Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ «ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"Գաղտնիք չէ, որ որեւէ երկրում գոյություն ունեցող կոռուպցիայի ճակատագիրը՝ նրա ծավալների հետագա աճը կամ հակառակը՝ նրա զսպումն ու կասեցումը, շատ առումներով անմիջականորեն կախված է երկրի նորընտիր նախագահ-անձի բարոյական նկարագրից, առաջին հերթին՝ նրա ազնվությունից, կամքից, համարձակությունից, հասարակությանն անկեղծ ու անմնացորդ ծառայելու մղումից:
Սակայն, ցավալի է, որ այսօր քաղաքականությամբ զբաղվողների շարքերում զգալիորեն նվազել է բարձր առաքինությամբ ու բարոյականությամբ օժտված անձանց թիվը: Իսկ զբաղվողներից էլ ոչ քչերը, ներքուստ հակված լինելով իշխանության, հարստության եւ փառքի հասնելու մեծ մոլուցքով՝ երկրի ղեկը ստանձնելուց հետո, թերեւս, չեն կարողանում դիմակայել այդ բոլոր բարիքներին տիրանալու գայթակղությանը՝ ընկրկում են նորին մեծություն կոռուպցիայի առջեւ:
Կառավարման առաջին ժամկետի հենց սկզբից՝ ծանոթանալով երկրում գործող կոռուպցիայի «խաղի» կանոններին, նրա առանձնահատկություններին, թերեւս, նրանք կարողանում են անձամբ հսկել իրադրությունը, նպաստել, աջակցել նրա հետագա ծավալմանը երկրում, որի արդյունքում եւ շնորհիվ ձեռք են բերում վարչական առավել հզոր եւ մեծ, ամենակարող, գերիշխանական լծակներ՝ գալիք նախագահական ընտրություններում անվերապահ երաշխիքներով կանխավ ծրագրված իրենց հերթական, անընդմեջ «հաղթանակը» ապահովելու համար, որը, իրենց համոզմամբ,  իրավունք է «պարգեւում» իրենց հետագա գործունեության ընթացքում, ցավոք, ավելի անկաշկանդ ու հանդգնորեն շրջանցելու, ավելի հաճախակի ու կոպտորեն խախտելու երկրի օրենքները, կարգն ու կանոնը, նույն բանը՝ ստիպված թույլատրելով պետական համակարգի՝ իրենց համակիր ու ենթակա իշխանավորներին: Այս բոլոր անօրենությունները, իհարկե, լայն հնարավորություններ եւ պայմաններ են ստեղծում կոռուպցիայի էլ ավելի տարածմանը, քրեական, ֆինանսական հանցագործությունների, բռնությունների, ահաբեկչությունների աճին, կոպտորեն խախտելու մարդու տարրական իրավունքները եւ խոսքի ազատությունը, որոնք հասարակության շրջանում, բնականաբար, ծնում են լուրջ եւ արդարացված դժգոհություններ, բողոքներ՝ հղի անկանխատեսելի հետեւանքներով:
Այսօր, նման ներքաղաքական իրավիճակներով երկրներում, արդեն սովորական երեւույթ է դարձել ժողովրդի արդար եւ օրինական, անգամ, փոքր-ինչ ընդվզմանը՝ իշխանությունների արագ, ոչ ադեկվատ արձագանքը՝ ուժային կառույցների բիրտ, անմարդկային եւ դաժան պատասխանը՝ ծեծն ու ջարդը, առանց լուրջ եւ խորն ուսումնասիրելու նրանց ներկայացված խնդիրներն ու պահանջները: Իսկ ավելի հզոր, զանգվածային, համաժողովրդական շարժման հանրահավաքներից եւ ցույցերից սարսափած իշխանություններն արդեն դիմում են ապօրինի միջոցների՝ գործի դնելով երկրի բանակը՝ անզեն ժողովրդի դեմ՝ չխորշելով արյունահեղությունից եւ մարդկային զոհերից:
