Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորներին գենոցիդի են ենթարկում»

Սեպտեմբեր 09,2011 00:00

Կառավարության շենքի դիմաց երեկ կրկին մարդաշատ էր: Արդարության պահանջով ցույցի էին դուրս եկել Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները, բանակում մահացած զինվորների մայրերը եւ բնապահպանները: «Ո՞վ է թույլ տվել այս պետության ղեկավարներին, որ զինվորներին գենոցիդի ենթարկեն: Հանցագործությունը պարտակելով են զբաղված: Ոչ մի զինվոր զինվորի չի սպանում, ինչ անում են՝ ղեկավարներն են անում: Ո՞վ է պատասխան տալու իմ երեխայի արյան համար: Բանակում դեռ զինվորական կանոններն էր սովորում, դաժանաբար են սպանել, բայց մեղավորները չեն պատժվել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց բանակում սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը: Սեւազգեստ մայրերը կառավարությունից հետո շարժվեցին դեպի նախագահական:
 Դալմայի այգիների նախկին հողօգտագործողներն էլ բողոքում էին կառավարության հակասական որոշումներից: «1991 թվականի որոշմամբ մեզ տվեցին այս հողերը, եւ որոշման մեջ նշված է նաեւ, որ հատկացված հողերը պետության բնական կարիքների համար կարող են հետ վերցվել, երբ քաղաքացիների ցանկությամբ համարժեք փոխհատուցում է տրվում: Բայց արդեն մի քանի տարի այդ նույն որոշումը դիտմամբ չեղյալ համարվեց»,- դժգոհեց Դալմա-Սոնա հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:
Լոռու մարզի «Թռչկան» ջրվեժի ոչնչացումը դադարեցնելու պահանջով էլ բնապահպանները դժգոհում էին, որ հենց ջրվեժի վրա կառուցվում է ՀԷԿ, որը վտանգում է ջրվեժի գոյությունը: Ակտիվիստները պնդում էին, որ ՀԷԿ-ի կառուցումը գյուղի մեծահարուստներից մեկն է իրականացնում, որը կարողացել է լեզու գտնել բնապահպանության նախարարի հետ:
Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով Համաշխարհային ֆորումի կողմից ներկայացված Ազգային մրցունակության զեկույցին, ասաց, որ օբյեկտիվ վերլուծություն էր. «Գրեթե բոլոր ցուցանիշներով ունենք լուրջ առաջընթաց՝ 6 կետով: Այն կլիներ ավելի բարձր, եթե չլիներ բարձր գնաճը»:
Վարչապետը հուսով է, որ հաջորդ տարվա զեկույցում իրենց ազդեցությունը կթողնեն նաեւ կառավարության՝ բիզնես-միջավայրը բարելավելու քայլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել