Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ եմ արել որ, 2 միլիոն բան եմ կերել, էլի»

Հոկտեմբեր 13,2012 13:25

Իր չարաշահումներն այսպես է մեկնաբանում «թոշակ բաժանող» տեսուչը

Չնայած կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում միլիոնավոր դրամների չարաշահումներ կատարած տասնյակ անձինք են կալանավորված, եւ ենթադրվում է, որ այդ աղմկահարույց բացահայտումներից հետո սոցիալական ապահովության ծառայության որոշ աշխատակիցներ, որոնց աշխատանքը կասկածի տակ է առնված, գոնե պետք է խելքները գլուխները հավաքեն, դեռ մի բան էլ իրենց անպատժելի են զգում: Այս ոլորտի նույնիսկ մանր-մունր պաշտոնյաները քաղաքացիների դժգոհություններին, մեղմ ասած, սանձարձակ պատասխաններ են տալիս:

74-ամյա Ռիմա Հակոբյանը նախորդ տարի ԱՄՆ-ից վերադառնալով Հայաստան՝ որոշել էր, ինչպես օրենքով է սահմանված, իր հասանելիք 3 տարվա կենսաթոշակը ստանալ: Դիմելով Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին՝ տիկին Հակոբյանը պարզել է, որ իր եւ ամուսնու այդ տարիների թոշակն ինչ-որ մեկն իրենց փոխարեն ստացել է: Սակայն մինչ սա պարզելը՝ տարածքային բաժնի պետ Գ. Մարտիրոսյանը սկզբում տիկնոջը վստահեցրել է, որ իբր թե օրենք է փոխվել, եւ տիկնոջն ու նրա ամուսնուն ընդհանրապես թոշակ չի հասնում, իսկ հետո հորդորել է դիմում գրել՝ հրաժարվել կենսաթոշակից:

«Բաժնի պետը մեր բոլոր պնդումներին, որ վճարեն մեր հասանելիքը, հայտարարեց՝ դիմումը չեմ ընդունի, թոշակ չեմ տա, ում ուզում եք՝ բողոքեք, ոչ մի բանի էլ չեք հասնի»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Ռիմա Հակոբյանի քույրը՝ Ռոզա Հակոբյանը: Նրա ներկայացմամբ՝ քրոջ հետ պարբերաբար այցելելով սոցապ ծառայության տարածքային բաժին եւ համառ պայքարից հետո՝ պարզել են, որ քրոջ եւ նրա ամուսնու մոտ 4 տարվա կենսաթոշակը վճարված է, ընդ որում, Ռիմա Հակոբյանի ամուսինը՝ Լյուդվիգ Սահակյանը, ԱՄՆ-ում մահացել է 2009 թվականին, սակայն մահվան մասին չիմանալով, «հուրախություն» սոցապի տարածքային բաժնի, աշխատակիցները շարունակել են նրա անունով թոշակը ստանալ: Տիկին Ռոզայի պատմելով՝ երբ պահանջել են ներկայացնել, թե ո՞վ է իրենց փոխարեն ստորագրել եւ, այսպես ասած՝ ով է յուրացրել իրենց հասանելիք գումարը, Լուչեւայա «Գ», բնակարան 5 հասցեի սոցապ ծառայության տեսուչը՝ Սաքոն, փոխանակ գոնե մի փոքր համեստություն դրսեւորեր, դեռ մի բան էլ համարձակորեն խոստովանել է իր կատարած խարդախությունները. «Հա, լավ, ի՞նչ եմ արել, 2 միլիոն դրամ եմ էլի կերել, ում ուզում եք՝ բողոքեք, մեկ ա՝ էդ փողն էլ չեք կարա ստանաք»,- պատմեց տիկին Ռոզան:

Այն, որ Ռիմա Հակոբյանի եւ Լյուդվիգ Սահակյանի՝ 2008-ի օգոստոսից մինչեւ 2010 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կենսաթոշակները վճարվել են, գրավոր հաստատել է նաեւ հենց սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ տիկին Ռոզայի հարցումներին ի պատասխան: Այդ փաստաթղթի պատճենը գտնվում է նաեւ «Առավոտի» խմբագրությունում: Սոցապի այս փաստաթղթում նաեւ գրված է՝ «Ծառայությունը չի տնօրինում կենսաթոշակը՝ իրենց փոխարեն օրենքով այն ստանալու իրավունք չունեցող անձի կողմից ստանալու վերաբերյալ փաստերին»:

«Քույրս, որը մտադրություն ուներ երկքաղաքացիություն ստանալ ու ընդմիշտ Հայաստան վերադառնալ, այս դեպքերից հետո լրիվ մտքափոխվեց, այնքան է հիասթափվել ու վիրավորվել, որ այլեւս ցանկություն չունի գոնե ժամանակավոր այցելել Հայաստան»,- ասաց Ռոզա Հակոբյանը:

Նկատենք, որ, 4 տարվա թոշակները իրենցով անելուց բացի՝ սոցապ ծառայությունը յուրացրել է մինչեւ 2011 թվականն ընկած ժամանակահատվածի կենսաթոշակները, իսկ Ռիմա Հակոբյանը պահանջել է նաեւ 2011 թվականի հունվարից-օգոստոս ամիսների գումարը, սակայն սա էլ մերժել են: Ռիմա Հակոբյանի քրոջ ներկայացմամբ՝ «Մեզ ասացին՝ իբր չեն կարող թոշակ տալ, քանի որ քույրս երկքաղաքացիություն ունի եւ ԱՄՆ-ում ստանում է թոշակ: Մինչդեռ նա այդ ընթացքում դեռեւս ԱՄՆ-ի քաղաքացիություն չէր ստացել, նա ԱՄՆ քաղաքացի եւ ՀՀ երկքաղաքացի է դարձել Հայաստանում թոշակը պահանջելուց 2 ամիս հետո: Ամեն քայլափոխի օրենք են խախտում»: Տիկին Ռոզան քրոջ իրավունքները պաշտպանելու նպատակով դմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ՄԻՊ), որն արդեն երկար ժամանակ է՝ զբաղվում է այս գործով: Սակայն զավեշտալին այն է, որ եթե անգամ հաջողվի քրոջ եւ նրա մահացած ամուսնու կենսաթոշակները ստանալ, ապա ոչ թե «Պետական կենսաթոշակների մասին» նախկին օրենքով՝ վերջին 3 տարիների, այլ փոփոխված օրենքով՝ ընդամենը վերջին 1 տարվա կենսաթոշակը կվճարվի: Այսինքն՝ նախկին օրենքով արտերկրում բնակվող թոշակառուն Հայաստան վերադառնալուց եւ ՀՀ բնակչության պետռեգիստրում հաշվառումից հետո իրավունք ուներ վերջին 3 տարիների կենսաթոշակը ստանալ, իսկ այս տարվա մայիսին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո այդ ժամկետը կրճատվեց եւ սահմանվեց 1 տարվա թոշակ ստանալու իրավունք: Նշենք, որ օրենքի այս փոփոխությունը ՄԻՊ-ը բողոքարկում է Սահմանադրական դատարանում, որը դեկտեմբեր ամսին խնդիրը կքննարկի:

«Ուրեմն ինչ-որ տեսուչներ հանգիստ խղճով միլիոններ ուտեն, ազնիվ քաղաքացիների տարիներով վաստակած թոշակներն էլ պետությունը բռնի ու հանգիստ կրճատի, էլի: Ուրեմն՝ լավ են անում այն մարդիկ, ովքեր այստեղից գնում են»,- դժգոհեց Ռոզա Հակոբյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031