Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. «Մարդկությանը սպասվում է պարենային ճգնաժամ» /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Նոյեմբեր 11,2011 17:26 Share

Ներքաղաքական զարգացումների մասին այսօր «Վարկած» ակումբում խոսեց քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը: Ըստ պարոն Մանուչարյանի վերլուծությունների, մեզ` ողջ մարդկությանը, լուրջ մարտահրավերներ են սպասվում. «Դրանք շատ ավելի ծանր եւ խորն են, քան այն, ինչ որ անցել ենք արդեն` պատերազմ, երկրաշարժ, փախստականների հոսք: Հիմա ավելի ծանր եւ խորը մարտահրավերներ են սպասում, դա չի նշանակում, որ ավելի ու ավելի մեծ դժբախտությունների առաջ ենք պարտավոր կանգնել: Եթե որակներս ավելի բարձր լինի, մենք շատ ավելի հեշտ կանցնենք այդ մարտահրավերները: Մարդկությանը սպասվում է պարենային ճգնաժամ, բնական աղետների հետեւանքով ճգնաժամ, տնտեսական, քաղաքական համակարգերի ոչ ադեկվատության ճգնաժամ, սա այն է, ինչ որ թվարկվում է, իրականում ավելի խորքային հարց կա` ճգնաժամը արժեհամակարգային է, այն արժեհամակարգը, որով այսօր կառավարվում, առաջնորդվում է մարդը, այն արժեհամակարգը, որն իշխում է այսօր մոլորակի վրա, մարդկությանը սպառնում է ոչնչացմամբ»:

Անդրադառնալով այսօրվա ընդդիմությանը` ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմիններում ժամանակին լուրջ դերակատարում ունեցած Աշոտ Մանուչարյանն ասաց. «Ընդդիմության բախտը բերել է, որ ընդդիմության մեջ բացի քաղաքական ուժերից շատ կարեւոր դեր են խաղում նաեւ քաղաքացիական եւ ինտելեկտուալ մտավորականության որոշակի շրջանակներ, որոնց փնտրտուքն ավելի լայն է, ավելի խորը, միգուցե նրանք կարողանան նոր լիցքը տալ»:

Ինչ վերաբերում է մասնավորապես ՀԱԿ-ի` ընդդիմության լիդերի կարգավիճակը կորցնելու մասին խոսակցություններին, ապա Ա.Մանուչարյանը կարծում է. «ՀԱԿ-ը չի կորցրել իր այդ կարգավիճակը: Քաղաքական ներկայացման մեջ կա նշանակված ընդդիմություն, նշանակված իշխանություն` իրենց լիդերներով, առաջատար ուժերով եւ այլն: Այդ կերպի կարգավիճակը փոխելը բավականին դժվար խնդիր է, ինչպես կերպը տվողի համար, այնպես էլ կողքինի համար: Այսինքն նա շատ վատ բաներ պետք է անի, որպեսզի կորցնի այդ կերպը, եւ մյուսներն էլ շատ ակտիվ պետք է լինեն, որպեսզի ձեռք բերեն այդ կերպը: Իսկ երբ որ կարգավիճակդ պահպանում ես, դու հայտնվում ես մյուս դերակատարների գործողությունների շրջանակում եւ նրանք արդեն իրենց գործողություններով ամրապնդում եւ պահպանում են քեզ»: Այս ամենի արդյունքում, կանխատեսելով ապագան, նա եզրահանգեց. «Անկախ նրանից, թե որ ուժերն են լինելու, Հայաստանի կյանքը մնալու է ըստ էության նույնը»:

Ասուլիսի ընթացքում, որքան էլ լրագրողները փորձում էին Աշոտ Մանուչարյանից կորզել ավելի կոնկրետ եւ այսրոպեական տեսակետներ, նա, միեւնույն է, խոսում էր ավելի լայն, համամարդկային խնդիրներից: Մասնավորապես, ըստ նրա. «Ամբողջ քաղաքական պնակը երեք բարիքներ է փորձում հայթայթել` իշխանություն, փող եւ փառք: Դա ոչ թե մերոնց արատն է, դա այսօրվա մոլորակի վրա ապրող մարդու տեսակն է, մենք էլ մտել ենք էդ տեսակի մեջ: Հիմա մարդկության հետ միասին համատեղ մասնակցում ենք մարդկության եւ որակի ոչնչացմանը: Ես դա ասացի քաղաքականության համար, բայց դա վերաբերում է մարդուն ընդհանրապես: Ցանկացած կենդանի ուզում է ունենալ շատ ուտելիք, շատ հաճույք եւ մեծ տարածք, որտեղ ինքը իշխում է: Մարդը ոչնչով չի տարբերվում կենդանուց, նա անում է նույնը, բայց օգտագործելով իր ինտելեկտը»:

Ըստ Մանուչարյանի` համատարած փողաիշխանափառասիրությունը զսպելու համար պետք է իրականացնել իշխանության որոշակի սահմանափակումներ, ինչպես օրինակ դա անում են Արեւմուտքի առաջատար երկրները .«Դանիայում, Շվեդիայում եւ այլուր ուսուցչի եւ մեծահարուստի կյանքի մեջ որեւէ տարբերություն չկա, նրանք ապրում են նույն պայմաններում: Պետք է սկսել դրանից, որ նրանց կյանքի պայմանների միջեւ տարբերություն չլինի, եւ նույնիսկ ավելիին:  Ուսուցիչն իրականում մի քիչ ավելի լավ պետք է ապրի, քան միջին օլիգարխը, միջին նախարարը եւ միջին նախագահը: Լավ ապրել ես նկատի ունեմ մեկ բան` ոչ թե ուսուցչի կենսամակարդակը պետք է հասնի ոսկյա զուգարանակոնքի մակարդակին, այլ օլիգարխի մակարդակը պետք է հասնի նրան, որ այդ կոնքի հետ կապված մեծ իղձեր չունենա»:

 

Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930