Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից հեռանում են նաեւ երգիչները եւ դերասանները

Նոյեմբեր 01,2012 10:47

Երգիչները, երաժիշտները, բալետի պարողներն իրենց մասնագիտական հմտությունները դրսետրելու եւ արժանապատիվ վարձատրություն ստանալու համար ասպարեզ են փնտրում այլ երկրներում։ Հայաստանի պետական կամերային երգչախմբից, օրինակ, նախորդ տասը տարիների ընթացքում հեռացել է առնվազն 15 երգիչ։ «Տասը տարիների ընթացքում ամենալավ ձայները արտագաղթել են Գերմանիա, Իտալիա, եվրոպական այլ երկրներ»,- մեր զրույցում ասաց երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը։ Կամերային երգչախմբի անդամները, ըստ Արաբյանի, արտասահմանում ստանում են շուրջ 50 անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան նրանց հնարավորություն կա վճարելու Հայաստանում։ Արտերկրում աշխատելու համար լեզվի խնդիրը խոչընդոտ չի հանդիսանում։ «Մասնագիտական այնքան բարձր մակարդակ ունեն, որ լեզվի խնդիրը երկրորդական է դառնում»,- վստահեցրեց երգչախմբի տնօրենը։ Արմեն Արաբյանն, ի դեպ, մինչ այդ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենն էր։ Եվ համաձայն նրա ներկայացրած տվյալների՝ դարձյալ վերջին տասը տարվա ընթացքում նվագախմբի երաժիշտներից շուրջ 15-ը արտագաղթել են Հայաստանից։ Այժմ արդեն նրանք աշխատում են եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում։

Նվագախմբի ներկայիս տնօրեն Նորայր Նազարյանը ավելի վաղ մեր զրույցում ասել էր, թե ինքը նոր է աշխատում եւ կարող է խոսել միայն այդ ժամանակահատվածի վերաբերյալ։ Ըստ այդմ, նվագախմբի երաժիշտներից մեկը արդեն երկրորդ տարին է՝ գտնվում է արտերկրում։ Ալտահարը, նրա խոսքով, Գերմանիա է մեկնել ուսանելու, բայց խոստացել է վերադառնալ։ Նվագախմբում, սակայն, թերահավատ են։ «Ով Գերմանիա է գնում, հետ չի գալիս»,- ընդգծեց Կամերային նվագախմբի տնօրենը։

Իսկ, օրինակ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից վերջին երեք տարում արտասահման աշխատելու է մեկնել տասը հոգի։ Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց աշխատակիցները սկսել են արտագաղթել միայն վերջերս: Մեզ նաեւ Հայաստանից հեռացածների անվանացանկ տրամադրվեց։ Ըստ այդմ, բալետի արտագաղթած դերասանները՝ ընդհանուր առմամբ 5 հոգի, բոլորը մեկնել են Իսրայել։

Բալետի դերասաններ

Արմեն Նազարյան – Իսրայել

Նարեկ Մարտիրոսյան – Իսրայել

Ալբինա Ղազարյան – Իսրայել

Էդուարդ Սարգսյան – Իսրայել

Ինգա Դիմիտրյան – Իսրայել

Մեներգիչ

Կարո Խաչատրյան – Գերմանիա

Նվագախմբի երաժիշտներ

Հայկ Բաբայան – Վրաստան

Մանե Աթանեսյան – ԱՄՆ

Վարդան Անատոլյան – ԱՄՆ

Սիրանուշ Ասլանյան – ԱՄՆ

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը փոխանցեց, որ բալետի նշված դերասաններն, օրինակ, ամսական ստանում են հազար դոլար աշխատավարձ։ Դա, ըստ նրա, Իսրայելի պայմաններում փոքր գումար է, որովհետեւ ընդամենը կոմունալ ծախսերը հոգալուց հետո գրեթե ոչինչ չի մնում։ Այդ դեպքում ի՞նչն է ստիպում արտիստներին՝ ընտրել այդ ճանապարհը։ Կամո Հովհաննիսյանը կարծում է, որ նրանք հույս ունեն նկատվել եւ հետագայում աշխատանքի անցնել մեկ այլ երկրում։

Իսկ ինչ վերաբերում է, օրինակ, թատրոնի եւ կինոյի դերասաններին, ապա այդ ասպարեզի ներկայացուցիչները մեր զրույցում նշեցին, որ հիմնականում արտագաղթում են սկսնակ դերասանները։ Իսկ ահա կայացած արտիստները, որպես կանոն, իրենց ստեղծագործական կյանքը չեն զոհաբերում հանուն որեւէ բանի։ Այդուհանդերձ, նաեւ որոշակի հաջողությունների հասած դերասաններն են արտագաղթում։ Մասնավորապես, վերջին տարիներին Հայաստանից հեռացել է Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանը։ Նույն թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Ղափլանյանը նույնպես արտերկրում է ապրում։ «Արտագաղթելու խնդիրը ամեն վայրկյան կախված է բոլորիս գլխին»,- իր անունից, նաեւ իր գործընկերների անունից համոզմունք հայտնեց մեր զրուցակից դերասանը։

Նշենք, որ արտագաղթը «խմբագրում է» նաեւ շոու բիզնեսի ոլորտը։ Վերջին տարիներին, ինչպես հայտնի է, արտերկիր են տեղափոխվել, մասնավորապես, հետեւյալ երգիչ-երգչուհիները՝ Արա Մարտիրոսյան, Անահիտ Մանուկյան, Շպռօտ, Անի Քրիստի. Նաիրա Տեր-Կարապետյան։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930