Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՏԻԿԸ «ԽՈՊԱՆ» Է ԳՆՈՒՄ

Ապրիլ 07,2011 00:00

Նոյեմբերյանի բնակիչ Անուշ Ամիրաղյանը պարապությունից, զայրույթից, մի քիչ էլ կարիքից դրդված՝ դարձել է բարձրակարգ շինարար ու հմուտ վարպետ:

Միշտ ծիծաղկոտ է, կատակը շուրթերին: Միգուցե նրանից է, որ ապրիլի 1-ին է ծնվել: Ասում են, որ նա հումորի զգացումն ու կատակասիրությունը հորից՝ «Գարդ Արտոյից» է ժառանգել, ում կատակներն առասպելներ են դարձել: Նոյեմբերյանի բնակիչ Անուշ Ամիրաղյանը դերասանուհի է, երգչուհի, ռադիոհաղորդավար, ծեփագործ, ներկարար, որմնադիր…
Դպրոցն ավարտելուց հետո 17 տարեկանում ամուսնացավ: Ամուսինը՝ Արտոն, նվագում է երաժշտական բազում գործիքներ, լավ շինարար է: Անուշն ու Արտոն Նոյեմբերյանի ժողովրդական թատրոնում մի շարք ներկայացումներում են խաղացել՝ «Ստախոս կանանց ամուսինները», «Լույսի մարդը», «Շրջազգեստով ամուսինները» եւ այլն: Միշտ չէ, որ նրանք բեմում սիրահարներ կամ ամուսիններ են եղել:
Անուշը 1980 թվականից Նոյեմբերյանի մշակույթի տանը հրահանգիչ էր աշխատում, հետո՝ անչափահասների գծով մեթոդիստ: 1995-ին՝ հաստիքների կրճատման պատճառով նա ազատվեց աշխատանքից: Երկու տարի հաղորդավար էր շրջանային ռադիոյում: Դրա փակումից հետո՝ մինչեւ 2002 թվականն աշխատեց Տավուշի մարզպետարանի տարածքային բաժնում: Ամուսինն այդ ժամանակ «խոպան» էր գնում Ռուսաստան: 2001 թվականի ամռանն արձակուրդ վերցնելով՝ մեկնեց ամուսնու մոտ՝ Օրյոլ: Որոշեց այդ ընթացքում պարապ չմնալ, մի քիչ գումար վաստակել՝ չափագրում էր այլոց կատարած աշխատանքները, տվյալները մուտքագրում համակարգչի մեջ: «Տեսա, որ «մալյարները» ինձնից երեք անգամ ավելի են վաստակում, զայրացա»,- ասում է Անուշ Ամիրաղյանը: Ու թեեւ կյանքում շինարարական աշխատանքներ չէր արել, զգում էր եւ վստահ էր, որ կարող է ծեփել, մածիկապատել: Վստահության արմատները մանկական տարիներում էին. հայրը նկարում էր, քանդակներ կերտում, իսկ ինքը հորից շատ գծեր էր ժառանգել:
Սկզբից Անուշը վարպետի օգնական էր, իսկ ընդամենը մեկ ամիս անց վարձատրվեց վարպետներին հավասար: Հիմա նա ամենաբարձր՝ 5-րդ կարգի «եվրոռեմոնտչիկ» է շինարարական մի ֆիրմայում, ուր աշխատում է նաեւ ամուսինը: Անուշը տարբեր աշխատանքներ է կատարում. 15մ բարձրության վրա երկար ձողով հարթեցնում է առաստաղի ծեփը, սալիկներ շարում, հղկում, մածիկապատում, բնական քար, մանրատախտակ, լամինատ շարում, դռներ ու լուսամուտներ տեղադրում… Երբեմն նաեւ ծանր գործ է անում՝ 35 կիլոգրամանոց պարկերը կառուցվող շենքի առաջին հարկից վերեւ բարձրացնում: Սակայն ամեն գործ, թեկուզ դժվարին, կատարում է քնքշությամբ եւ ճաշակով: «Տանն աղջիկս՝ Հայարփին, տեսնելով, թե ինչ թեթեւությամբ եմ վերանորոգում, ասաց, թե խաղ եմ անում: Իրականում ես ամեն գործ, թեկուզ դժվար, հաճույքով եմ կատարում»,- մասնագիտական «գաղտնիքն» է բացահայտում 49-ամյա կինը:
Անուշին ռուս գործընկերները մտերմաբար Անյա, Անուշկա են կոչում: Ներքին հարդարման աշխատանք կատարողների նրանց բրիգադում 75 հոգուց 5-ը կին է: Անուշը ժպիտով է հիշում, թե ինչքան էր զայրանում, երբ ռուս կանայք որեւէ անհաջողության դեպքում հայհոյում էին: «Տատյանա Իվանովնա, ինչո՞ւ եք հաճախակի հայհոյում»,- չդիմանալով՝ մի անգամ հարցրեց Անուշը: «հՑՐՏՌՑպսՖ ոպջ ՎՈՑՈ, ՍՈՍ րՏսՊՈՑ ոպջ ՈՉՑՏՎՈՑՈ»,- պատասխանել է հայ կնոջը ռուս կինը:
Ներկայումս Անուշն ամուսնու հետ հարդարում է Նոյեմբերյան քաղաքի ծայրամասում գտնվող մի քոթեջ: Ասում է, որ Հայաստանում կառուցող-նորոգող վարպետին շատ ավելի քիչ են վճարում, քան Ռուսաստանում: Սակայն գործ լինելու դեպքում պատրաստ է ստանձնել մի ամբողջ առանձնատան ներքին հարդարումն ու կահավորումը, այնպես որ, տանտերը անելու բան էլ չունենա՝ գա, ապրի ու վայելի:
Ռուսաստանում աշխատած գումարներով ամուսինները Նոյեմբերյանի ծայրամասում մի երկհարկանի շենք են կառուցել: Առաջին հարկում ավտոլվացման կետ է, որի աշխատանքները ղեկավարում է տղան՝ Արամը: Երկրորդ հարկում խանութն է, որտեղ դուստրը՝ Հայարփին է աշխատում: Արամն այս տարի ամուսնացել է, սպասում է իր առաջնեկին, իսկ Հայարփին 6-րդ եւ 2-րդ դասարանում սովորող երկու երեխա ունի: Անուշի զավակները, ծնողների նման, արվեստասեր են: Հայարփին երաժշտական դպրոց է ավարտել, Արամն էլ, հոր պես, տարբեր գործիքներով է նվագում:
Այս ամենի մեջ Անուշ Ամիրաղյանը չի մոռանում մշակույթն ու իր նախկին աշխատավայրը ու այցելում է Նոյեմբերյանի մշակույթի տուն: «Սիրում եմ մշակույթի մարդկանց, նրանք լավ հոգի ունեն»,- ասում է բարձրահասակ ու բարեկազմ կինը, ով, չնայած դժվարին աշխատանքներին, պահպանել է իր կանացի գեղեցկությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել