Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է փոխվում կնոջ կյանքում մայրանալուց հետո

Սեպտեմբեր 09,2013 15:18

«Կնոջ համար մայրանալն ամենամեծ երջանկությունն է, երբ տեսնում ես, որ քո մի մասնիկն է այն կողմում վազվզում, երբ գրկում ես նրան, կերակրում ես… դրանից ավելի մեծ ուրախություն երևի թե չկա, – ասում է 25-ամյա Հասմիկը, ում բալիկն արդեն 2 տարեկան է, – երեխայի մեծանալու հետ մեկտեղ ինքդ էլ ես մեծանում, հասունանում ու հասկանում ես, որ հենց երեխան է ամենաթանկ էակը քո կյանքում»:

30-ամյա Քրիստինեի խոսքով` մայրությունն ամբողջովին փոխում է կնոջ կյանքը. «Երեխան ծաղիկ է, երբ այն դեռ սերմ է լինում պետք է խնամել ու հոգ տանել նրա մասին, որ ծաղկի, մեծանա, – ասում է նա, – հասկանու՞մ ես, որ բալիկդ քո կարիքն ունի, դեռ փոքր է, առանց քեզ ոչինչ չի կարող անել ու այդ մտքից նոր ուժ ես ստանում, պատասխանատվության զգացումդ է մեծանում, կյանքդ նոր իմաստ է ստանում»:

«Երբ երեխա ես ունենում հերթական անգամ, սկսում ես մտածել՝ որտե՞ղ է ավարտվում տիեզերքը, և ինչպե՞ս է լույս աշխարհ եկել առաջին մարդը, – ասում է 5-մյա Սամվելի մայրիկ Դիանան ու հավելում, – գուցե տարօրինակ հնչի, բայց դա այդպես է:  Նրա առաջին բառերը, առաջին քայլերը, ժպիտը… գժվել կարելի է այդ ամենից. ամեն ինչ այնքան հետաքրքիր է, կարծես նրա ծնվելով դու նոր կյանք ես մտնում, հասկանում ես, որ մի մեծ գանձ ունես, որ պատասխանատու ես նրա համար»:

Հոգեբան Աննա Բաբայանի խոսքով՝ կնոջ կյանքը, առօրյան ենթարկվում են գլոբալ փոփոխությունների.  «Քանի որ հղիությունը ուղեկցվում է ոչ միայն ֆիզիոլոգիական այլ նաև հոգեկան փոփոխություններով, ուստի ամենվառ արտահայտված հոգեբանական փոփոխությունները նկատելի են դառնում մայրանալուց հետո, – ասում է նա, – կնոջ կյանքում նոր  շրջան է սկսվում, նա գիտակցում է, որ գուցե չկարողանա նախկինի նման բավարար ժամանակ տրամադրել իր համար, դրա փոխարեն այդ ժամանակը վերափոխվում է մայրական հոգատարության և ընտանեկան կարիքների բավարարմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ»: Ինչպես նշում է հոգեբանը՝ հաճախ հետծննդաբերական շրջանում կնոջը ուղեկցում է սթրեսը: Նա մտածում է, որ չի կարող բավարար ջերմություն և հոգատարություն տալ իր երեխային. «Կանայք այդ վիճակում փոխարեն զբաղվեն և ուրախանան երեխայով՝ բազմաթիվ անհիմն պատճառներով իրենց համար տխուր մտքեր են ստեղծում և ինքնամեկուսանում: Այս ամենը տարօրինակ չէ, գրեթե բոլոր կանանց մոտ լինում է, սակայն տարբեր ինտենսիվությամբ, – ասում է հոգեբանն ու հավելում, – իհարկե այս մտածմունքները ժամանակը ընթացքում վերանում են»: Հոգեբանի խոսքով՝ այս ամենի դեմ միայնակ պայքարելը կնոջ համար շատ դժվար կլինի. «Ընտանիքի անդամների ու հատկապես վստահ ամուսնու հոգատար և ուշադիր վերաբերմունքը կարող է օգնել կնոջը զգալ ավելի ուժեղ ու սիրված»:

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30