2017 թ․-ին Բոլիվիայում աշխատող կենսաբան և National Geographic-ի հետազոտող Պաոլա Նոգալես-Ասկարունցը զանգ ստացավ վայրի կենդանիների տեղական արգելավայրից։ Այնտեղ բերել էին մի կենդանու, որին նկարագրում էին որպես «տարօրինակ կատու»։
Կենդանուն արգելավայր էր բերել մի տեղացի, որը նրան դեռևս ձագ ժամանակ գտել էր անտառի մոտ գտնվող ճանապարհին։ Տղամարդը կենդանուն տարել էր տուն՝ կարծելով, որ դա ընտանի կատվի որևէ ցեղատեսակ է։ Սակայն մոտ մեկ տարի այդ ակնհայտորեն վայրի կենդանու հետ ապրելուց հետո հասկացել էր, որ նրա համար ավելի լավ կլինի ապրել վայրի կենդանիների արգելավայրում։
Բոլիվիայի Կատվազգիների հետազոտության ծրագրի հիմնադիր և առաջատար գիտնական Նոգալես-Ասկարունցին հետաքրքրում է այդ «տարօրինակ կատուն», որն ուներ փոքրիկ, կնճռոտված դեմք, կարճ ու կլոր ականջներ և երկար բեղեր։ Կատուն իսկապես չափազանց փոքր էր տնային կատու լինելու համար, իսկ ամենաուշագրավը նրա մարմինը ծածկող բծերն էին, որոնք բնորոշ են ընձառյուծներին։
Պաոլա Նոգալես-Ասկարունցը մեկնում է Բոլիվիայի Սենդա Վերդե վայրի կենդանիների արգելավայր՝ կենդանուն տեսնելու։
Կարդացեք նաև
«Ես մոտ հարյուր լուսանկար արեցի։ Այնքան էի հիացած նրանով»,- հիշում է Նոգալես-Ասկարունցը։
Այդ պահին նա դեռ չգիտեր, որ այդ հետաքրքրաշարժ կատուն շատ ավելի մեծ ուշադրություն է գրավելու։
Current Biology ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրության համաձայն՝ այդ կատուն պետք է դառնար ավելի քան 100 տարվա ընթացքում հայտնաբերված կատվազգիների առաջին նոր տեսակը։
Հետաքրքիր է, որ այս հայտնագործությունը գիտության համար բոլորովին նոր բացահայտում էր և ոչ թե վաղուց առաջարկված տեսակի գոյության վերջնական հաստատումը կամ նախկինում ճանաչված ենթատեսակի՝ առանձին տեսակի կարգավիճակ ստանալը։
Այդ ժամանակ Նոգալես-Ասկարունցը ենթադրում էր, որ արտասովոր կատուն պատկանում է Leopardus tigrinus տեսակին։ Այս կենդանիներին անվանում են վագրակատու, օնցիլա կամ փոքրաբծավոր կատու։ Տեսակը նկարագրվել էր դեռևս 1775 թվականին՝ Ֆրանսիական Գվիանայում նկատված կենդանու մեկ պատկերից։ Հետագայում ենթադրվում էր, որ այն տարածված է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի ողջ տարածքում, այդ թվում՝ Բոլիվիայում։
Սակայն 2019 թվականին, երբ Նոգալես-Ասկարունցը պատրաստում էր Բոլիվիայի կատվազգիների տեսակներին նվիրված բրոշյուր, նա նկատում է, որ իր լուսանկարած կատուն բոլորովին նման չէ հարևան Բրազիլիայի մասին տեղեկատու գրքում ներկայացված կենդանուն։
Բոլիվիայի վագրակատվի մարմնի վրա եղած վարդանման նախշերը՝ ռոզետները, շատ ավելի մեծ էին, քան սահմանի մյուս կողմում ապրող կատուներինը։
Դրանից հետո ևս մի քանի տարի պահանջվեց, մինչ թիմին հաջողվեց պարզել այս կենդանու հստակ տեղը կատվազգիների էվոլյուցիոն տոհմածառում։
Նոր տեսակը կոչվել է Leopardus tilcayo
Իրենց հոդվածում գիտնականներն առաջարկում են կենդանուն անվանել Leopardus tilcayo, քանի որ տեղացիները կատվին ՝ tilcayo էին անվանում։ Անվանումն, ըստ երևույթին, որևէ հատուկ նշանակություն չունի ո՛չ իսպաներենում, ո՛չ էլ Բոլիվիայում տարածված կեչուա լեզվում։
Այս պահին գիտնականները կարող են միայն վստահ ասել, որ L. tilcayo-ն բնակվում է Բոլիվիայի Յունգասի անտառների էկոտարածաշրջանում, որը գտնվում է Անդերի արևելյան լանջերին։
Իսկ թե ինչով են սնվում այս կատուները, ինչպես են բազմանում և ինչպիսին է նրանց առօրյա կյանքը՝ դեռ մեծ մասամբ առեղծված է։
Գիտնականները վերագծում են կատվազգիների տոհմածառը
Այս հայտնագործությունը հսկայական նշանակություն ունի ոչ միայն այն պատճառով, որ 1923 թվականին պամպասյան կատվից հետո սա գիտությանը ներկայացված առաջին նոր կատուն է։
Նոր ուսումնասիրությունը ոչ միայն անվանում է նոր տեսակ, այլև վերագծում է կատվազգիների տոհմածառը՝ այնտեղ ավելացնելով նախկինում ենթադրվածից շատ ավելի մեծ թվով ճյուղեր։
Ավելին, հետազոտողները հույս ունեն, որ L. tilcayo-ի նույնականացման համար կիրառված մեթոդները շուտով կօգտագործվեն ամբողջ աշխարհում ավելի շատ կատուների տեսակներ հայտնաբերելու համար և նույնիսկ կփոխեն դրանց պահպանության մոտեցումները։
Ֆիզիկական տարբերությունները՝ պոչի երկարությունը, ռոզետների չափը կամ ատամների ձևը շարունակում են կարևոր ցուցանիշներ լինել տեսակների տարբերակման համար։ Սակայն գենոմային վերլուծությունն աստիճանաբար դառնում է ոսկե չափանիշ, քանի որ այն թույլ է տալիս բացահայտել այն պատմությունը, որը տեսանելի չէ անզեն աչքով։
Որքան խորն են գիտնականներն ուսումնասիրում այս կատուների գենոմները, այնքան ավելի շատ թաքնված տարբերություններ են հայտնաբերում։
Գենոմը բացահայտում է այն, ինչ չի երևում լուսանկարներում
Ժամանակակից գենոմիկան գիտնականներին հնարավորություն է տալիս տեսնելու ավելի խորքային տարբերություններ, որոնք կարող են վրիպել լուսանկարների և դաշտային գրառումների մակարդակում։
Նոր ուսումնասիրության շրջանակներում գիտնականները համեմատել են Leopardus ցեղի 38 առանձնյակների ամբողջական գենոմները։
Արդյունքները ցույց են տվել, որ L. tilcayo-ն ոչ միայն տարբերվում է վագրակատուների մյուս տեսակներից, այլև դրանցից առանձնացել է մոտ 1,4 միլիոն տարի առաջ։ Էվոլյուցիոն այս հեռավորությունը համադրելի է ժամանակակից առյուծների և անհետացած քարանձավային առյուծների միջև եղած էվոլյուցիոն տարբերության հետ։
Ուսումնասիրությունը նաև ապացույցներ է ներկայացնում Պերուում վագրակատվի նոր ենթատեսակի՝ Leopardus tigrinus antisuyo-ի գոյության օգտին։
Գենետիկայի և տաքսոնոմիայի հարցերից զատ՝ Նոգալես-Ասկարունցը չի ցանկանում, որ գիտնականները կորցնեն հայտնագործության ամենահետաքրքիր կողմը՝ զարմանալու կարողությունը։
«Մեր աշխարհը չափազանց բարդ է,- ասել է նա։- Երբեմն կարծում ենք, որ դրա մեծ մասն արդեն ուսումնասիրված է, և բացահայտելու այնքան էլ շատ բան չկա։ Բայց իրականում ամեն ինչ հակառակն է։ Ուրեմն եկեք գնանք, հայտնաբերենք նրանց և պաշտպանենք»։
Թարգմանությունը՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
Աղբյուր՝ National Geographic



















































