմակերպություններին ու դեսպանատներին, որոնք շահագրգռված են երկու երկրների մշակութային մերձեցմամբ…»: Իսկ ինչո՞ւ չդիմել Հայաստանի իշխանություններին: «Սա ոչ պետական նախագիծ է»,- հետեւեց դիրիժորի պատասխանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել