Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՅԺՄ ԹԵՅ ՉԽՄԵՑԻՆ

Հոկտեմբեր 30,2010 00:00

\"\"«Հայաստան գալով մենք ուզում էինք, որպեսզի ԱԳՆ-ում մեզ մեկ բաժակ սուրճ հյուրասիրեն, սակայն մեր սիրտը կոտրված է»,- «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ Երեւանում լրագրողներին ասել է «Հզոր Թուրքիա» թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թունա Բեքլեւիչը: Նա ընդգծել է, որ իր հետ Երեւան է բերել հայ-թուրքական սահմանի բացման ծրագիրը, որը թուրքական պատվիրակությունը մտադիր էր քննարկել Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Նրա խոսքով, եթե այցի ընթացքում պատվիրակությանն, այնուամենայնիվ, հաջողվի հանդիպել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ, ապա նրանք ՀՀ ԱԳՆ տեսակետը կհաղորդեն Թուրքիայի իշխանություններին: Երեկ նա հայտարարել է, որ չեն այցելի Ծիծեռնակաբերդ։ «Մենք չենք ուզում, որ հայ-թուրքական սահմանի բացումը, ինչի համար եւ այստեղ ենք, առնչվի այս թեմայի հետ։ Առաջ Աստված, սահմանի բացումից հետո մի բաժակ թեյի շուրջ կքննարկենք նաեւ Հայոց ցեղասպանության հարցը»,- հավատացրել է Բեքլեւիչը։
Երեկոյան ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի եւ փոխնախագահ Բայբարս Օրսեկի կողմից ս.թ. հոկտեմբերի 11-ից տարբեր, այդ թվում էլեկտրոնային լրատվամիջոցներով, հայտարարություններ էին տարածվում, որ իրենք ոտքով անօրինական հատել են ՀՀ պետական սահմանը՝ նպատակ ունենալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: ՀՀ ԱԱԾ եւ Հայաստանում ՌԴ ԴԱԾ ՍՎ հետ համատեղ ձեռնարկվել էին համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում օտարերկրացիների հայտարարությունները՝ հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու վերաբերյալ, չեն հաստատվել: Ս.թ. հոկտեմբերի 28-ին Թունա Բեքլեւիչը եւ Բայբարս Օրսեկը օրինական ճանապարհով, Բագրատաշենի անցակետով, ժամանել են Հայաստան, եւ հաջորդ օրը, «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, Բեքլեւիչը վերահաստատել է, որ իրենք հոկտեմբերի 11-ին ոտքով հատել են հայ-թուրքական սահմանը: Վերոնշված հայտարարությունների առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար ս.թ. հոկտեմբերի 29-ին Թ. Բեքլեւիչը եւ Բ. Օրսեկը հրավիրվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք, ուր հայ- թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չկարողացան ներկայացնել: Թ. Բեքլեւիչը եւ Բ. Օրսեկը նախազգուշացվել են, որ նման վարքագիծը եւ անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են, եւ նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել