Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունները նենգափոխվո՞ւմ են

Մարտ 30,2011 00:00

Աշոտ Նավասարդյանի զինակից արմավիրցիների պատասխանը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին

«Առավոտի» փետրվարի 23-ի համարում հատվածներ էին հրապարակվել ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի երեք անդամների՝ ՀՀ նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ուղղված, բայց ինչ-ինչ պատճառներով հասցեատիրոջը չհասած «բաց նամակից»: Նամակագիրները դժգոհ էին, որ Հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը հրավիրված չի եղել «Աշոտ Նավասարդյանին ազգային քաղաքական ասպարեզ ներգրաված Պարույր Հայրիկյանը: Մինչդեռ սպասելի էր, որ, որպես Նավասարդյանի առաջին ուսուցիչ եւ առաջնորդ, Հայրիկյանին ոչ միայն պատվավոր տեղ տրվեր, այլեւ նա ազդարարվեր միջոցառման պատվավոր հյուր»,- նշված է նամակում: «Բայց միջոցառմանը հրավիրված չլինելը չէր կարող պատճառ դառնալ այնպիսի նամակի, որով փորձ է արվում աղավաղել Անկախության բանակի եւ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի գործն ու նենգափոխել փաստերը»,- ի պատասխան «բաց նամակի», իրենց անհամաձայնությունն արտահայտեցին Նավասարդյանի գաղափարակից ու մարտական ընկերներ, Արմավիրի մարզի բնակիչներ Արթուր Եղիազարյանն ու Ատոմ Ավետիսյանը: «Թե ինչ քաղաքական նպատակ է հետապնդում այդ նամակը, որ, իբր, բացահայտում է պատմական ճշմարտություններ, չեմ հասկանում: Եթե Հայրիկյանը դրանով ինչ-ինչ հարցեր է ուզում լուծել, ապա դա այդպես չեն անում: Աշոտը, օրինակ, իր ընկերներին վերաբերող «մանրամասները» երբեք ջրի երես չէր հանի»,- ասաց Անկախության բանակի նախկին զինվոր Արթուր Եղիազարյանը: Անդրադառնալով նամակում հիշատակված՝ Նավասարդյանին Անկախության բանակի հրամանատարի պարտականություններից, ինչպես նաեւ ԱԻՄ խորհրդի կազմից հեռացնելու՝ Հայրիկյանի պնդումներին, թե իբր Մովսես Գորգիսյանի մահից հետո անկախության հանրաքվեի գաղափարի վերաբերյալ պահանջով նստացույց սկսածների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար է դա արել, Արթուր Եղիազարյանը ասաց. «Պարույր Հայրիկյանի կուսակիցներն այդ ժամանակ ինչ-որ նամակ ուղարկեցին Միացյալ Նահանգներում գտնվող աքսորյալ Հայրիկյանին, որն էլ հեռվից կարգադրեց նստացույց կազմակերպել Օպերայի հրապարակում, իսկ Անկախության բանակն արդեն սահմաններում էր: Հայրիկյանի կարգադրությունից հետո Նավասարդյանը հավաքեց տղաներին, փոխանցեց պահանջը, ավելացնելով՝ ովքեր ուզում են, թող նստեն նստացույցի, իսկ ովքեր չեն ուզում, թող դառնան անկախության զինվորներ: 99 տոկոսը ընտրեց զենքն ու գնաց սահման: Այդ թվում եւ՝ ԱԻՄ անդամները: Դրանից հետո Պարույր Հայրիկյանը կոչ արեց, իր հրամանները չկատարողի հրամանները չկատարել, նկատի ունենալով Աշոտ Նավասարդյանին»:

Անկախության բանակի տղաներին զարմացրել էր նաեւ Հայրիկյանի՝ Աշոտին վերագրած «նստացույց սկսածների նկատմամբ անհարգալից» արտահայտությունը: «Աշոտին ճանաչողները՝ հաստատ դրան չեն հավատա: Նա այնքան զուսպ ու հավասարակշռված մարդ էր, որ ոչ մի դեպքում իրեն թույլ չէր տա զինակիցների նկատմամբ անհարգալից լինել: Ոչ մի անգամ չեմ լսել, որ իր ընկերների հասցեին՝ լինեին նրանք ԱՄԿ, ԱԻՄ, թե Անկախության բանակից, անվայել արտահայտվեր: Հայրիկյանին հարգելով հանդերձ, չեմ կարողանում հասկանալ նրա անհարկի պոռթկման դրդապատճառը: Մի՞թե կարելի է ինչ-որ կուսակցության տարեդարձին հրավեր չստանալու համար այդքան չարանալ եւ «պատմական ճշմարտություններ» ի հայտ բերել»:

17 տարեկանից Անկախության բանակին զինվորագրված Ատոմ Ավետիսյանը, ով հայտնի է «Բոցման» մականունով, ասաց, որ պատրաստ է ամեն կերպ պաշտպանել Աշոտին, եթե որեւէ մեկը կհամարձակվի մրոտել նրա մաքուր անունը: «Եթե Հայրիկյանի ասելով ինքն Աշոտին արդեն ազատել էր Անկախության բանակի հրամանատարի պարտականություններից եւ հեռացրել ԱԻՄ խորհրդի կազմից, ինչո՞ւ պիտի Նավասարդյանը զանգեր Նահանգներ եւ իր նկատմամբ անվստահություն հայտնած Հայրիկյանից կարծիք հարցներ: Որտե՞ղ է տրամաբանությունը: Չե՞ք կարծում, որ ինչ-որ բան այստեղ սահուն չի մտածել»,- նկատեց Արթուր Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել