Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես»-դ խառնիր մեծ «մենք»-ի հետ

Մարտ 03,2012 20:32

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը շնորհավորում է ՀՀ բոլոր ակտիվ քաղաքացիներին` քաղաքացիական շարժումների միջազգային օրվա կապակցությամբ:

Մաշտոցի այգում այսօր տեղի ունեցած բնապահպանական հզոր ֆորումի հարյուրավոր մասնակիցներն իրենց ներկայությամբ, քաղաքի հանդեպ իրենց սրտացավ և պատասխանատու վերաբերմունքի միջոցով ապացուցեցին, որ մենք այսօր ունենք քաղաքացիական հասարակության ամրապնդման լուրջ նախադրյալ: Նրանք ապացուցեցին, որ բնապահպանության, քաղաքաշինության և մարդու իրավունքների ոլորտում մղվող հատույթային պայքարների միացումն ունի իրական ներուժ` փոփոխություն բերելու մեր երկրի հանրային կառավարման ոլորտում, և որ հանրային մասնակցություն ապահովող նախաձեռնությունների միջոցով այսօր լիովին հնարավոր է քաղաքացիական ընդհանուր գիտակցության զարգացումը:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ դադարեցնել մեր կենսամիջավայրի ապականմանն ու անապատացմանը նպաստող գործողությունների արտոնումը և իրականացումը: Միաժամանակ պահանջում ենք համախմբել առկա բոլոր ռեսուրսները և ապահովել հանրային կառավարման մեջ ժողովրդավարական սկզբունքների կիրառման և ՀՀ օրենսդրության հետ քաղաքային իշխանությունների գործողությունների համապատասխանության առնվազն բավարար մակարդակ:

Խորին շնորհակալություն ենք հայտնում այն ազատ քաղաքացիներին, ովքեր, չնայած տարաբնույթ միտումնավոր շահարկումներին, իրենց քաղաքացի համարող, սակայն անտարբեր դիտորդի դերում հայտնված որոշ անհատների բարբաջանքներին կամ ցինիկական քննադատություններին, շարունակում են անշահախնդիր ու ջերմեռանդ պայքար մղել հանրային սեփականության իրավունքի գերակայության և բորենիների մոնոպոլիստական հարձակումներից մեր քաղաքային միջավայրը պաշտպանելու և գալիք սերունդներին փոխանցելու համար:

Զերծ մնալով քաղաքացիական շարժման նկատմամբ կանխակալ վերաբերմունք ձևավորող քաղաքական, կրոնական, անձնական և այլ բնույթի հղումներից` կոչ ենք անում ՀՀ բոլոր բնակիչներին քաղաքացիական արդարացի և բնականոն պայքարի ներկա փուլում իջնել որոշումների ընդունման և գործողությունների իրականացման մասնակցային հարթակ և սեփական ներկայությամբ նպաստել մեր քաղաքի առողջ ապագայի կերտմանը:

Մենք վստահ ենք, որ միայն այդ հարթակ իջնելով է, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա, Սևակի խոսքին հետևելով, սեփական «ես»-ը խառնել մեծ «մենք»-ի հետ և մաս կազմել համընդհանուր վերելքի:

«Մեր քաղաքը» ՀՔՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031