Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ես արգելել եմ, որ այդ հատվածում «Տեխնոման» ընկերությանը որեւէ բան անի»

Օգոստոս 08,2013 20:33

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչները տագնապի մեջ են. լրատվամիջոցներում  հայտնվել է տեղեկատվություն, ըստ  որի՝ օգոստոսի 7-ի առավոտյան գյուղ էր ժամանել «Տեխնոման» ՍՊԸ անվամբ մի կազմակերպություն, ով գյուղի բնակչությանը ցույց է տվել թույլտվություն՝ տնօրինելու գյուղի տարածքում գտնվող հանքային ջրի բնական պաշարները: Համայնքի  բնակիչները ոտքի են կանգնել, չեն թույլատրել, որ  ընկերության ներկայացուցիչները որեւիցե քայլ ձեռնարկեն, դիպչեն բնական պաշարներին:

Aravot.am-ը զրուցեց գյուղի բնակիչ Համլետ Հակոբյանի հետ, ով նույնպես մտահոգված է գյուղի նոր «հյուրերի» այցով եւ նրանց ունեցած նպատակներով: Պարոն Հակոբյանը պատմեց. «Ես ու կինս  գյուղամիջյան գերեզմանոցից գալիս էինք, տեսանք՝ գյուղի Չայիրներ կոչվող հատվածում  մեքենաներ կան կանգնած, հետաքրքիր էր, տեսանք, որ այնտեղ մեքենաներ են աշխատում, ուզում էինք մոտենալ, ջրից օգտվել, բայց մեր համայնքի ղեկավարը եկավ, մեզ թույլ չտվեցին մոտենալ, բարեւեց իրենց,  մատով, ձեռքով ինչ-որ բան ցույց տվեց, մեքենան սկսեց փորել»:

Պարոն Հակոբյանը տեղյակ էր, թե ինչպես է սկսվել ամենը. «Մեր մոտ կա մի ռեստորան, որը մեր համայնքի նախկին ղեկավարի սեփականությունն էր, ասում էին, որ դա վաճառել են «Ջերմուկ Գրուպ»-ին, այդտեղ ինչ-որ հորատում են իրականացրել, որ գազով հարուստ հանքային ջուր հանեն, բայց այդ գործընթացն իր արդյունքը չի տվել, որովհետեւ բավարար չափով  գազ չի եղել այդ հանքային ջրի մեջ, եկել են այդտեղ, գյուղի այդ հատվածը մենք անվանում ենք Չայիրներ, ջուրն այդտեղ բուժիչ հատկություններ ունի, օգտագործում են ալերգիաների, ստամոքսի հիվանդությունների, ռեւմատիզմի դեմ, բնակչությունը գալիս է, ջուր է խմում այդտեղից, նաեւ բուժումներ են իրականացնում: Հիմա ուզում են այդ ջրի գազն իրենց համար օգտագործեն,- պատմում է պարոն Հակոբյանը:

Ասում է, որ «Տեխնոման» ՍՊԸ-ի ներկայացուցիչներն իրենց հավաստել են, որ իրենք նախագծային աշխատանք կատարելու դիմում են ներկայացրել պատկան մարմիններին, որ քննարկում իրականացվի Լիճքի բնակչության շրջանում այդտեղ աշխատանքներ սկսելու համար: «Սակայն հստակ կարող եմ ասել, ես ինքս դպրոցի խորհրդի կառավարման նախագահն եմ,  նաեւ  ՀՅԴ մարզային խորհրդի անդամ,  տեղյակ չեմ եղել, ոչ ոք տեղյակ չէր  հանրային քննարկումից, ոչ մի քննարկում չի եղել, գյուղի բոլոր մտավորականներն էլ կարող են դա փաստել: Երեկվա դրությամբ գյուղի բնակիչները ոտքի են կանգնել, կպայքարենք: «Տեխնոման»  ընկերության ներկայացուցիչների  հավաստմամբ՝ գազն են միայն ջրից տանելու,  ջուրը թողնեն, որ օգտվի ժողովուրդը, բայց  գիտենք՝ գազը տարան, ջուրն էլ են տանելու»,- ասում է պարոն Հակոբյանը եւ փաստում, որ գյուղի երիտասարդությունը՝ ուսանողները, երիտասարդ ուսուցիչները, մոտ քառասուն կանայք երեկվանից միացել են բողոքի ակցիային եւ չեն թույլատրում, որ հանքային պաշարներին մոտենան:

«Մենք նամակ ենք ուղղել նաեւ համայնքի  ղեկավարին՝ պարզություն մտցնելու այս իրավիճակում: Մենք արտագնա աշխատանքի գնացած բնակիչներին էլ ենք տեղեկացրել այս մասին, նրանք էլ դատապարտում եմ եւ տեղեկացնում, որ տեղյակ չեն, որ նման բան էր տեղի ունենալու: Բացի այդ՝ եթե ցանկանան խողովակաշարով անցկացնել՝ այդ ջուրը տանելու արտադրական տարածք, պետք է սեփականաշնորհված տարածքներով անցնեն, իսկ տվյալ սեփականաշնորհված տարածքների սեփականատերերը հիմա արտագնա աշխատանքի են: Ես զարմանում եմ՝ ինչպե՞ս են առանց այդ սեփականատերերի թույլտվության այդ գործը իրականացնելու»,- ասում է  Լիճք գյուղի բնակիչ  Համլետ Հակոբյանը:

Լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ գյուղի ակտիվիստների խոսքով` համայնքի ներկայիս ղեկավար Գնել Գրիգորյանը՝ նախկին գյուղապետ Շամս Հայրապետյանի հետ  համագործակցելով մարզային բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ՝ բիզնես նպատակով վաճառել են Լիճք համայնքին ու բնությանը պատկանող հանքային ջրի աղբը:

Aravot.am-ը զրուցեց Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանի հետ: Պարոն Գրիգորյանը եւս ամբողջ պատմությանը տիրապետում էր, միայն ավելացրել իր դիտարկումները. «Ես արգելել եմ, որ այդ հատվածում «Տեխնոման»  ընկերությանը որեւէ բան անի: Ոչ ոք ինձանից թույլտվություն չի հարցրել, ես ավագանու որոշում չեմ տվել, հանրության հետ չեմ խոսել: Ուզում են ինձ վարկաբեկել, ասել են, թե իբրեւ ես համագործակցում եմ չգիտեմ  ու՞մ հետ, չգիտեմ ի՞նչ… կաշառել են, դրանք հերյուրանքներ են, ես կարող եմ ապացուցել, որ արգելել եմ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից են լիցենզիա ստացել այդտեղ գործելու, բայց թույլտվություն ինձանից չեն հարցրել, որովհետեւ ես եմ համայնքի ղեկավարը, ժողովուրդը ինձ է ընտրել, որպես ղեկավար, ես պատասխանատու եմ նրանց առաջ,- ասաց պարոն Գրիգորյանը եւ ավելացրեց, -փորել, ավարտել էին, ես մեքենայով գնացել եմ, ընկերության ներկայացուցիչների հետ խոսել եմ, կարճ ասած, կասեցրել եմ գործը, իմ ասելուց հետո են գործը կասեցրել: Ես թույլ չեմ տա, որ նրանք որեւէ բան անեն»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Արաքս Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ Հակոբյան says:

    Շնորհակալություն… պարզապես այս մարդը չգիտի,թե ինչ է ասում և անում, բացահայտ ստում է…Եթե իր ասածով էին կասեցրել,բա օգոստոսի -7ին ինչու էին եկել ապամոնտաժելու հանքային ջրի խողովակը: Խնդրում եմ ուշադրութուն դարձնել Թերթ .am ին տրված պատասխանները՝մեջբերում եմ թերթիցԱյս մասին Tert.am-ին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը՝ նշելով, որ չգիտի, թե խոսքը ինչ ընկերության մասին է:

    «Նրանք նախարարության կողմից ունեն թույլտվություն: Հանքային ջուրը, որ դուրս է գալիս, բերում, գյուղում գազի գործարան են կառուցում, սա է խնդիրը, չգիտեմ՝ ձեզ ով է տեղեկացրել, բայց իրենք առանց հասկանալու, առանց գիտակցելու կապել են ինձ հետ, իբր ես եմ թույլատրել և այլն, ես դրա իրավունքը չունեմ, դա պետությունն է թույլատրել, ես կարո՞ղ եմ առարկել պետության որոշումը, իհարկե ո՛չ»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ գազի CO2 կայան են ուզում ստեղծել. գազը վերցնում, մշակում են, որպեսզի օգտագործեն հանքային ջուր արտադրելու համար. «Մեկ ա, էդ ջուրը հելել-թափում ա»:

    Հարցին, թե արդյոք կայաններ կառուցելուց հետո ժողովուրդն այդ ջրից կարո՞ղ է օգտվել, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ կարող են, ջուրն էլի մի տեղից դուրս է գալու, թափվելու է գետը, առայժմ ոչ մի բան չկա կառուցված, բայց պետք է մի ինչ-որ փոքր կայան կառուցվի, իսկ մինչև հիմա մարդիկ այդտեղից մեկ-մեկ ջուր են խմում:

    Գյուղապետն ինքը՝ կողմ էր այդ որոշմանը. «Կողմ եմ նրա համար, որ գյուղում աշխատատեղ է ստեղծվում, մոտ 10-12 աշխատատեղ է ստեղծվելու: Չեմ կարծում, որ դա կխանգարի ինչ-որ մեկին, չպիտի որ խանգարի, իսկ տարածքը սեփականատեր ունի, համաձայնվել է»:Եթե այդպես է թող միանա մեր պայքարին ու գիշերները չքնի…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031