Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՈՒԴԻՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ «ՏԵՍՆՈՂ Է ԵՂԵԼ»

Հոկտեմբեր 01,2010 00:00

\"\"Սակայն հանրությանը դրանք այդպես էլ չեն ներկայացվում, որ պարզ լինի, թե թվայնացման հետեւանքով ինչո՞ւ են կրճատվելու մեր հեռուստաալիքները:

Հեռարձակման թվային համակարգի անցման միջազգային փորձի վերաբերյալ երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կազմակերպած սեմինարն առիթ դարձավ փորձելու հերթական անգամ ճշտել անպատասխան մնացած որոշ հարցեր:

Հայտնի է, որ մինչ այժմ էլ չեն հրապարակվել հաճախությունների այն աուդիտի արդյունքները, որոնք վկայակոչվում են հեռուստաալիքների քանակի ապագա կրճատումը պատճառաբանելիս: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագաh Աշոտ Մելիքյանը երեկ սեմինարի ընթացքում հիշատակեց, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ տեղեկություն ստանալու հարցմամբ դիմել են հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին՝ խնդրելով տրամադրել Հայաստանի հեռուստառադիոհեռարձակման հաճախականությունների իրականացված աուդիտի արդյունքները: Մտավախությանն ի պատասխան, թե պատճառաբանելով ընթացիկ քննարկումները՝ աուդիտի արդյունքներն այդպես էլ չեն տրամադրվելու, քննարկմանը ներկա միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Սիմոն Աղաջանյանն ասաց. «Եթե հավատում եք՝ կարծում եմ, հավատում եք, ես ինքս տեսել եմ աուդիտի արդյունքները: Դրանք կանադական մի ընկերություն է իրականացրել: Արդյունքները բաղկացած են 102 էջից՝ նույնիսկ էջերի քանակն ասեմ»: Այլ մանրամասներ էլ պատմեց աուդիտի մասին. «Կա, թե բարձր հաճախությունների՝ տասնյակ մեգահերցերից մինչեւ մի քանի տասնյակ կիլոհերցերի տիրույթում ինչպես պետք է բաշխվի, ինչ նպատակների համար»: Սակայն «լավ է մի անգամ տեսնել, քան 100 անգամ լսել» սկզբունքով առաջնորդվողներին գոնե առայժմ հիասթափություն է սպասվում, քանի որ արդյունքներն իրոք դեռ քննարկվում են: Պատճառաբանելով ամիսներ ձգվող այս քննարկման իմաստը՝ պրն Աղաջանյանն ասաց. «Այնտեղ կան բազմաթիվ հաճախային տիրույթներ, որոնք տրամադրվելու են տարբեր նպատակների համար՝ կլինեն պաշտպանական խնդիրներ, նավիգացիոն խնդիրներ եւ այլն: Այսինքն՝ ամբողջ աուդիտի արդյունքները պետք է քննարկվեն: Դրանք կդրվեն նախարարության կայքում եւ կտրամադրվեն բոլոր շահագրգիռ հ/կ-ներին»:

Բնական էր, որ այս պնդումներին պիտի արձագանքեր «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը. «Ըստ այս հայտարարության՝ նոր է աուդիտ անցկացվել Հայաստանում, եւ ինչպես հասկացա՝ խճճվել եք մեգահերցերի, կիլոհերցերի եւ գեգահերցերի մեջ: Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել 10 տարվա անընդմեջ հայտարարությունները, թե Հայաստանում ազատ հաճախություններ չկան, եղածն էլ բաժանված է: Ո՞ր հաճախություններն են բաժանվել՝ առանց աուդիտ անցկացնելու, եւ ինչո՞վ էր զբաղվում ՀՌԱՀ-ն այս վերջին 10 տարվա ընթացքում»: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխանեց, թե աուդիտ անցկացնելը չի նշանակում, թե անպայման պիտի բացահայտումներ լինեն հեռարձակման հաճախությունների դաշտում: Եվ վերստին կրկնեց արդեն բազմիցս հնչած փաստարկը, թե հաճախությունների ցանկն իրենց է տրամադրում հեռահաղորդակցության եւ կապի լիազոր մարմինը. «Եվ եթե հանձնաժողովին ասվում է, թե սա՛ է մեր ունեցած հաճախային մատչելի ռեսուրսը՝ պիտի պարզ գիտակցեք, որ ՀՌԱՀ-ն աուդիտ չպիտի անցկացնի եւ պիտի մրցութային կարգով տրամադրի բացառապես այն, ինչ տրամադրվել է իրեն հետագա բաշխման համար»:

«Առավոտն» էլ փորձեց ստանալ կայանալիք մրցույթների վերաբերյալ մի հանելուկի պատասխանը: Այն է՝ ինչո՞ւ է ՀՌԱՀ-ը մրցույթների մասնակիցների ցանկն իր կայքէջում հրապարակելու հոկտեմբերի 22-ին՝ 2 օր անց այն բանից հետո, երբ ավարտվելու է հայտերի եւ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետը: Հարցին, թե ինչպե՞ս է ՀՌԱՀ-ը պատրաստվում օգտագործել այդ 2 օրը՝ Գրիգոր Ամալյանը նախ պատասխանեց, թե հայտերի ընդունման ժամկետն ավարտվում է աշխատանքային օրվա ավարտին. «Պիտի հաշվի առնեք, որ հանձնաժողովը պետք է ունենա աշխատանքային գոնե մեկ օր՝ հաշվելու, թե քանի մասնակից կա, քանի ժամ է պետք, որպեսզի մենք ունենանք լսումների ժամանակացույցը: Ես հասկանում եմ ձեր մտավախությունները եւ կասկածները, ինչպես նաեւ հասկանում եմ, որ այդպիսիք չպիտի լինեն՝ շատ պարզ արարողակարգ է»: Վերստին ճշտեցինք, թե փաստորեն ՀՌԱՀ-ին թեկուզ ողջ մի օր է հարկավո՞ր մասնակիցներին հաշվելու համար (ինչը թվում էր, թե կարելի է անել մի քանի րոպեների ընթացքում), եւ ստացանք հաստատական պատասխան:

Հ. Գ. Քննարկման առարկա դարձավ նաեւ ՄԻՊ ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը պետք է ավարտին հասցնի հեռարձակման թվայնացման գործընթացի օրենսդրական կարգավորման աշխատանքները: Այս թեմային կանդրադառնանք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել