
Որպես օրվա երգ, շատերի «պատին» կար Թաթայի, Արամեի ու Վերջին զանգի մասին նոր ստեղծված երգերի տեսահոլովակները: Դրանց թիվն ամեն տարի ավելանում է, բայց ըստ գրառումների երևում է, որ մարդիկ միևնույն է գերադասում են Թաթայի «Վերջին զանգը». «Էս երգը հենց լսում եմ, սկսում եմ լացել», «Իմ ամենասիրելի երգը», «Փշաքաղվում եմ էս երգից ու տեսահոլովակից»…
«Կարծում եմ` ամեն ինչ անհամացել ա. կեսը գոռում են` 9-Ա, որովհետև էդ դպրոցն ավարտել են ու գնում են ավագ դպրոց, կեսը` 12-Ա ու զգալով, որ հանգերն էդքան էլ չեն բռնում` գոռում են 10-Ա…. Բայց ամեն դեպքում շնորհավո~րում եմ, ես էս տոնը շատ եմ սիրում: Շնորհավոր նաև բոլոր նրանց, ովքեր համալսարան են ավարտել. մեր համար էլ ա վերջին զանգ հնչել», – իր ֆեյսբուքյան «պատին» գրել էր Անի Ավագյանը:
Բլոգներում նույնպես Վերջին զանգյան թեման էր արծարծվում: Արա Հարությունյանն իր բլոգում գրել է. «Դպրոցը չեմ սիրում: Էնքան չեմ սիրում, որ վինետկա չունեմ, որ վերջին դասին ու վերջին զանգին չմասնակցեցի, որ վիպուսկնո չգնացի ու համարյա եղբորս էի ուղարկելու ատեստատիս հետևից»: Փոխարենը «Areas blog»-ում շնորհավորանքներ ու մաղթանքներ էին շրջանավարտների համար: Bravo.am-ը գրել էր, թե ինչպես են Վերջին զանգն անցկացրել Չեխովի անվան դպրոցում՝ «Շրջանավարտները դպրոցի զինանշանը համարվող բալենու ճյուղը` հաջողության խորհրդանիշը, փոխանցեցին առաջին դասարանցիներին` բեղմնավոր ուսումնական կյանք ցանկանալով…»:
Տիգրանուհի Թասլակյան


















