Ահա թե ինչպիսի աղետալի եւ կործանարար վիճակի կարող են հասցնել երկիրը եւ նրա ժողովրդին՝ երկրորդ (կամ ավելի) անգամ, անընդմեջ, սակայն լրիվ անօրեն կարգով ընտրված նախագահները: Այսօր նմանօրինակ անբարո եւ անազնիվ մարդկանց մասնակցությունը նախագահական ընտրություններին, ցավոք, գնալով աճում է: Եվ դրա հիմնական գայթակղող, «քաջալերող» հանգամանքը պայմանավորված է նաեւ նրանով, որ երկրի եւ ժողովրդի դեմ՝ ծանր եւ լուրջ հանցանքի մեջ կասկածվող նախագահներից շատերը հետագայում մնում են անպատիժ, առավել եւս, որ տվյալ պետության կողմից նախօրոք երաշխավորվում է նրանց հետագա անվտանգությունը:
Իզուր չէ, որ շատ թե քիչ ազնիվ, երկրի ղեկավարման նրբություններին բավական ծանոթ քաղաքականապես պատրաստված, բազմակողմանի արժանիքներով օժտված անձինք այլեւս խուսափում են մասնակցելու նախագահական ընտրություններին, հատկապես, երբ այդ ընտրություններին մասնակցում է գործող նախագահը: Կանխավ համոզված լինելով իրենց սեփական պարտությանը՝ կոռուպցիայով եւ զանգվածային ընտրակեղծիքներով հագեցած շոու-ընտրություններում, դրանով իսկ, ցավոք, ազատ դաշտ եւ ոչ դժվարին պայքար են «ապահովում» հենց գործող նախագահին կամ, գուցե եւ պատահական, պետական կառավարմանը ոչ իրավասու անձանց:
Թերեւս այդ է պատճառը, որ նման թատերականացված ընտրություններից անմիջապես հետո հասարակության հիմնական հատվածն էլ ավելի է հիասթափվում եւ վերջնականապես կորցնում իր վստահությունն ու հավատը իրականում՝ չընտրված, հետագայում՝ ոչ օրինական համարվող նախագահի նկատմամբ:
Այս բոլորը գալիս են ապացուցելու եւ հաստատելու, որ, իրոք, խիստ կոռումպացված իշխանություններով երկրում, նախագահի երկժամկետ ընտրակարգի մոդելն այլեւս չի գործում, կորցրել է իր իմաստը, ձեւական բնույթ է կրում, միայն ընտրությունների պատրանք է ստեղծում եւ չի ծառայում իր իսկական նպատակին: Իրականում՝ բազմաբնույթ մեքենայություններով հագեցած ընտրակեղծիքների «շնորհիվ»՝ արդար եւ օրինական ընտրությունների քողի անվան տակ, իշխանությունների կողմից, առանց ուժի միջամտության, այդ նույն օրը տեղի է ունենում պետական «օրինական» հեղաշրջում:
Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ երկրի իշխանությունների հենց ամենավերին օղակներում է ստեղծվում եւ հովանավորվում կոռուպցիան, ապահովվում՝ նրա «պաշտպանվածությունը», «անվտանգությունն» ու «երկարակեցությունը»: Եվ, ցավոք, հենց դրա շնորհիվ է, որ այն ապրում, ծաղկում եւ գոյատեւում է, քանի դեռ չի կորցրել իրեն անմիջականորեն ծնած իշխանությանը:
Միգուցե դրանով է պայմանավորված, որ կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջ «ծանր բեռը», նրա ձեւական եւ իմիտացիոն բացահայտման, դատապարտման, նրա հետագա կրճատման մենաշնորհային դերակատարությունն իր վրա է վերցնում նույն այդ իշխանությունը՝ ապահովելով նրա «անվտանգությունը»՝ կողմնակի, չնախատեսված, կամ պատահական, անցանկալի բացահայտումներից: Այնինչ, կոռուպցիայի դեմ պայքարը պետք է հիմնականում իրագործվի հանրության, ժողովրդի կողմից՝ սահմանադրության մեջ համապատասխան օրենսդրական դրույթի հաստատագրման պահանջարկով:
Ելնելով այս պարզ տրամաբանությունից՝ կոռուպցիայի դեմ պայքարն առաջին հերթին պետք է սկսել «կոռուպցիոն բուրգը»՝ ստեղծողի, նրան զորավիգ կանգնողի եւ «թիկնապահի»՝ բուրգի «գագաթի» (լինի դա երկրի վարչապետը, թե նախագահը), վնասազերծմամբ՝ դադարեցնելով կամ առնվազն կրճատելով նրա հետագա գործունեության ժամկետը:
Վերը շարադրածը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ.
