Լրահոս
Օրվա լրահոսը

Կազնատին՝ հուշարձանների մասին

Հոկտեմբեր 21,2010 00:00

Հայաստանում շատ հուշարձաններ կան, որոնք այլեւս հնարավոր չէ վերականգնել: «Առավոտի» հետ զրույցում ասաց իտալացի վերականգնող Գայանե Կազնատին, ով տարիներ շարունակ օտարերկրացի վերականգնողների խմբում աշխատել է հայկական վանքերում: «Սխալ վերականգնման արդյունքում շատ հուշարձաններ այլեւս վերանորոգել հնարավոր չէ»,- նշեց նա: Փորձագետը նաեւ նկատեց, որ տարիներ տեւող հուշարձանների վերականգնման աշխատանքները զարմանալիորեն չեն ավարտվում, որովհետեւ, ըստ նրա. «Միշտ նվազում է համապատասխան ֆինանսավորումը: Արդյունքում՝ աշխատանքները կիսատ են մնում»:
Տիկին Կազնատին նշեց, որ թեեւ արտասահմանցի որոշ վերականգնողներ արդեն հասցրել են խաբված հեռանալ Հայաստանից (մշակույթի նախարարությունն աշխատեցրել ու չէր վճարել), բայց նոր մասնագետներ շարունակում են այցելել ու համագործակցել: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով՝ առաջիկայում մի կրթօջախ է ստեղծվելու, որտեղ հայ ճարտարապետներն ու հուշարձաններ վերականգնողները կվերապատրաստվեն. «Հայ մասնագետները այժմ չունեն ժամանակակից մոտեցում վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար, դա շատ կարեւոր է»:
Գայանե Կազնատին Մարմաշենի վանքում ամրացման աշխատանքներին է մասնակցել, նաեւ Համաշխարհային բանկի առաջարկով ուսումնասիրություններ անցկացրել Տաթեւի վանքում: «Հիմա վանքի ներքեւում գտնվող ժայռն ուսումնասիրելու առաջարկ եմ ստացել, մտավախություն կա, որ այն վանքի ամրությունը վտանգի տակ է դնում: Հնարավոր է, որ այն առաջիկայում համաշխարհային հուշարձանների ցանկի մեջ ներառվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել