Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 161-րդ թատերաշրջանն ամեն տարվա պես մեկնարկեց մեծ շուքով՝ ճեմասրահում երաժշտական կատարումներով, գինեխմությամբ ու հանդիսատեսի հետ ջերմ շփումներով։
Թատրոնն իր առաջնախաղը սկսեց ամերիկացի հռչակավոր դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի հոգեբանական դրամայի՝ «Ապակե գազանանոցի» բեմադրմամբ, որի ուղերձը հաշմանդամություն ունեցող անձանց որպես հավասարը հավասարին ընդունելն է, նրանց փխրուն, ապակե աշխարհը չկոտրելն ու երազանքների իրականացմանը չխոչընդոտելն է։
Ներկայացման ֆորմատը յուրօրինակ էր․ հանդիսատեսը հայտնվեց բեմում՝ այսպիսով դառնալով ընտանեկան դրամայի անմիջական մասնակիցը։
Կարդացեք նաև
Ներառականության խնդիրը բարձրաձայնելիս՝ թատրոնն արդեն երկրորդ անգամ է համագործակցում «Հայկական Կարիտասի» հետ․ առաջինը Նիկոլայ Ծատուրյանի կողմից Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայի բեմադրությունն էր։
«Ապակե գազանանոց» պիեսն ինքնակենսագրական է, այն հեղինակի ընտանեկան կյանքի պատմությունն է։ Երեք հոգանոց ընտանիքի ամեն մի անդամ՝ մայրը, որդին ու շարժողական խնդիրներ ունեցող դուստրը ապրում են իրենց չիրականացված երազանքներով ու պատրանքներով։
Մոր՝ Ամանդա Վինգֆիլդի համար թերևս գերխնդիր էր կաղություն ունեցող դստերը՝ Լորա Վինգֆիլդին, որն ամաչկոտ էր, ինքնամփոփ, ապրում էր իրական աշխարհից գրեթե կտրված, ապակե փոքրիկ կենդանիների իր հավաքածուով ՝ գազանանոցով, փեսացու գտնելը։ Որդին էլ՝ Թոմ Վինգֆիլդն աշխատում էր կոշիկի խանութում՝ ընտանիքը պահելու համար, սակայն ատում էր իր աշխատանքը, նրա ապագայի նպատակն այլ էր՝ բանաստեղծ դառնալը։
Եղբայրը՝ Թոմը մոր խնդրանքով տուն է հրավիրում իր աշխատակցին՝ Ջիմ Օ’Քոնորին՝ այն հույսով, որ նա կդառնա դստեր փեսացուն։ Հաշմանդամություն ունեցող աղջիկը՝ Լորան, այս երիտասարդի հայտնվելով՝ մի պահ դառնում է ինքնավստահ, մտնում իրական կյանք՝ հասկանալով, որ ոչ մեկից տարբեր չէ, սակայն կարճ ժամանակ անց հուսախաբ է լինում, երբ Ջիմը հայտնում է հարսնացու ունենալու մասին։
Ապակե գազանանոցը խորհրդանշում է Լորայի փխրուն հոգին, որն ապակու պես ամեն վայրկյան կարող է կոտրվել կյանքի հարվածներից։
Բեմադրության հեղինակը Մհեր Մկրտչյան թատրոնի տնօրեն Տաթևիկ Մելքոնյանն է, որը նաև զգեստների ու երաժշտական ձևավորման պատասխանատուն է։ Նա երկրորդ անգամ է բեմադրություն անում Գյումրիում։
Բեմանկարչության հեղինակը Միկա Վաթինյանն է, դերակատարները՝ ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանը, Սոֆյա Սարգսյանը, Հասմիկ Սուվարյանը, Արսեն Սաղաթելյանը, Սարգիս Ղարիբյանը, Արսեն Միքայելյանը և Գարիկ Առաքելյանը։
Գյումրու թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ երկու խումբ է խաղում ներկայացմանը, բացի գլխավոր հերոսուհուց՝ մյուս դերասանները փոխվում են ու թվում է՝ լրիվ տարբեր ներկայացումներն են։
Ըստ նրա, այս գործը շատ է բեմադրվել, սակայն այն մոտեցումը, դիպուկ շեշտադրումը, որն արել է Տաթևիկ Մելքոնյանը՝ իր ստեղծագործական խմբի հետ, առանձնահատուկ է, համարձակ և միաժամանակ համամարդկային ու հասկանալի է։ Լյուդվիգ Հարությունյանի խոսքերով՝ թատրոնն ամեն ինչ անում է, որ հանդիսատեսը խորհի, գիտակցի, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հիվանդ չեն, հիվանդ են այն մարդիկ, որոնք նրանց այդ աչքերով են նայում։ Ըստ Լյուդվիգ Հարությունյանի, հասարակությունն իր խոսքն ու աչքերը պիտի բուժի, որ կարողանա ճիշտ նայել, չլինի գազան ու չկոտրի դիմացինի երազանքները։
«Հաշմանդամության մասին մենք խոսում ենք գեղարվեստական լեզվով, պիտի գիտակցեն, որ բոլորն իրավունք ունեն սիրելու և սիրվելու, ապրելու կյանքն այնպես, ինչպես իրենք են պատկերացնում, հարգել միմյանց անձնական տարածքը, երազանքները, որոնք երբեմն թվում են, թե չեն իրականանա, բայց մի փոքր օգնում ես, իրականանում են, չխանգարեն միմյանց և հույս տան»,-ասում է բեմադրության ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանը։
«Հայկական Կարիտասի» «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական եւ համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի ղեկավար Սիրանուշ Մինասյանն էլ նշում է, որ արվեստի միջոցով են փորձել հասնել մարդկանց սրտերին, փոխել նրանց վերաբերմունքը հաշմանդամության նկատմամբ ու ստեղծել բաց, ներառական հասարակություն։
Սոֆյա Սարգսյանը, որը մարմնավորում է հաշմանդամություն ունեցող դստեր կերպարը, ասում է՝ շատ դժվար է մարմնավորել կերպարը, երբեք չի մտածել, որ մի օր կմարմնավորի այնպիսի մարդու կերպար, որն ունի ֆիզիկական բարդույթ։
«Իրենք լրիվ ուրիշ են ՝ իրենց աշխարհով, իրենց աշխարհն ապակուց է, իրենք փխրուն են, ավելի զգայուն են։ Ուզում եմ իմ կերպարը նմանատիպ խնդիր ունեցող մարդկանց բացատրի, որ պետք չէ թուլանալ, դա պատճառ չէ թուլանալու, չերազելու, պիտի ապրել, ուժեղ լինել և պիտի հավատալ, որ իրենց երազանքները կհասնեն տիեզերք»,-ասում է հերոսուհին:
Եղբոր կերպարը մարմնավորող Արսեն Սաղաթելյանն էլ նշում է՝ իր համար հարգանքի արժանի չեն այն մարդիկ, որոնք հեգնանքով են վերաբերվում իրենց կողքին ապրող հաշմանդամություն ունեցողներին, դա անհասկանալի վերաբերմունք է։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը 161-րդ թատերաշրջանը բնութագրում է որպես հետաքրքիր, բայց և տխուր․ այն առանց Նիկոլայ Ծատուրյանի է, ով իր կյանքի 23 տարիները նվիրել է Գյումրու թատրոնին։
«Ինչպես մենք ենք ասում, մի աթոռ ազատ կլինի, մեզ հետ ներկա չէ մեր գեղարվեստական խորհրդականը՝ Նիկոլայ Ծատուրյանը։ Ինչպես ինքն էր ասում՝ իմ մասին երբեք տխուր չխոսեք, իմ մասին միշտ խոսեք ուրախ։
Նիկոլայ Ծատուրյանը միշտ լինելու է այս թատրոնում․ այս թատերաշրջանում յուրաքանչյուր ամիս կլինեն վարպետի ներկայացումները, նրա ներկայացումները միշտ կլինեն խաղացանկում։ Ստեղծվել է հատուկ աբոնիմենտ՝ «Վարպետի ներկայացումները», որտեղ հանդիսատեսը կգնի Նիկոլայ Ծատուրյանի վերջին բեմադրությունները։ Մենք մեր ստեղծագործական խմբով որոշել ենք Նիկոլայ Ծատուրյանի մասին երբեք անցյալով չխոսել»,- ասում է Լյուդվիգ Հարությունյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ




























































