Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՐՁՆԵՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Մայիս 31,2011 00:00

Լ՚Աքվիլայից մինչեւ Դովիլ

\"\"

Այն, որ վերջին երեք տարիներին հայկական կողմերը պարբերաբար հաջողություններ են գրանցում Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում, ակնհայտ է եւ անհերքելի: Հերթական ապացույցը եղավ օրերս Դովիլում կայացած Մեծ Ութնյակի հերթական գագաթաժողովում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ նախագահ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի համատեղ հայտարարությունը:
Իսկ ամեն ինչ սկսվեց դեռ երկու տարի առաջ՝ 2009թ. հուլիսին լ՚Աքվիլայում կայացած G8-ում, որտեղ կողմերը այս ձեւաչափի պատմության մեջ առաջին անգամ ընդունեցին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Սա այն հանգուցային կետն էր, որտեղ ազդարարվեց Մադրիդյան սկզբունքների՝ բանակցային փաստաթուղթ լինելու փաստի մասին: Այստեղ էր, որ առաջին անգամ եռանախագահները իրենց միասնական դիրքորոշումը հնչեցրին ինքնորոշման իրավունքի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ԼՂ կարգավիճակի որոշման համար իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության հրամայականների մասին:
Հաջորդ՝ 2010 թվականին, Մուսկոկայում կայացած Մեծ Ութնյակի գագաթաժողովում հերթական համատեղ հայտարարությամբ եռանախագահները կրկին անգամ վերահաստատեցին լ՚Աքվիլայում արձանագրված դրույթները եւ կոչ արեցին կողմերին նախապատրաստվել Ալմաթիի եւ Աստանայի ԵԱՀԿ նախարարական հանդիպմանն ու գագաթաժողովին: Իսկ ինչ եղավ այնտեղ՝ հայտնի է բոլորիս. ոչ միայն լրացուցիչ անգամ ամրագրվեց ինքնորոշման իրավունքը որպես կարգավորման հիմնարար սկզբունք, այլեւ հատուկ, ամնեզիայով տառապող ադրբեջանցիների համար շեշտվեց, որ այն դիտվում է մեկ հարթության մեջ մյուս սկզբունքների հետ, հավասար՝ առանց ստորադասման, առանձին կիրառության եւ թյուր մեկնաբանման իրավունքի: Այս անգամ հայտարարությունը ոչ թե եռակողմ էր, այլ հնգակողմ, եւ Ադրբեջանը, ի հեճուկս իր ռազմատենչ հայտարարությունների, ստիպված էր ընդունել այդ հայտարարությունը: Այս ամենի վրա, անշուշտ, իրենց դրական կնիքն էին թողել լ՚Աքվիլայի եւ Մուսկոկայի համատեղ հայտարարությունները:
Այն, ինչ եղավ ու արձանագրվեց օրեր առաջ ֆրանսիական Դովիլում կայացած Մեծ Ութնյակի հերթական գագաթաժողովում, սպասվածից ավելին էր: Սովորաբար, երեք գերտերությունների համատեղ հայտարարությունները աչքի են ընկնում չափից ավելի հավասարակշռությամբ եւ քաղաքական պարիտետի պահպանմամբ: Այս անգամ, սակայն, «մեսիջները» կարելի էր կարդալ նաեւ, եւ ոչ միայն, տողատակերում:
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահներս, վստահ ենք, որ եկել է ժամանակը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլ կատարեն»: Ուշադրություն դարձնենք, որ այս պարբերությունում խոսք է գնում բոլոր կողմերի եւ ոչ ասենք՝ «երկու կողմերի» կամ «Հայաստանի եւ Ադրբեջանի» մասին, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունը գիտակցում եւ ընդունում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության կամ վճռական քայլերի հնարավոր չէ հասնել խնդրի կարգավորմանը: Նկատենք, որ նույն արտահայտությունը կրկնվում է տեքստում ե՛ւ երկրորդ, ե՛ւ երրորդ անգամ՝ «Կողմերի առաջնորդներին մենք թախանձագին կոչ ենք անում՝ բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի», եւ «Կողմերի, ինչպես նաեւ բոլոր մակարդակներում համանախագահ երկրների գործադրած ջանքերի արդյունքում նշանակալից առաջընթաց է գրանցվել»։
Հաջորդ՝ առավել քողարկված «մեսիջներից» էր այն, որ այս անգամ նախագահները զերծ մնացին Մադրիդյան սկզբունքների եւ տարրերի մանրամասն ներկայացումից եւ բավարարվեցին Հելսինկյան ակտի, լ՚Աքվիլայի եւ Մուսկոկայի դրույթներին հղում անելով: Ընդհանրապես այս հայտարարության նպատակն էր ուշադրություն հրավիրել ոչ թե սկզբունքների եւ տարրերի, այլ խաղաղության պահպանման եւ բանակցությունների շարունակության կարեւորության վրա: Իսկ սա նշանակում է, որ բանակցային սեղանին դրված սկզբունքներն ու դրույթները, այդ թվում ինքնորոշման իրավունքն ու պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով ԼՂ ժողովրդի կողմից դրա իրացումը, դարձել են աքսիոմա, դրանք ենթակա չեն վերանայման, փոփոխության կամ անտեսման: Որքան էլ Ադրբեջանը ստեր տարածի սկզբունքների վերանայման, նոր մեկնաբանությունների առկայության մասին, պետք է հաշտվի այն իրողությանը, որ գերտերությունների կողմից առաջարկված վերոհիշյալ սկզբունքները բեկման կամ վերանայման ենթակա չեն:
Դովիլյան հայտարարությունը առաջին հերթին ուղերձ էր Ադրբեջանին, նրա ռազմատենչ՝ պատերազմով սպառնացող հայտարարություններին. «Մենք վերահաստատում ենք, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության ու հաշտեցման՝ հնարավորություններ ստեղծելով տարածաշրջանային զարգացման ու համագործակցության համար», կամ՝ «Կողմերի առաջնորդներին մենք թախանձագին կոչ ենք անում՝ բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի»: Ի դեպ, ադրբեջանական հանրությանը հակամարտության կարգավորմանը նախապատրաստելու մասին Դովիլից օր առաջ շեշտեց արտգործնախարար Նալբանդյանը Ազգային ժողովում:
Երկրորդ ուղերձը փորձ էր վերակենդանացնել ազերիների ուղեղների՝ հիշողության համար պատասխանատու, մահացած բջիջները, հիշեցնել, թե ով է սկսել պատերազմը, ինչ եղավ դրա արդյունքը, եւ որ նույնը կլինի նաեւ կրկնության դեպքում. «Ուժի կիրառումը հանգեցրել է այսօր առկա հակադրության ու անկայունության իրավիճակին։ Դրա կրկնակի կիրառումը կհանգեցնի միայն նոր տառապանքների ու ավերումների եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից»: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե որ կողմն է ամեն օր հոխորտում՝ պատմելով զենքի ուժով «20%»-ի հետ բերման հեքիաթը: Հետեւաբար, այդ քայլին գնալու վտանգավորության հիշեցումն ուղղված է Ադրբեջանին: Այստեղից եւ ընդհանուր կոնտեքստից դժվար չէ կռահել, որ ուժի առաջին՝ 1991թ. կիրառման նախաձեռնող, այսինքն՝ ագրեսոր է դիտարկվում Ադրբեջանը: Պարզ ասած, ասում են. հարձակվեցիր, տեսար՝ ինչ եղավ, կորցրեցիր այն, ինչ «ունեիր», փորձես կրկին՝ ավելի վատ կլինի քեզ համար:
Երրորդ ուղերձը հասցեագրված է նույնպես Ադրբեջանին, նրա չկողմնորոշվելուն եւ ապակառուցողական մոտեցմանը բանակցություններում. «Սույն թվականի մարտի 5-ին Սոչիում քննարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը արդար ու հավասարակշիռ հիմք է ապահովում համապարփակ խաղաղ կարգավորման մշակման համար։ Այդ փաստաթուղթը, որ հիմնված է Հելսինկյան եզրափակիչ ակտի ու 2009 թվականի հուլիսին լ՚Աքվիլայում ու 2010 թվականի հունիսին Մուսկոկայում մեր համատեղ հայտարարություններում ներկայացված տարրերի վրա, հնարավորություն է տալիս հաղթահարել իրերի ներկայիս անընդունելի դրությունը», կամ՝ «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի համաձայնության հասնելու հարցում կողմերի հավատարմությունը»։ Այս մասին կատարենք երեք դիտարկում: Առաջին. որքան էլ խոսեն նորացված սկզբունքներից, նախորդի համեմատ դրանց էական տարբերությունից, ակնհայտ է դառնում, որ այդ ամենի հիմքը լ՚աքվիլյան եւ մուսկոկյան դրույթներն են: Երկրորդը՝ Հայաստանը միանշանակ պատասխան է տվել եռանախագահների ներկայացրած հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` այն ընդունելով որպես հիմնախնդրի կարգավորման բանակցային հիմք: Իսկ Ադրբեջանը դեռ անհաջող մանեւրում է. նրանք ոչ մերժում, ոչ հաստատում են դրանք ընդունելու իրողությունը: Իսկ եթե անգամ փորձում են ցույց տալ, որ «ընդունում» են փաստաթղթի ինչ-որ մի աշխատանքային տարբերակ, որը ներկայացվել է ինչ-որ ժամանակ, եւ որից հետո դեռ նորերն են շրջանառության մեջ մտել, ապա այն աստիճանի են ձեւախեղում եւ սեփական մեկնաբանության ենթարկում այդ փաստաթղթի էությունն ու բովանդակությունը, որ նույնիսկ եռանախագահներն են տարակուսում, թե արդյոք Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ այլ հիմնախնդրի վերաբերող փաստաթղթերից: Հետեւաբար, եռանախագահները կոչ են անում Ալիեւին կողմնորոշվել եւ որքան հնարավոր է՝ շուտ, թե չէ՝ մեկ էլ տեսար… նոր Թունի՜ս, նոր Եգիպտո՜ս:
Եվ երրորդ՝ մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում ադրբեջանական արտաքին գերատեսչության եւ մեկ-երկու հայազգի ընդդիմադիր «վայ-փորձագետների» դիտարկումները, որոնց համաձայն՝ դովիլյան հայտարարության «այսինչ» տողի այնինչ ենթա-ենթա ու էլի ենթատեքստում «թաքնված» է այն միտքը, որ դովիլյան լոգիկայով Հայաստանը պետք է սկսի զորքերի դուրսբերումը զբաղեցված տարածքներից: Նկատենք, որ նման որեւէ ակնարկ անգամ չկա, իսկ նախագահները խոսում են ոչ թե կարգավորման ուղղությամբ «խթանիչ» կամ նախադրյալ հանդիսացող կոնկրետ գործողությունների (1-2 տարածքներից զորքերի դուրս գալու) անհրաժեշտության, այլ միայն սկզբունքների համաձայնեցումն արագացնելու մասին, ինչին Հայաստանը միայն ուրախ կլինի: Ինչ-որ գործընթաց սկսելու համար որեւէ նախադրյալի մասին խոսք անգամ չկա: Չի եղել նաեւ նման մոտեցում այն փաստաթղթերում (լ՚Աքվիլա, Մուսկոկա), որոնցում արտացոլված դրույթներին հղում է կատարվում Դովիլում: Բոլոր սկզբունքներն ու դրույթները պետք է համաձայնեցվեն եւ կիրառություն ստանան մեկ միասնության մեջ: Ադրբեջանական թյուրըմբռնված եւ դովիլյան իրական մոտեցումները կարելի է որակել մեկ արտահայտությամբ՝ «երազում եւ արթմնի»:
