Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու օդանավակայանը՝ էժան ավիափոխադրումների կենտրոն

Ապրիլ 10,2012 13:27

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի կարծիքով՝ այս նպատակին հասնելու համար անպայման պետք է բանակցել կառավարության հետ:

Հանրապետության 10 խոշոր հարկատուներից մեկը՝ Արման Սահակյանը, ով մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածություն է առաջադրել Գյումրիից, օրերս հրատարակել էր այս քաղաքի զարգացման հեռանկարների մասին իր հեղինակած գիրքը, որը կոչվում է «Գյումրու վերելքի ուղին»: Գրքում ներկայացնելով վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ Շիրակի մարզում գրանցվել է աղքատության ու արտագաղթի ամենաբարձր մակարդակը, հեղինակը արտերկրյա որոշ քաղաքների՝ Գերմանիայի Էսսենի, Բուլղարիայի Ռուսսեի, Իռլանդիայի Կիլկենիի եւ այլնի օրինակներով ցույց է տալիս, թե ինչպես կարել է փրկել կործանվող Գյումրին, փոխել քաղաքում տիրող ընկճվածության ու հուսալքության մթնոլորտը: «Գյումրին ոչ միակն է, ոչ առաջինը եւ ոչ էլ վերջինը, որ այս կարգի խնդիրներ ունի. փլուզված տնտեսություն արեւելաեվրոպական բոլոր քաղաքներում էլ կա, ավելի խելացի է հետեւել նրանց փորձին, ում մոտ ստացվել է, քան հորինել ինչ-որ ճանապարհներ, ստեղծագործել ու միջոցներ վատնել, կան հաջող օրինակներ, որոնց փորձը կարելի է կիրառել՝ իհարկե հաշվի առնելով Գյումրու առանձնահատկությունները»,- ասում է մեր զրուցակիցը: Քանի որ հեղինակը շեշտը դրել էր Գյումրիում տեքստիլ արդյունաբերության զարգացման, ներդրողների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու վրա, մենք նրանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատկերացնում ներդրողների մուտքը Գյումրի, չէ՞ որ այն չափազանց ռիսկային տեղանք է, ներդրողների համար ոչ այնքան գրավիչ, նույնիսկ «Գյումրու մասին օրենքը», որը նույնպես արտոնյալ պայմաններ էր խոստանում ներդրողներին, որեւէ կերպ չօգնեց քաղաքին, եւ ի վերջո՝ Արման Սահակյանը այս նպատակի համար կօգտագործի՞ իր անձնական կապերը: «Իհարկե՝ կօգտագործեմ, բայց դա բավարար չէ. գործարարին բերելու համար պետք է ստեղծել արտոնյալ պայմաններ: Խոսում ենք տեքստիլ արդյունաբերությունից. Արեւելյան Եվրոպայում կան տասնյակ քաղաքներ, որտեղ տեքստիլ արտադրության ազատ տնտեսական գոտիներ են ստեղծվել. ոչ մի գործարար չի գա Հայաստան, Գյումրի ավելի վատ պայմաններով, քան կարող է Բուլղարիայում կամ Ռումինիայում արտադրել: Այսինքն՝ եթե չունենք պայմաններ, գործարարությունն ու բարեգործությունը տարբեր բաներ են, մեզ մոտ ոչ մի արեւմտյան ձեռնարկություն արտադրություն չի դնի: Բիզնեսը միշտ գնում է շահի ետեւից, եւ պետք է ապահովել հստակ առավելություններ: Արտոնյալ պայմաններ ասելով՝ ես հասկանում եմ ազատ տնտեսական գոտու ստեղծում Գյումրիում, որը կլինի Հայաստանում թվով 3-րդը»:

Ըստ մեր զրուցակցի՝ իրականում շատ բարդ ու դժվար իրագործելի է Գյումրու զարգացումը, սակայն ռազմավարության հստակ նպատակ ունենալու ու համախմբվելու դեպքում այն միանշանակ հնարավոր է: «Գյումրիում երկու խնդիր գումարվել են իրար. երկրաշարժը եւ Խորհրդային Միության փլուզումը, Գյումրու սոցիալ-տնտեսական խնդիրները վերջին հաշվով կապված են ոչ թե երկրաշարժի, այլ ԽՍՀՄ պլանային տնտեսությունից ազատ շուկայի անցման հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները բնակարանաշինության խնդիրը լուծել են Գյումրիում, չնայած վերջնական չէ, եւ արդեն գալիս է սոցիալ-տնտեսական խնդիրների մասին մտածելու ժամանակը: Թե Արեւելյան Եվրոպայում, թե նախկին Խորհրդային Միության տարածքում շատ-շատ քաղաքներ պլանային տնտեսության պայմաններում ունեին շատ մեծ ձեռնարկություններ, որոնք Խորհրդային Միության փլուզումից ազատ շուկայի անցնելու պարագայում փակվեցին: Հարյուրավոր հաջող ու անհաջող օրինակներ կան, որ քաղաքի տնտեսական ստրուկտուրան փոխվել է, քաղաքը եղել է արդյունաբերական՝ դարձել է զբոսաշրջության կամ կրթության եւ գիտության կենտրոն: Հիմա մեր խնդիրն է հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի Գյումրին 10 կամ 20 տարի հետո, պարզ է, որ հաստոցաշինական մեծ գործարանները չեն աշխատի, բայց ամեն ինչի պիտի հասնենք վերաիմաստավորելով»,- ասում է պարոն Սահակյանը:

Նա իր գրքում խոսել էր նաեւ Գյումրու օդակայանը ցածրարժեք ավիափոխադրումների կենտրոն դարձնելու մասին: Մենք նրան հարցրինք՝ մի՞թե մինչեւ օրս Գյումրու օդակայանի հնարավորությունները ճիշտ չեն օգտագործվել: «Ես կոնկրետ թվեր եմ մեջբերել, 2010թ.-ի համեմատ 2011-ին Գյումրու ուղեւորափոխադրումները աճել են 1,7 անգամ, այսինքն՝ մոտ 70 հազար ուղեւոր է եղել, բայց իմ կարծիքով՝ բավականին քիչ է, կարելի է ձգտել հասնելու կառավարության հետ այն պայմանին, որ Գյումրիի օդանավակայանը դառնա էժան ավիափոխադրումների կենտրոն Հայաստանում՝ ապահովելով 200-300 հազար ուղեւորների ուղեւորափոխադրումներ, ինչը, բնականաբար, մեծ շարժ կբերի Գյումրի: Օդանավակայանը տված է կոնսենսիոն կառավարման, այն նախատեսված է որպես ռեզերվային, բայց քանի որ շուկան գնալով ավելի լիբերալ է դառնում տարիների ընթացքում, ճիշտ կարելի է օգտագործել»:

Մեր զրուցակիցը իր գրքում նաեւ կարծիք էր հայտնել, որ Գյումրիում բոլոր նախադրյալները կան տնտեսապես զարգացած քաղաք դառնալու համար: Մենք նրանից ճշտեցինքն, թե գյումրեցու թասիբից բացի՝ էլ ի՞նչ նախադրյալներ են մնացել ավերակ քաղաքում: «Նախադրյալները հենց գյումրեցիներն են, էլ ոչ մի ուրիշ նախադրյալներ չկան, փառք Աստծո, Գյումրիում տրադիցիոն կրթության մակարդակը միշտ բարձր է եղել, ամեն ինչ կառուցվում է մարդու շուրջ, Գյումրին ունի քաղաքային բնակչություն, որը սիրում է կրթվել, սովորել, մանավանդ՝ տեխնիկական գիտություններում, կարծում եմ՝ ամենամեծ ներուժը մարդն է, սարերն ու ձորերը չեն»,- ասում է Արման Սահակյանը: Ըստ մեր զրուցակցի՝ Գյումրիին կարող է եկամուտներ բերել նաեւ տուրիզմի զարգացումը, քանի որ Գյումրին Հայաստանի այն բացառիկ վայրն է, որը քաղաքի կենտրոնում ունի հին քաղաք՝ ինքնատիպ ճարտարապետությամբ:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30