Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի փոխվարչապետը խոսեց Արցախի վերաբնակեցման մասին

Հուլիս 27,2013 15:05

«Վերաբնակեցումը Արցախյան զինադադարից հետո Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն այդպես էլ չի իջնում ամբիոններից: Այդ թեմային պետք է մի ձեւ առնչություն ունենանք»,- ասում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ու ավելացնում, որ Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ամենահաճախակի տրվող հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախում վերաբնակեցումը դանդաղում: Պարոն Աղաբեկյանը նկատում է, որ այդ քննադատությունները հիմնականում ճիշտ են, սակայն «երբ լսում են երկու երկրների կառավարություններին, իրենք էլ տեսնում են, որ մենք ճիշտ ենք»:

Արթուր Աղաբեկյանը, որի հետ Հայաստանից մեկնած լրագրողների խումբը հանդիպեց հուլիսի 25-ին, ասաց, որ վերաբնակեցման խնդիրը պետք է միշտ արդիական լինի: Նա նաեւ նշում է, որ վերաբնակիչը պետք է, այսպես ասած՝ «կույր լինի», տեղեկություն չունենա, թե ուր է գնում եւ ինչ է իրեն սպասվում. «Առանց գիտակցելու, թե ինչպիսի խնդիրներ են սպասվում իրենց, բազմաթիվ հայրենակիցներ որոշեցին գալ եւ վերաբնակվել»,- ասաց  Արթուր Աղաբեկյանը ու վստահեցրեց, որ կառավարությունը աջակցում է այն վերաբնակչին, ով պատրաստ է սեփական ուժերով տրամադրված շինությունում կառուցել տուն եւ հարմարվել: Բայց նա նաեւ ստիպված էր նկատել, որ իրենց ռեսուրսները սահմանափակ են` իրականացնելու վերաբնակեցում լայն թափով: Փոխվարչապետն ասաց, որ Արցախում կան 50 բնակիչ ունեցող գյուղեր, որոնք պետության համար ծանր բեռ են, եւ այդ գյուղերում սոցիալական ծրագրերի իրականացումը փոխվարչապետը համարում է անարդյունք. «Մինչեւ 200 բնակիչ ունեցող գյուղի համար գյուղապետը ամեն ինչ կանի, որ բնակիչների թիվը ավելանա»:

Ըստ Արցախի փոխվարչապետի՝ վերաբնակեցմանը ավելի լայն թափ կտրվի 2014 թվականից: Հայաստանից Արցախ բնակիչներ բերելը փոխվարչապետի համար վերաբնակեցում չէ, այլ տարբնակեցում:

Քաշաթաղ, Հադրութ, Քարվաճառ՝ այս շրջաններում կան բազմաթիվ գյուղեր, որոնց բնակիչների թիվը 1000-ի է հասնում, եւ այդ գյուղերում վերաբնակեցում կատարելը հիմնավորված է:

Արթուր Աղաբեկյանը խոսեց նաեւ Արցախում ձեռնարկված նոր վիճակախաղի մասին, որը մեծ հնարավորություններ է ընձեռում: Շահումը, ըստ փոխվարչապետի, դրամական միջոց չէ: Տոմսերի գնումից ստացված շահույթի առնվազն  40%-ն  օգտագործվելու է վերաբնակեցման ծրագրի համար. «Շահում են Արցախում արտադրված գորգեր եւ  սիմվոլիկ բնակարաններ»: Մեկ վիճակախաղի տոմսը արժե 2000 դրամ: Դեկտեմբերի 28-ին կտրվի խաղարկության մեկնարկը՝ ի նշան ԼՂՀ հիմնադրմանը. «Այդ վիճակախաղի տոմսը գիտակցենք որպես ազգային տուրք, որ մասնակից ենք դառնում շատ կարեւոր մի գաղափարի կյանքի կոչմանը»:

ՄԵԼԱՆՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախ, Ստեփանակերտ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031