Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետն «ավելորդ» խոստումներ չտվեց

Ապրիլ 07,2011 00:00

Գյումրիի ավերակ փողոցներն այդպես էլ ավերակ են մնալու, վթարային շենքերը մի օր փլուզվելու են, իսկ սողանքները Առափիի բնակիչներին տնավեր են անելու:

Երկրում սոցիալական լարվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով կառավարությունը մարզերին պահուստային ֆոնդից 10 մլրդ դրամ է հատկացրել, որից Շիրակի մարզին բաժին է հասել 1մլրդ 320 միլիոնը: Սեփական աչքով տեսնելու համար, թե ինչպես են մարզի չինովնիկները պատրաստվում օգտագործել պետական փողերը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ուղեկցությամբ երեկ եղավ Շիրակի մարզի մի քանի կրթական հաստատություններում՝ Գյումրիի գեղարվեստի ուսումնարանում, թիվ 15 դպրոցում, Մայիսյանի մշակույթի տանն ու Համաշխարհային բանկի միջոցներով կառուցվող առողջապահական կենտրոնի շինհրապարակում: Գեղարվեստի ուսումնարանը հարյուր տարվա կառույց է, որը, տնօրեն Ալբերտ Պետրոսյանի ներկայացմամբ, տանիքի, ջեռուցման ու սանհանգույցի խնդիրներ ունի: Թիվ 15 դպրոցում էլ գույքն է հին, մարզադահլիճն ու նիստերի դահլիճը նորմալ վիճակում չեն, որոնց վերանորոգման համար փաստորեն բաժին պետք է հանվի կառավարության տրամադրած պահուստային ֆոնդից: Քանի որ փոխվարչապետը լրագրողներին հավաստիացնում էր, որ փողի խնդիր չկա, իրականացվող բոլոր պետական ծրագրերի ֆինանսական աղբյուրները հստակ են, ուստի նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նախատեսված գումարից բաժին չի հանվում Գյումրիի քարուքանդ փողոցներին: Լրագրողների այն դիտարկմանը, թե անհարմար է, չէ՞, որ 2-րդ քաղաքը ոնց որ երկրորդական լինի, քանի որ քաղաքի փողոցներով անցնել չի լինում, անընդհատ կարկատաններ են գցում ու յոլա գնում, փոխվարչապետն ասաց. «Այս պահի դրությամբ նմանատիպ ծրագիր չկա, ֆինանսավորում չկա, եւ նմանատիպ հարցեր կան ոչ միայն Գյումրիում, ցավոք՝ քաղաքային մյուս համայնքներում եւս: Ես վերջին 20 օրը բավականին ինտենսիվ շփվում եմ, այցելում, էնպես որ՝ եղած հնարավորությունների շրջանակներում դեռ պետք է բավարարվենք, եւ եթե ես չեմ սխալվում՝ էս հրատապ ծրագրով որոշակի միջոցներ նախատեսված են»:
Լրագրողների մեկ այլ դիտարկմանն էլ, թե ընդամենը 4 փողոց է նախատեսված, ընդ որում՝ ոչ ամբողջական, այլ մասամբ, փոխվարչապետը մխիթարեց. «Դե հիմա, ուրիշ քաղաքներում դա էլ չկա: Նախորդ տարիներին քննարկում էինք նաեւ տանիքների հարցը, ճի՞շտ ա: Հիմա տանիքների հարցը ոչ միայն Գյումրիում է, այլեւ Աշոցքում, Մարալիկում, Արթիկում է եւ այլն, հիմա բոլորը կենտրոնացնենք Գյումրիի վրա՝ հասկանալի չի լինի, թե մյուս բնակավայրերի համար ինչ պետք է անենք»: Փոխվարչապետը խոստումներ չտվեց նաեւ Գյումրիի երկրաշարժից վթարային դարձած շենքերի բնակիչներին: Այստեղ էլ նա հիշեցրեց, որ հո մենակ Գյումրի՞ն չէ: «Ցավոք, վթարայիններ ոչ միայն Շիրակում են, այլեւ ողջ հանրապետությունում, այսօր 4-րդ կարգի վթարային շենքեր ունենք, որտեղ 1800-ից ավելի ընտանիք է բնակվում, եւ այդ շենքերի հարցը լուծելու համար բավականին մեծ միջոցներ են պահանջվում: Այդ միջոցների աղբյուրները դեռեւս չկան, եւ դա նշանակում է՝ մինչեւ էդ աղբյուրները չլինեն, կոնկրետ խոստումներ տալը՝ բնակչությանը ընդամենը թյուրիմացության մեջ գցել է: Հիմա այս պահի դրությամբ առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ մենք պետք է լուծենք անօթեւանների բնակարանային ապահովման խնդիրը, զուգահեռ՝ կառավարությունում քննարկում ենք նաեւ սոցիալական բնակարանային ֆոնդ ձեւավորելու ծրագիրը, քանի որ սոցիալապես անապահով ընտանիքները, մանկատների սաները, փախստականները բնակարանային ապահովման խնդիր ունեն»: Նա ավելորդ հույսեր չտվեց նաեւ սողանքներից ահուսարսափի մեջ ընկած Առափիի գյուղացիներին, որտեղ անցած շաբաթ սարը շարժվել էր դեպի մարդկանց տները: Ըստ նրա, սողանքների դեմ պայքարել հնարավոր չէ, քանի որ դա բնության գործն է, այլ հարց է, որ պետք է նստել ու մտածել այդ գոտիներում գտնվող բնակչությանը տարհանելու մասին: Փոխվարչապետը այս հարցում էլ հիշեցրեց, որ, Շիրակի մարզից բացի, սողանքային գոտիներ կան Վայոց ձորում, Սյունիքում, Իջեւանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել