Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ, մաքրող փոթորիկ էր». Ալեքսանդր Մանասյանը` Ղարաբաղյան շարժման մասին (Տեսանյութ)

Փետրվար 28,2013 15:10

«Թեեւ շարժումից անցել է քառորդ դար, բայց դեռ բազմաթիվ հարցեր չեն ստացել իրենց պատասխանները»

«Ինչու՞ մենք թույլ տվեցինք դա, ինչու՞ հենց մենք դարձանք այդ կոտորածների զոհը»,- հարցնում է Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ու հավելում, որ այս եւ մի քանի այլ հարցեր` կապված սումգայիթյան ջարդերի հետ, դեռեւս իրենց պատշաճ պատասխանները չեն ստացել:

«Թուրքի քաղաքական գիտակցության մասին ուսումնասիրություններ, որոնք ներկայանալի լինեին աշխարհին, չկան: Այնքան  նմանություններ կան 1915 թվականի իրադարձությունների, Ստամբուլում տեղի ունեցած հայերի ջարդերի եւ Սումգայիթում տեղի ունեցած ջարդերի միջեւ: Դրանք նույն քաղաքական մշակույթի դրսեւորումներն են»,- այսօր «Նովոստի» լրատվական կենտրոնում, խոսելով 25 տարի առաջ տեղի ունեցած սումգայիթյան կոտորածների մասին, ասաց Ալ. Մանասյանը:

Պրոֆեսորը բողոքում է, որ նույնիսկ սումգայիթյան ջարդերից քառորդ դար հետո, ջարդերի հետ կապված փաստերը բարձրաձայնում են որոշ անհատներ, մինչդեռ չկա համակարգված հետազոտություն այդ մասին, որը կարելի կլիներ ներկայացնել աշխարհին:

Ըստ բանախոսի` ներկայում էլ մեր քաղաքական գիտակցության ներսում բազմաթիվ հասկացություններ, սկզբունքներ բացատրություններ չունեն:

«Շարժման սկզբից մենք հրապարակ իջանք եւ պահանջեցինք, որպեսզի հայ փոքրամասնության շահերը Ադրբեջանում պաշտպանվեն: Հայերը Ադրբեջանում ազգային փոքրամասնություն չեն եղել: Հայերը Ադրբեջանի Հանրապետության հիմնադիր ժողովուրդներից մեկն են եղել»,- ցավով նշեց քաղաքագետը` նկատելով, որ մեզանում առաջ երբեւէ չի շրջանառվել «ադրբեջանահայություն» հասկացությունը:

«Ցավոք, մինչ օրս մենք չգիտենք, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը: 1917 թվականի հեղափոխությունից առաջ հայտնի էր, որ Քարվաճառը, Լաչինը, Շահումյանը Լեռնային Ղարաբաղի մի մասն են: Այն բանից հետո, երբ մարզը ստեղծվել է, չընդունված որոշմամբ Լեռնային Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին, որպեսզի Լեռնային Ղարաբաղին տրվի մարզային ինքնավարություն:  Այս փաստը մենք այդպես էլ չկարողացանք օգտագործել եւ մինչեւ օրս էլ չենք կարողանում: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի նախկին մարզը չէ»:

Aravot. am-ի այն հարցին, թե Ադրբեջանում գործող իշխանությունների փոփոխման դեպքում հնարավո՞ր է նվազի հայատյացության չափը, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց. «Այն, ինչ նրանք դարերի ընթացքում ձեռք են բերել, նրանց մեջ խորն է նստած: Հայկական մշակույթում Դավիթն ասում է` ով քնած է, ելեք-կացեք, զենք կապեցեք, իսկ սա (նկատի ունի հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում քնած վիճակում կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին-խմբ.) գնում, քնած մարդուն ա սպանում: Եվ դրանից հետո էդ մարդասպանի, էդ կացնահարի անունով ծննդատներում հարյուրավոր երեխաներ են կոչել: Դա ազգային մտածելակերպ է: Ազգային մտածելակերպը կապ չունի քաղաքական իշխանության հետ: Պետք չէ միամիտ լինել»:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728