Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՉՈՏԻՑ՝ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ՄԱՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Մայիս 20,2011 00:00

\"\"Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի տղաների հավաքականի յոթ անդամներից չորսը մեդալ նվաճեցին եւ մեր երկիրը մեդալների հաշվարկով (4 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե) թիմային պայքարում աշխարհում ճանաչվեց երրորդը՝ առաջ թողնելով միայն Ռուսաստանին եւ Չինաստանին:
Սակայն մեր մյուս երեք ծանրորդներից երկուսը խիստ անհաջող հանդես եկան՝ զրո ստանալով: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում գնահատեց մեր մարզիկների մասնակցությունը:
– Պարոն Խաչատրյան, ինչո՞վ կբացատրեք այն, որ մեր ծանրորդներից երկուսը՝ 56 կգ քաշային Ժորժ Եղիկյանը եւ Մհեր Պողոսյանը (94կգ), ձախողվեցին պոկում վարժությունում:
– Սպորտում նման բաներ պատահում են բոլորի հետ էլ, անգամ՝ ամենափորձառուների եւ տիտղոսակիրների: Իսկ Լիմայում, հաշվի առեք, հանդես էին գալիս պատանիները: Մեր տղաների մեծ մասը առաջին անգամ էր Հայաստանից դուրս եկել. առաջին անգամ՝ աշխարհի առաջնություն, առաջին անգամ, ոչ ավել, ոչ պակաս՝ Հարավային Ամերիկա: Պատկերացնո՞ւմ եք նրանց հոգեբանական վիճակը: Տեսեք. Ժորժը Լիմայում մարզադահլիճում պոկում վարժությունում կիսանստած դիրքում 100 կիլոգրամ էր բարձրացնում, հետեւաբար, նա միանգամայն ի վիճակի է պայքարն սկսել հենց այդ քաշից: Բայց քանի որ առաջին անգամ էր նման կարգի մրցման մասնակցում, առաջին մոտեցման համար պատվիրվեց հինգ կիլոգրամ պակաս: Սակայն, ինչպես բոլորս տեսանք, դա էլ նա չհաղթահարեց: Տղայի վրա ազդել էին մեծ դահլիճը, մոտ 1500 հանդիսականների ներկայությունը, իր առջեւ նստած սափրված մրցավարները, հարթակի լուսավորությունը, մեծ հեռուստաէկրանները, որոնք իրենց էին ցույց տալիս… Նույնը կատարվեց նաեւ Մհերի հետ: Դա նրանց առաջին լուրջ փորձությունն էր: Հուսանք, որ հետագայում նրանք այդպիսի հոգեբանական արգելքներ արդեն չեն ունենա:
– Հակառակ դրան, որքան տեղյակ ենք, Պերուում աչքի ընկած մեր ծանրորդները լուրջ ձեռքբերումներ գրանցեցին:
– Այո, այդպիսի բան եղել է: Ու կարեւոր չէ, թե ծանրորդը մեդալ նվաճե՞ց, թե՞ ոչ: Օրինակ, երեք ոսկի նվաճած Գոռ Մինասյանը: Նա, որ Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում արծաթ նվաճեց +85 կգ քաշային կարգում, Լիմայում մասնակցում էր +94 կգ քաշում («Առավոտում» այդ մասին արդեն կարդացել եմ): Պոկումում Գոռը երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 174, հրումում՝ 205 կիլոգրամ: Սրանք քաշեր են, որոնց նա մարզումների ժամանակ երբեք չէր մոտեցել: Դրանից առաջ ծանրորդի երբեւէ ունեցած լավագույն ցուցանիշը եղել է Հայաստանի առաջնությունում՝ 170+200: Գոռը Լիմայում լիովին դրսեւորեց իր բոլոր կարեւոր որակները՝ ֆիզիկական ուժ, հոգեբանական լավ պատրաստվածություն եւ որ, թերեւս, ավելի կարեւոր է, ծանրաձողի հետ կռիվ տվող, մրցակիցների հետ մարտնչող բնավորություն: Իր լավագույն արդյունքները գերազանցեց նաեւ երեք արծաթե մեդալ նվաճած Միքայել Միքայելյանը (85 կգ քաշային կարգ): Նա ցույց տվեց 140+170=310 կիլոգրամ: Բայց, անկեղծ ասած, մտածում ենք, որ ի վիճակի էր երկամարտում ութ կիլոգրամ ավելի ունենալ: Սակայն շտապել պետք չէ: Նա պակաս թողածն անպայման կլրացնի Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որտեղ ամենայն հավանականությամբ հանդես կգա արդեն 94 կգ քաշային կարգում: Նա բարձրահասակ եւ արագ աճող տղա է: Անտեսել չի կարելի նաեւ 69 կգ քաշում հանդես եկած Ռազմիկ Օլտեցյանին: Նա, որ եղել է 72 կգ քաշային ծանրորդ եւ ցույց տվել 125+150 կգ, աշխարհի առաջնությունում երեք կիլոգրամ ցածր քաշային կարգում հանդես գալով՝ արդյունավետ կատարեց բոլոր վեց մոտեցումները եւ ավելի բարձր կիլոգրամներ բարձրացրեց՝ 127+154, ընդ որում, պոկում վարժության 127 կգ-ն նրան ու թիմին փոքր բրոնզ բերեցին:
– Այսինքն, մեր անվանի մեծահասակներին ապագայում փոխարինող հերթափոխ աճո՞ւմ է:
– Անկասկած: Եվ նրանք, շատ չի անցնի, կարող են լուրջ «խնդիրներ» առաջադրել իրենց ավագ գործընկերներին: Իհարկե, եթե ավելի լուրջ շարունակեն իրենց ընտրած գործը:
– Բոլոր մարզաձեւերում, հատկապես՝ ծանրամարտում, բոլոր քաշային կարգերում նվաճած մեդալներն էլ պատվաբեր են: Սակայն ծանր քաշային կարգի չեմպիոնական ոսկին առավել հեղինակավոր է:
– Միանգամայն ճիշտ դիտարկում է: Բոլոր քաշերում էլ մեդալները ճանաչում ու հեղինակություն են բերում մարզիկներին: Սակայն ծանրամարտում գերծանր քաշային կարգի ոսկին առանձնահատուկ փայլ ունի եւ չեմպիոնին անվանում են հողագնդի ամենաուժեղ մարդ: ՀԱՕԿ-ի նախագահի հետ բոլոր հանդիպումների ժամանակ, երբ զեկուցում եմ կատարված աշխատանքների մասին ու ներկայացնում անելիքներն ու ծրագրերը, պարոն Գագիկ Ծառուկյանը մեծ կարեւորություն է տալիս ամեն մի խնդրի: Նրա համար մանրուքներ չկան: Բայց նա էլ չի թաքցնում հատկապես գերծանր քաշային կարգում չեմպիոն տալու իր ցանկությունը: Հիմա Գոռ Մինասյանը իր տարիքային խմբում աշխարհի ամենաուժեղ պատանին է: Անցած տարի երիտասարդների պայքարում նույն ճանաչումը վաստակեց Ռուբեն Ալեքսանյանը: Մեր ցանկությունն է, որ նաեւ մեծահասակների մեջ աշխարհի հզորագույն մարդը Հայաստանից լինի: Եվ սա հենց այնպես չեմ ասում: Դրա բոլոր նախադրյալները կան: Մեր տղաներն այդ ճանապարհին են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել