Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է մարդն արտակարգ իրավիճակներում անում այնպիսի բաներ, որոնք սովորական կյանքում անհնարին են թվում․ «Հիստերիկ ուժի» առաջացման մեխանիզմները

Ապրիլ 16,2024 09:30

16-ամյա տղան բարձրացնում է ավտոմեքենան՝ դրա տակ ընկած իր հարևանին փրկելու համար, կամ մայրը հակահարված է տալիս սպիտակ արջին՝ պաշտպանելով իր երեխաներին․ պատմության մեջ այսպիսի բազմաթիվ սխրանքներ են հայտնի, որոնք հնարավոր են դառնում ծայրահեղ սթրեսային իրավիճակներում ադրենալինի արտազատման և օրգանիզմի հնարավորությունների լիարժեք բացահայտման միջոցով։

«Հիստերիկ ուժ» եզրույթով են նկարագրում արտակարգ իրավիճակներում տեղի ունեցող ուժային սխրանքները, որոնք նշանակալիորեն գերազանցում են մարդու սովորական հնարավորությունները։ Մարդիկ կարող են այդպիսի ուժ դրսևորել՝ հայտնվելով չափազանց վտանգավոր իրավիճակներում, օրինակ՝ սառցակալած գետի մեջ ընկնելիս կամ որևէ մեկին փրկելու համար։

«Հիստերիկ ուժի» այսպիսի արտահայտությունները թեև իրական են, դրանք շատ դժվար է ուսումնասիրել լաբորատոր պայմաններում, քանի որ դա կարող է վտանգավոր լինել մասնակիցների կյանքի համար։ Նեյրոկենսաբաններն այդ երևույթը կապում են գլխուղեղի ու մարմնի «խփիր կամ փախիր» ռեակցիայի և սթրեսի՝ դրա հետ կապված հետադարձ մեխանիզմների հետ, որոնց շնորհիվ էլ հնարավոր են դառնում ծայրահեղ ուժի այդպիսի դրսևորումները։

Ըստ էության, դրանք արձագանքի նույն համակարգերն են, որոնք ծառայել են մեր նախնիներին ահարկու վագրի դեմ պայքարելու կամ նրանից փախչելու համար։ Մեր օրերում սովորական սթրեսային վիճակների նկատմամբ մենք նմանատիպ ռեակցիա ենք ունենում, բայց ավելի մեղմ դրսևորումներով։

Ինչպե՞ս է առաջանում «հիստերիկ ուժը»

Ինչպես պարզվել է հետազոտություններով, ծայրահեղ սթրեսային պայմաններում գլխուղեղի բարդ մեխանիզմները, նյարդային հաղորդիչներն ու օրգանիզմի որոշակի համակարգերն ակտիվանում են՝ արտազատելով հորմոնների այնպիսի մի «ջրվեժ», որը մեծ հասանելիություն է  ապահովում մկանային հնարավորությունների համար, ավելացնում է արյան հոսքը դեպի մարմնի այն հատվածները, որոնք  կարևոր են սթրեսային իրավիճակներին արձագանքելու համար։

Որպեսզի օրգանիզմը կարողանա իրականացնել այդ բարդագույն գործողությունները, էներգիան, որը սովորաբար օգտագործվում է օրգանիզմի այլ համակարգերում՝ ասենք, սնունդը մարսելու կամ մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար, ուղղորդվում է անհետաձգելի գործընթացների կատարմանը՝ գոյատևմանը ծառայելու համար։

Նմանատիպ արձագանքի ժամանակ կարող են օգտագործվել ավելի շատ մկաններ, քան սովորական իրավիճակներում։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կան պաշտպանական բազմաթիվ մեխանիզմներ, որոնք հատուկ կանխարգելում են մկանների գերծանրաբեռնվածությունը։ Սակայն արտակարգ իրավիճակներում պաշտպանական այդ մեխանիզմները կարելի է շրջանցել՝ մկանային ամենախոշոր ու արագ մանրաթելերը վայրկենապես ներգրավվելու և մկանների իրական պոտենցիալն օգտագործելու համար։

«Խփիր կամ փախիր» ռեակցիան առաջանում է գլխուղեղի նշաձև մարմնում, որը «մշակում է մեր անհանգստությունները՝ դրանց հուզական բովանդակությունը որոշելու համար»,- նշում է հոգեբան Դոնալդ Կացը։ Ինչպես նա մեկնաբանում է՝ երբ այդ մեխանիզմը բախվում է սթրեսորին՝ հիպոթալամուսին ահազանգ է հղում, և երբ գլխուղեղի այդ հատվածում ակտիվանում է սթրեսային ռեակցիան, նեյրոհաղորդիչներն անջատվում են նեյրոններից՝ ազդանշան հղելով մակերիկամներին, որտեղից էլ ադրենալին ու նորադրենալին հորմոնների արագ արտազատում է տեղի ունենում։ Արդյունքում «արագանում է սրտի զարկերի հաճախականությունը, զարկերակային ճնշումն է բարձրանում, շնչառական ուղիները լայնանում են՝ թթվածնի առավելագույն հոսք ապահովելու համար, իսկ արյան հոսքը կենտրոնանում է հիմնական մկանների՝ ներառյալ սրտի ու թոքերի վրա»։

Այդ հորմոնների արտազատմամբ պայմանավորված՝ սրվում են նաև շոշափելիքի, տեսողության ու լսողության զգայարանները՝ թույլ տալով ավելի լավ արձագանքել շրջակա միջավայրի փոփոխություններին։

Հատկապես կարևոր է այն, որ ադրենալինը ժամանակավորապես կարող է նվազեցնել ցավի զգացումը։
Դա մասամբ տեղի է ունենում ցավային ազդանշանների արգելակման, ինչպես նաև էնդորֆինների հոսքի շնորհիվ, որոնք, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ազդում են որպես բնական ցավազրկողներ։՛

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ «խփիր կամ փախիր» արձագանքն օրգանիզմի համար

Թեև «խփիր կամ փախիր» արձագանքը կարող է շատ օգտակար լինել արտակարգ իրավիճակներում փրկվելու համար, սակայն երկարաժամկետ հեռանկարում քրոնիկ սթրեսն ու դրա հետ կապված հորմոնների ավելցուկը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար։

Քրոնիկ սթրեսը, որը կապվում է ադրենալինի, նորադրենալինի ու կորտիզոլի գերարտադրության հետ, կարող է վնասել օրգանիզմի համակարգերը՝ հանգեցնելով ֆիզիոլոգիական խնդիրների զարգացման, ինչպիսիք են զարկերակային բարձր ճնշումը, քնի խանգարումները, դիաբետը, ճարպակալումը, սրտի հիվանդությունները և այլն։

Սթրեսը կարող է ազդել գլխուղեղի այն հատվածի վրա, որտեղ «պահվում են» հիշողությունները։

Իսկ սթրեսային ռեակցիայի ծայրահեղ դրսևորումները՝ կապված «հիստերիկ ուժի», կռվի կամ փախուստի հետ, կարող են ավելի ծանր հետևանքներ առաջացնել։ Մեծ քանակով ադրենալինի անգամ պատահական արտազատումը, որը տեղի է ունենում երբ, ասենք, օրգանիզմը վտանգի է սպասում,  կարող է առաջացնել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են գլխապտույտը, անքնությունը, նյարդայնությունը, ավելի ծանր դեպքերում՝ նյարդային համակարգի, սրտի վնասվածքները։

Սթրեսային ռեակցիայի ծայրահեղ դրսևորումներից հետո մարդու մոտ կարող է զարգանալ հետտրավմատիկ սթրեսային խանգարում, որից ազատվելը բավականին ժամանակատար կարող է լինել։

Ինչպես մեկնաբանում են հոգեբանները, «խփիր կամ փախիր» ռեակցիան սովորաբար շատ արագ է զարգանում, սակայն այդ ռեակցիայի ապաակտիվացման համար շատ ավելի երկար ժամանակ է պահանջվում։ Այդպիսի դեպքերում կարող են առաջանալ ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիրներ, ախորժակի կորուստ, քնի խանգարումներ և այլն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ National Geographic

Լուսանկարը՝ Լինսի Ադարիոյի, NAT GEO

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930