Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՏԳԻՏՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՂԱՎԱՂՈՒՄ

Հոկտեմբեր 14,2010 00:00

\"\"Ըստ որոշ մասնագետների, հուշարձանների տեղեկատվական ցուցանակները հակահայկական տարրեր են պարունակում

«Սարդարապատ» շարժման Այլընտրանքային խորհրդարանի մշակութային հանձնաժողովը երեկ հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի մի շարք պատմաճարտարապետական հուշարձանների մոտ տեղադրված տեղեկատվական ցուցանակներում բազմաթիվ պատմագիտական, ուղղագրական սխալների, չստուգված տվյալները որպես ստույգ ճշմարտություն ներկայացնելու մասին: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ժողովրդական վարպետ, «Կենաց տուն» մշակութային կազմակերպության ղեկավար Լալա Մնեյանն ասաց, որ ոչ բոլոր ցուցանակների «մասով» են ուսումնասիրություն իրականացրել, իսկ ուսումնասիրվածների մեծ մասում՝ Հաղպատում, Նորավանքում, Ախթալայում, Սեւանավանքում եւ այլուր տեղադրված ցուցանակներում սխալները բազմաթիվ են: Հայտարարության հեղինակների կարծիքով, դրանք ունեն որոշակի ուղղվածություն՝ աղավաղում են ոչ միայն տվյալ հուշարձանի, այլեւ հայոց պատմությունը, անտեղի քարոզում այլ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը: Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ բոլոր ցուցանակներն ունեն հակահայ միտվածություն եւ ծառայում են ոչ օբյեկտիվ քարոզչության: Լ. Մնեյանը նշեց, որ բացի ճչացող սխալներից, ցուցանակների մեծ մասում հուշարձանների նկարագրությունը ծանրաբեռնված է հաճախ տվյալ հուշարձանի ու դրա պատմության հետ կապ չունեցող ավելորդ տեղեկատվությամբ: Բերելով կոնկրետ օրինակներ՝ Լ. Մնեյանը առանձնացրեց Հաղպատի վանքը, որի ցուցանակում, խոսելով Սայաթ-Նովայի մասին, նշվում է. «Բանաստեղծություններ եւ երգեր գրելու, ինչպես նաեւ քամանչա նվագելու շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերում վրաց Հեռակլ թագավորի (Հերակլի փոխարեն- Լ. Խ.) արքունիքում, ուր նա դիվանագիտական աշխատանքի էր ընդունվել որպես պալատական՝ օգնելու համաձայնագրեր կնքել 3 մրցակից թագավորությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի (Ալբանիա) եւ Վրաստանի միջեւ»: Այս մասին տիկին Մնեյանը հայտնեց. «Ի՞նչ Ադրբեջանի կամ Ալբանիայի մասին է խոսքը, երբ այդպիսի պետություններ այն ժամանակ չկային, իսկ Ադրբեջանը գործածության մեջ դրվեց 1918 թվականին՝ բոլշեւիկների անմիջական նախաձեռնությամբ: Ալբանիա պետությունն էլ գտնվում է Եվրոպայում…»: Մեկ այլ օրինակ էլ վերաբերում էր Նորավանքի մասին ցուցանակին, որտեղ չի նշվում Մոմիկի՝ հայ ճարտարապետության մեջ ունեցած դերի ու հայ ճարտարապետության ավանդույթի կրող լինելու մասին: Դրա փոխարեն շեշտվել է եվրոպական ազդեցությունը: «Այդ ցուցանակից Մոմիկի մասին չիմացող մարդը կարող է կարծել, որ Մոմիկի միակ շնորհքը եվրոպականից էր եկած, այսինքն՝ եթե նա հանկարծ Հայաստանում մնար, Կիլիկիա չգնար, եվրոպական ճարտարապետությանը չծանոթանար, հնարավոր չէր, որ կարողանար նման հանճարեղ ստեղծագործություններ ստեղծել»,- նշեց Լ. Մնեյանը:
Տոմարագետ Գրիգոր Բրուտյանի կարծիքով էլ. «Թեթեւ ձեռքով մեր հարեւաններին տալիս ենք այն, ինչի մասին նրանք միայն կարող էին երազել»: Նա հույս ունի, թե ցուցանակներում արված սխալները միտումնավոր չեն. «Դրանք անգիտության եւ ոչ ճիշտ կադրային քաղաքականության արդյունք են: Սխալները խոսում են հեղինակների ցածր մակարդակի մասին, մեկ էջով հուշարձան ներկայացնողը պետք է լինի ամենայն պատրաստվածությամբ մասնագետ, այստեղ դրա հոտն էլ չի գալիս, այդ ցուցանակները թողնում են ուսանողական կուրսայինի տպավորություն, համացանցից քաղած կցկտուր տեղեկությունների հանրագումար, որը մատուցվում է որպես հուշարձանը նկարագրող լիարժեք տեղեկություն»: Գ. Բրուտյանը գտնում է, որ հուշարձանների պարագայում պետք է լինի պետական վերաբերմունք, իսկ ցուցանակները չպետք է հակասեն պետության տեսակետներին: Նրա կարծիքով, պետական տեսակետը արտահայտված է հանրագիտարանում, որտեղից էլ կարելի է օգտվել ցուցանակների բովանդակությունը կազմելիս: Նա նաեւ գտնում է, որ վերահսկողություն է պետք նաեւ հուշարձանների վերականգնման ձեւի ու որակի առումով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել