
Նվագախմբի ներկայիս տնօրեն Նորայր Նազարյանը ավելի վաղ մեր զրույցում ասել էր, թե ինքը նոր է աշխատում եւ կարող է խոսել միայն այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Ըստ այդմ, նվագախմբի երաժիշտներից մեկը արդեն երկրորդ տարին է՝ գտնվում է արտերկրում։ Ալտահարը, նրա խոսքով, Գերմանիա է մեկնել ուսանելու, բայց խոստացել է վերադառնալ։ Նվագախմբում, սակայն, թերահավատ են։ «Ով Գերմանիա է գնում, հետ չի գալիս»,- ընդգծեց Կամերային նվագախմբի տնօրենը։
Իսկ, օրինակ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից վերջին երեք տարում արտասահման աշխատելու է մեկնել տասը հոգի։ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց աշխատակիցները սկսել են արտագաղթել միայն վերջերս: Մեզ նաեւ Հայաստանից հեռացածների անվանացանկ տրամադրվեց։ Ըստ այդմ, բալետի արտագաղթած դերասանները՝ ընդհանուր առմամբ 5 հոգի, բոլորը մեկնել են Իսրայել։
Բալետի դերասաններ
Կարդացեք նաև
Արմեն Նազարյան – Իսրայել
Նարեկ Մարտիրոսյան – Իսրայել
Ալբինա Ղազարյան – Իսրայել
Էդուարդ Սարգսյան – Իսրայել
Ինգա Դիմիտրյան – Իսրայել
Մեներգիչ
Կարո Խաչատրյան – Գերմանիա
Նվագախմբի երաժիշտներ
Հայկ Բաբայան – Վրաստան
Մանե Աթանեսյան – ԱՄՆ
Վարդան Անատոլյան – ԱՄՆ
Սիրանուշ Ասլանյան – ԱՄՆ
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը փոխանցեց, որ բալետի նշված դերասաններն, օրինակ, ամսական ստանում են հազար դոլար աշխատավարձ։ Դա, ըստ նրա, Իսրայելի պայմաններում փոքր գումար է, որովհետեւ ընդամենը կոմունալ ծախսերը հոգալուց հետո գրեթե ոչինչ չի մնում։ Այդ դեպքում ի՞նչն է ստիպում արտիստներին՝ ընտրել այդ ճանապարհը։ Կամո Հովհաննիսյանը կարծում է, որ նրանք հույս ունեն նկատվել եւ հետագայում աշխատանքի անցնել մեկ այլ երկրում։
Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, թատրոնի եւ կինոյի դերասաններին, ապա այդ ասպարեզի ներկայացուցիչները մեր զրույցում նշեցին, որ հիմնականում արտագաղթում են սկսնակ դերասանները։ Իսկ ահա կայացած արտիստները, որպես կանոն, իրենց ստեղծագործական կյանքը չեն զոհաբերում հանուն որեւէ բանի։ Այդուհանդերձ, նաեւ որոշակի հաջողությունների հասած դերասաններն են արտագաղթում։ Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանից հեռացել է Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը։ Նույն թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Ղափլանյանը նույնպես արտերկրում է ապրում։ «Արտագաղթելու խնդիրը ամեն վայրկյան կախված է բոլորիս գլխին»,- իր անունից, նաեւ իր գործընկերների անունից համոզմունք հայտնեց մեր զրուցակից դերասանը։
Նշենք, որ արտագաղթը «խմբագրում է» նաեւ շոու բիզնեսի ոլորտը։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, արտերկիր են տեղափոխվել, մասնավորապես, հետեւյալ երգիչ-երգչուհիները՝ Արա Մարտիրոսյան, Անահիտ Մանուկյան, Շպռօտ, Անի Քրիստի. Նաիրա Տեր-Կարապետյան։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»


















