– Երկրի նախագահի գործունեությունը պետք է սահմանափակվի մեկ ժամկետով, եւ ոչ ավելին, քան չորս տարի ժամկետով: Այսինքն՝ գործող նախագահն իրավունք չունի գալիք նախագահական ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը:
– Երկրի նորընտիր նախագահն իր գործունեության սկզբից եւեթ պարտավոր է անպայման ընթացք տալ նախորդ նախագահի դեմ հարուցած դիմում-մեղադրանքներին, եթե նա, իրոք, կասկածվում է շատ լուրջ եւ ծանր հանցագործության մեջ՝ իր երկրի եւ ժողովրդի հանդեպ: Բաց եւ թափանցիկ դատավարությունը՝ միջազգային հեղինակավոր իրավաբանների պաշտոնական մասնակցությունը՝ պարտադիր է:
Այս առաջարկ-միջոցառումներն օրենքի ուժ ստանալու պարագայում՝ երկրի նախագահական ընտրություններում՝ նախագահի թեկնածուները, նախքան այդ գայթակղիչ քայլին դիմելը, շատ լուրջ, զգույշ եւ սթափ կմոտենան այդ բավականին պատասխանատու որոշմանը՝ աչքի առջեւ ունենալով հետագայում պատժվելու վտանգը՝ իր նախագահության տարիներին թույլ տված լուրջ սխալների կամ հանցագործությունների համար: Իսկ նախագահ ընտրվելու դեպքում՝ հնարավորինս, զերծ կմնան աջակցելու, հովանավորելու կոռուպցիան, իշխանական դիրքի չարաշահումից, բռնությունների կիրառումից, որոնց արդյունքում, բնականաբար, կզսպվի, կկրճատվի նաեւ կոռուպցիայի ծավալների հետագա աճն ու ընդարձակումը եւ նրանից բխող՝ բոլոր տեսակի բացասական եւ կործանարար հետեւանքները երկրում:
Եվս մեկ կարեւոր հանգամանք, որ նախագահական ընտրություններին այլեւս չեն խուսափի եւ չեն խորշի մասնակցելուց՝ քաղաքականապես հասուն եւ գիտակ, պետության կառավարման կանոններին բավականին ծանոթ, միջազգային եւ սեփական երկրի ներքաղաքական իրադարձություններին եւ անցուդարձին քաջատեղյակ, հանրության կողմից հարգված, ազնիվ մարդիկ:
Այսօր արաբական (եւ ոչ միայն արաբական) երկրներում ժողովուրդների՝ աննախադեպ, հսկայածավալ զանգվածների համատարած, գրեթե՝ միաժամանակ, տեղի ունեցող անհնազանդության պոռթկումները, քաղաքացիական արդար եւ օրինական ընդվզումները, իհարկե, պատահական կամ պահի ազդեցության տակ՝ դեպքեր չեն, այլ մեր ժամանակների, այդ տարածաշրջանի, թերեւս նոր մտածելակերպով ժողովուրդների մոտ՝ արդեն վաղուց հասունացած, հարմար պահն ու առիթը «որսած» համընդհանուր (գլոբալ), լայնամասշտաբ հեղափոխական մի հզոր ալիք է՝ ուղղված սեփական երկրների՝ կարծրամիտ, միահեծան, բռնապետ ղեկավարների, երկիրը կամայական եւ հին ավանդույթներով ղեկավարող՝ կոռումպացված իշխանությունների դեմ: Իհարկե՝ կասկած չի հարուցում նրանց վերջնական հաղթանակը, եւ այն, որ այդ երկրներում, հաղթանակից անմիջապես հետո, երկրի նորընտիր ղեկավարությունը, թերեւս, առաջին հերթին հետամուտ կլինի կրճատելու նախագահի կառավարման ժամկետը եւ այդ ժամկետի ընթացքում նրա՝ անօրեն գործունեության համար՝ պատասխանատվության կանչելու օրենսդրույթի ընդունումը:
Ինչ վերաբերում է մեր երկրին, որն իր կոռուպցիայի ծավալներով, բռնություններով, սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակներով բնավ ետ չի մնում միջազգային մասշտաբով՝ խիստ կոռումպացված երկրներից, ապա, ցավոք, մեր ժողովուրդը արդեն բազմիցս անգամ անցել է նման վտանգավոր, վայրագ եւ կործանարար փորձությունների, արհավիրքների ճանապարհով, տեսել եւ իր մաշկի վրա զգացել է երկրի նախկին ղեկավարության կողմից՝ կանխամտածված, լավ կազմակերպված, ժողովրդի «աչքը վախեցնելու» եւ սարսափ տարածելու նպատակով՝ մարտիմեկյան դաժան ոճրագործությունը սեփական ժողովրդի նկատմամբ:
Մնում է հուսալ, որ եթե երկրի ներկայիս ղեկավարությունն, իրոք, շատ թե քիչ մտահոգված է մեր ժողովրդի ներկայիս, մեղմ ասած, անբարեկեցիկ, տագնապալի, սոցիալ-տնտեսական, քաղաքական լարված ու անորոշ վիճակով, երկրի անվտանգության, կայուն եւ հուսալի ապագայով, անկեղծ ցանկանում է մեր հանրությանը հետագայում հեռու պահել նման եւս մեկ, ոչնչով չարդարացված մահացու առճակատումից իշխանությունների հետ, ապա նա (ղեկավարությունը), առանց փոքր-ինչ տատանվելու, վերն առաջարկված երկու դրույթները պետք է օրենսդրորեն ամրագրի երկրի սահմանադրության մեջ:
Այդ համարձակ եւ առաջադիմական քայլով մեր երկիրը դրականորեն կառանձնանա այս տարածաշրջանում՝ որպես քաղաքակիրթ հասարակարգ կառուցողի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել