Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱՑՈՒՄ

Սեպտեմբեր 15,2011 00:00

Երեկ ԵՊՀ-ում մեկնարկեց դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին ԵՄ աջակցությամբ հիմնադրված «Մարդու իրավունքներ եւ ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի առաջին դասընթացը:
Ըստ ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանի, մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Արեւելյան գործընկերության 4 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի համալսարանների կողմից. «Դա Տարաս Շեւչենկոյի անվան Կիեւի ազգային համալսարանն է, Բելառուսի պետական համալսարանը, Մոլդովայում եվրոպական քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների համալսարանը եւ ԵՊՀ-ն: Ծրագրին մասնակցում է 22 ուսանող 6 երկրից: Ընդ որում՝ 11-ը Հայաստանից են»:
Ծրագրի ղեկավարի խոսքով, «Դասընթացները տեւելու են 3 տարի: Երեւանում մեկ տարի ուսանելուց հետո ուսանողներն իրենց ուսումը շարունակելու են գործընկեր համալսարաններից մեկում»:
Մոլդովայի ներկայացուցիչ, մասնագիտությամբ քաղաքագետ Դանիելա Ալկաչուկը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Մարդու իրավունքների ոլորտում աշխատում եմ դեռ ուսանողական տարիներից: Աշխատանքի բերումով բազմիցս հանդիպել եմ մարդու իրավունքների խախտման դեպքերի, որոնց հիմնական պատճառը անտեղյակությունն է: Մարդու իրավունքը յուրաքանչյուր մարդու ինքնարտահայտման հնարավորությունն է: Հուսամ, այս դասընթացն ինձ էլ ավելի բանիմաց կդարձնի ոլորտում: Մասնավորապես՝ Մոլդովայում մարդու իրավունքների հետ կապված շատ խնդիրներ կան, որոնց լուծման համար պետք է դրսի փորձին ծանոթ լինես եւ արդյունավետ օգտագործես այն քո երկրում»:
Վրաստանի ներկայացուցիչ Կարեն Էլչյանն էլ ասաց. «Վերջին 7 տարիների ընթացքում Թբիլիսիի հայ համայնքում փորձում էի ակտիվ լինել համայնքային հարցերում: Այդ ընթացքում մարդու իրավունքների ոլորտն ինձ համար դարձավ հոգեհարազատ, քանի որ մարդու իրավունքների ոտնահարման օրինակների շատ հանդիպեցի: Մեր համայնքում շատ խնդիրներ կան, եկել եմ այստեղ հնարավոր լուծումներին տեսականորեն ծանոթանալու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930