Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը` նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների մասին

Փետրվար 24,2013 14:54

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը, ուսումնասիրելով ՀՀ նախագահական վերջին ընտրությունների ամբողջ ընթացքը` քարոզարշավի եւ քվեարկության փուլերն ամբողջությամբ, ինչպես նաեւ հետընտրական զարգացումները.

1. Բարձր է գնահատում բոլոր այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր չենթարկվեցին կամարտահայտման դեմ ճնշումներին, անկաշառ եղան, ու ազատորեն մասնակցեցին ընտրություններին: Չնայած` ինչպես ամբողջ երկրում, այնպես էլ Շիրակի մարզում եղած բազամաթիվ օրինախախտումներին եւ ճնշումներին, գյումրեցիների եւ շիրակցիների քվեներն ուղղակի արտացոլում են քաղաքում եւ մարզում առկա այն ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկության, աղքատության եւ անօթեւանության այն ամոթալի մակարդակը, որին նախաձեռնությունը անդրադարձել է բազմիցս, ինչին իշխանությունները պատշաճ ուշադրություն չեն դարձրել:

2. Արձանագրում է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ կամք չդրսեւորեցին ազատ ընտրությունների անցկացման, նախորդ ընտրությունների կեղծարարներին բացահայտելու եւ պատժելու, այս ընտրություններում կեղծիքներն ու խախտումները կանխարգելելու համար, արդյունքում` Հայաստանում փետրվարի 18-ին նախագահական ընտրությունները լի էին ահռելի ծավալի օրինազանցություններով, ինչը հիմք է տալիս հայտարարելու, որ ԿԸՀ հրապարակած արդյունքները չեն արտացոլում իրականությանը: Ստեղծված իրավիճակի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են:

3. Գտնում է, որ բոլոր այն տեղական եւ միջազգային դիտորդական առաքելությունները, որոնք այս ընտրություններում տեղ գտած օրինազանցությունները գնահատում են որպես «ոչ էական» կամ «արդյունքների վրա չազդած», պարտավոր են պատշաճ կերպով հիմնավորել իրենց գնահատականները չափելի, քանակական եւ որակական ցուցանիշներով, այլապես այդ գնահատականները ընդամենը կողմնակալ հայտարարություններ են, որոնք չեն բխում ժողովրդի շահերից, այլ ընդամենը սպասարկում են նեղ մասնավոր շահեր: Անհիմն հայտարարությունները առնվազն թեթեւամիտ վերաբերմունք են Հայաստանի եւ նրա ժողովրդի նկատմամբ:

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը, գնահատելով Հայաստանում ստեղծված հետընտրական այս իրադրությունը որպես համաժողովրդական ընդվզում, նկատելով, որ այն վերածվում է համաժողովրդական շարժման.

Ա. Կոչ է անում քաղաքական եւ քաղաքացիական ուժերին` համախմբվել ազատ, արդար եւ իրավական Հայաստանի կառուցման, ժողովրդավարական արժեքների եւ մարդու հիմնարար իրավունքների հաստատման համար;

Բ. Վերահաստատում է հանրության պահաջը` բացահայտել եւ պատժել ընտրակեղծարարներին;

Գ. Հայտարարում է, որ «Քաղաքը մերն է» նախաձեռնությունը իր մասնակցությունն է  բերում համաժողովրդական շարժմանը:

 

«Քաղաք Մերն է» քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728