Հատկանշական է, որ Դովիլի հայտարարության հաջորդ օրը Ադրբեջանի անկախության «տոնի» կապակցությամբ արված իր ելույթում Ալիեւն արտահայտվել է առավել քան զգույշ: Իր ռազմատենչ հայտարարությունների համար նման ներքին սպառման ամբիոնները մշտապես օգտագործող «ազատագրող բանակի» «գերագույն հրամանատարի» լեզուն դովիլյան կախարդական փայտիկի օգնությամբ կարճացել էր: Նախկինում ռազմատենչ, ոսոխային դիրքերից ելույթ ունեցող առաջնորդի մութ մտքերը պարզվել էին, իսկ լեքսիկոնից իսպառ վերացել էին «պատերազմ», «ռազմական ճանապարհով խնդրի լուծում», «տարածքների հետգրավում» արտահայտությունները: Դրանց փոխարինել էին «մտահոգություն», «նվիրվածություն խնդրի արդարացի կարգավորմանը» ու այլ խաղաղասիրական տրամադրություններ, այդ թվում՝ «սիրո խոստովանություն» Մինսկի խմբին ու այն միջազգային հանրությանը, որի հասցեին, մինչ Դովիլը, հնչում էին միայն մեղադրանքներ, իսկ այդ հանրության հորդորները Բաքվում ընդունվում էին ծիծաղով: Արդյունքում, ստանալով դովիլյան նոկդաունը, «հեռատես» ադրբեջանցիները նախաձեռնում են «անառակ որդու վերադարձը» Մինսկի խումբ: Մենք դրան միայն ուրախ ենք: Ակնհայտ է նաեւ, որ ադրբեջանական կողմում խուճապ է տիրում. ԱԳՆ-ն մի բան է ասում, փոխվարչապետը՝ այլ բան, իսկ նախագահը ընդհանրապես «խաղաղություն է քարոզում»: Կողմնորոշվեք, պարոնայք:
Այսպիսով, այն, ինչ արձանագրվեց Դովիլում, ի ցույց դրեց միջազգային հանրության իրական վերաբերմունքը կամ վերաբերմունքի տարբերությունը հակամարտող կողմերի մոտեցումների նկատմամբ: Այն նաեւ յուրօրինակ թեստային փորձություն եղավ հայ եւ ադրբեջանական դիվանագիտական ջանքերի եւ գործելաոճի համար, որի հայկական հաղթական պտուղները իրենց սպասեցնել չտվեցին. մինչ Դովիլի գագաթաժողովից օրեր առաջ եւ հավանաբար այդ նպատակով արտգործնախարար Նալբանդյանը այցելում էր Փարիզ եւ Վաշինգտոն, ընդունելության արժանանում Պետդեպարտամենտում, բանակցում ԼՂ հիմնախնդրի շուրջ, ադրբեջանցիներն ի լուր աշխարհի հայտարարում էին ԼՂ սահմանագծին նոր զորավարժությունների մասին եւ «բոլորից նեղացած մանուկի» պես անդամակցում էին «Չմիավորման շարժմանը», իսկ արտգործնախարարը «բոլոր հարցերը լուծած» մեկնել էր Բալի՝ լողանալու:
Ադրբեջանն ընկել է արատավոր ցիկլի մեջ. հակամարտությունում պարտվելով՝ հարկադրված գնում են դիվանագիտությանն ընդառաջ, դիվանագիտության մեջ պարտվելով՝ նորից փորձում են գնալ հակամարտությանն ընդառաջ: Եվ ամբողջ աշխարհն Ադրբեջանին զգուշացնում է, որ նման փորձը կործանարար կլինի հենց իր համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել