Լրահոս
Օրվա լրահոսը

Ադիբեկյանով համեմված ասուլիս

Հոկտեմբեր 21,2010 00:00

Ըստ ռուսահայ գործչի՝ Հայաստանի տնտեսությունն այսօր մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում է, եւ սփյուռքը ավելի ու ավելի է հիասթափվում այդ վիճակից:

Երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում ՌԴ սփյուռքահայ կազմակերպությունների կոմիտեի նախագահ, համառուսաստանյան միության ղեկավար Վարդան Մուշեղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետք է խոսեր սփյուռքի խնդիրների մասին: Մինչ նրա ներկայանալը, Սփյուռքի նախարարության հրատարակած գրքերը «շալակած»՝ մամուլի սրահում հայտնվեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա լրագրողներիս խնդրեց թերթել իր բերած գրքերը: Նաեւ չմոռացավ շեշտել, որ դրանք Սփյուռքի նախարարի տրամադրած միակ օրինակներն են՝ վերցնել ոչ մի դեպքում չի կարելի: Ինչպես պարզվեց, Ահարոն Ադիբեկյանը համագործակցում է Վարդան Մուշեղյանի հետ եւ լրագրողներին նախապես տեղեկացրեց. «էստեղ չենք եկել քննադատելու, նայեք այս գրքերը, որպեսզի պատկերացում ունենաք, թե ինչ գործ է անում Սփյուռքի նախարարությունը»:
Իսկ Վարդան Մուշեղյանը գտնում է, որ այսօր Հայաստանը չի կարողանում լիովին օգտագործել սփյուռքի ներուժը՝ իր պետականությունն ամրացնելու, տնտեսությունը զարգացնելու գործում, որովհետեւ, ըստ նրա. «Մեր պետականությունն այսօր սաղմնային վիճակում է եւ իր մոդելով դեռեւս չի կայացել, սփյուռքն այդ բացասական ազդեցությունը զգում է: Հայաստանի տնտեսությունն այսօր մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում է: Չեն ուզում մրցակցություն տեսնել, ամեն մեկը որոշել է՝ այս տարածքն իմն է, մյուսը՝ նրանը: Ինչքա՜ն ազատ անշարժ գույք կա, պետք է բարձրացնել չօգտագործվող անշարժ գույքի հարկը, որպեսզի դրանց տերերը ստիպված լինեն օգտագործել, աշխատեցնել»: Բանախոսը վստահեցրեց, որ Ռուսաստանում, Եվրոպայում եւ մնացած բոլոր հայաշատ երկրներում այսօր կա հայկական հսկա կապիտալ, իսկ Ռուսաստանում, բացի Ռուբեն Վարդանյանից ու Սամվել Կարապետյանից, կան շատ գործիչներ ու ռեսուրսներ: Պարոն Մուշեղյանի կարծիքով, 90-ական թվականներից հետո ոչինչ չի փոխվել, նույնիսկ ՀՀ Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո ոչ մի դրական շարժ չկա. «Կոռուպցիան կա, մեր ազգը խեղդվում է: Վերջին տարիներին ներդրումները քչացել են, համոզված եմ՝ ներդրումների ծավալն այն չափի չէ, ինչ ներկայացվում է»: Նրա կարծիքով, Հայաստանում առաջին հերթին պետք է ստեղծել այնպիսի օրենսդրություն, որը հնարավորություն կտա դրսի հայերին համարձակ կերպով ներդրումներ անել եւ հույս ունենալ, որ այդ ներդրումներն ապագա կունենան. «Սփյուռքը սկսում է այս վիճակից ավելի ու ավելի հիասթափվել»,- ահազանգեց Վարդան Մուշեղյանը: Ասուլիսին ներկա Սփյուռքի նախարարության ներկայացուցիչն էլ անընդհատ հարցեր էր տալիս, թե արդյոք Վարդան Մուշեղյանը տեղյա՞կ է Սփյուռքի նախարարության ձեռնարկներից: Հավանաբար պարոն Ադիբեկյանի եւ ասուլիսին ներկա Սփյուռքի նախարարության ներկայացուցչի ներկայությունն էր ստիպում, որ պարոն Մուշեղյանը շուրջ 40 րոպե խոսեր ընդհանուր երեւույթներից, Հայաստանում ազգային փոքրամասնությունների՝ պաշտպանված չլինելուց, անընդհատ հերքեր ասածները ու որեւէ կոնկրետ պատասխան լրագրողների հարցերին չտար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել