Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ունես հավատք, չես կարող հրաժարվել Աստծո պարգևից՝ երեխայից»․ հոգևորականի դիտարկումները

Մարտ 26,2024 09:00

Հարցազրույց Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու քահանա տեր Առնակ Հարությունյանի հետ

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու ընդհանրական տեսակետի՝ սաղմն իր գոյության ո՞ր պահից է ընկալվում որպես շունչ ու հոգի ունեցող էակ։

-Զիգոտի առաջացման պահից սկսած՝ արդեն կա կենդանություն․ սա է մեր տեսակետը։ Եվ պտուղը վերացնելիս խախտվում է առաջին պատվիրանը՝ մի՛ սպանիր։ Անկախ հանգամանքներից և պատճառաբանություններից՝ դա համարվում է սպանություն։

Իհարկե, կան նաև բացառիկ իրավիճակներ, որոնց պարագայում եկեղեցին կարող է փոխել իր մոտեցումը․ օրինակ՝ այն իրավիճակը, երբ մայրական կյանքին վտանգ է սպառնում։ Ինքս առնչվել եմ նման դեպքերի․ մի քանի բժիշկ միաժամանակ պնդել են, որ մայրը կարող է մահանալ, եթե հղիությունը չընդհատվի։ Այդ դեպքում ամեն ինչ արվում է հենց մոր կյանքը փրկելու համար, քանի որ նա հետագայում պիտի նորից հղիանա կամ, եթե արդեն ունի երեխաներ, իր կյանքը պահպանի հանուն նրանց։

Իրողությունն այն է, որ մենք չենք կարող որևէ կնոջ կամ որևէ զույգի ստիպել, թելադրել մեր պատկերացրած ընտրությունը․ այդ ընտրությունը միշտ իրենք են կատարում։ Բայց մենք կարող ենք հորդորել, խորհուրդ տալ, ուղղորդել այն ճանապարհով, որը վնասաբեր չէ ու ընդունելի է հոգու և խղճի տեսանկյունից։

Այսպիսով, կարո՞ղ ենք արձանագրել, որ Ձեր հիշատակած առաջին պատվիրանը վաղ անցյալից մինչ այսօր Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն է հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ։

Այո, պարզապես «պաշտոնական դիրքորոշում» ձևակերպումը ես ավելի լայն եմ ընկալում․ այսինքն՝ պաշտոնական դիրքորոշումը ենթադրում է նախևառաջ համապատասխան հայտարարություն, ենթաբաժին առ ենթաբաժին հիմնավորապես կանոնակարգված դրույթներ և այլն։ Եթե այս դիտանկյունից նայենք, ապա մեր եկեղեցին, այո՛, պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արձանագրել։ Այդօրինակ պաշտոնական դիրքորոշումները հաստատելու հարցերով զբաղվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակը։ Այսպիսով, Ձեր նշած խնդրի վերաբերյալ պաշտոնական գրավոր արձանագրում այս պահի դրությամբ չունենք, ինչի պատճառները կարող են լինել տարբեր՝ ընթացակարգայինից մինչև տեխնիկական։

Բայց դա չի նշանակում, թե եկեղեցին հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ դիրքորոշում չունի․ այդ մասին բազմիցս և՛ խոսել ենք, և՛ միասնական գնահատմամբ հանդես եկել ենք։ Մենք՝ հոգևորականներս, տեղյակ ենք մեր եկեղեցու դիրքորոշման մասին, և դա փոխանցում ենք նաև մեր հանրությանը։ Բնականաբար, եկեղեցին չէր կարող չունենալ ընդհանրական դիրքորոշում, որը հիմնված է աստվածաշնչյան պատվիրանների, սրբազան ավանդության և եկեղեցու հայրերի թողած հոգևոր գրական ժառանգության վրա։ Որևէ հարցի վերաբերյալ գրավոր կամ բանավոր գնահատական տալիս եկեղեցին, այսպես թե այնպես, պիտի վերոհիշյալ հիմքերն ունենա, և դրանք այս դեպքում առկա են։ Իսկ հիմքերի հիմքը «մի՛ սպանիր» պատվիրանն է։

 Մայր Աթոռը տարիներ առաջ մի շարք միջոցառումներ է կազմակերպել այս խնդրի շուրջ։ Այսօր անհատական կամ հավաքական քայլեր արվո՞ւմ են այս ուղղությամբ։

-Վերջին յոթ տարվա ընթացքում, ինչ վերադարձել եմ Հայաստան, այդ թեմայով որևէ մեծամասշտաբ միջոցառում, որ կազմակերպված կլիներ եկեղեցու կողմից, չեմ մտաբերում, բայց թեման մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Հարկ է նկատի ունենալ, որ եկեղեցին աշխատում է միաժամանակ մի շարք ուղղություններով, և, իհարկե, դեռևս մնացել են շատ հարցեր, որոնք սպասում են իրենց հերթին։ Վերջին տարիներին, օրինակ, առաջնահերթ դարձան 44-օրյա պատերազմին, արցախահայությանը, մեր պատմամշակութային հուշարձաններին առնչվող բազմաթիվ խնդիրները, սակայն, ի՛նչ խոսք, պետք է արձանագրել, որ նաև հղիության արհեստական ընդհատումների խնդիրը այսօր, առավել քան երբևէ, հրատապ է։ Մենք պիտի այս խնդիրը չմոռանանք ոչ թե այն նպատակով, որ ցույց տանք, թե մենք էլ ունենք դիրքորոշում, այլ այն պատճառով, որ ազգի ապագան և երկրի ժողովրդագրական պատկերը վտանգված են։ Եկեղեցու մերօրյա վարդապետների աշխատություններում, ի դեպ, կա անդրադարձ այս թեմային․ սա ևս ուղեցույց հանդիսացող գրականություն է մեր հանրության համար։

 Անձամբ Ձեր պրակտիկայում պատահե՞լ են դեպքեր, երբ կինը դիմել է այս հարցով եւ օգնություն խնդրել։

-Եկեղեցու օգնությանն այս խնդրով դիմողները մեծ թիվ են կազմում, սակայն, ցավոք, գալիս են հիմնականում հղիության ընդհատումից հետո, ոչ թե առաջ։ Երբ քայլն արդեն արված է, և առաջացել է մեղքի զգացում, այդ ժամանակ արդեն հիշում են քահանայի մոտ գալու մասին։ Իսկ նախքան քայլն անելը հազվադեպ են գալիս խորհուրդ հարցնելու։ Ասեմ ավելին՝ խոստովանությունների զգալի մասը վերաբերում է հենց աբորտներին՝ թե՛ այժմ, թե՛ անցյալում արված։ Այս արարքը վաղեմության ժամկետ չունի և անխուսափելիորեն ծանրանում է մարդու սրտի, մտքի, հոգու վրա։

-Հղիության ընդհատման համար տարբեր պատճառներ են ներկայացվում․ անձամբ Ձեզ առավել հաճախ ի՞նչ բացատրություն են տալիս այդ քայլին դիմած կանայք։

-Տարբեր պատճառներ են նշվում, բայց ես կփորձեմ ավելի խորքային դիտարկել այս երևույթը։ Օրինակ՝ սոցիալական պատճառը, որ շատերն են նշում․ ասում են՝ հնարավորություն չունենք երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու և ստիպված ենք եղել ընդհատել հղիությունը։ Բայց սա իրականում սոցիալական պատճառ չէ, այլ հավատքի պակասով պայմանավորված պատճառ, որովհետև այն մարդը, ով քրիստոնյա է և ապրում է ճշմարիտ հավատքը սրտում, չի կարող իր որովայնի պտուղը չդիտարկել որպես Աստծո պարգև։ Նույն կերպ նա կարող էր ասել, թե չի կարող նվեր ընդունել, որովհետև իր տանը տեղ չկա այդ նվերի համար։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է այդ ընծան մերժել։ Հետևաբար՝ սոցիալական պատճառն իրականում սոսկ պատճառաբանություն է։

Կարող են ասել նաև, թե, օրինակ, դեռ երիտասարդ են և չէին ծրագրում երեխա ունենալ։ Սա ևս պատճառաբանություն է և ո՛չ պատճառ։ Մեկ այլ պատճառաբանություն․ արդեն երկու դուստր ունեն և չէին ուզում երրորդն ունենալ։ Կամ՝ տունը վաճառում և տեղափոխվում են այլ երկրում բնակության, չեն կարող հիմա երեխա ունենալ, բայց երբ իրենց կյանքը նոր բնակավայրում կայունանա՝ կունենան։ Ինձ համար սրանք պատճառաբանություններ են և ոչ ավելին։

Իսկ հիմնական պատճառն այն է, որ զույգը չի գիտակցում երեխայի՝ Աստծո պարգև լինելը, չեն գիտակցում, որ այս պահին ընդհատելով հղիությունը՝ իրենց դատապարտում են հետագայում այլևս երեխա չունենալու վտանգին։ Պատահում են նաև միայնակ մայրեր, ովքեր հղիանում են իրենց անպատասխանատու վարքագծի հետևանքով և հետո ընդհատում հղիությունը, կամ՝ միայնակ չմնալու համար որոշում են հղիանալ, սակայն հետո ինչ-ինչ պատճառներով հիասթափվում են զուգընկերոջից և ազատվում նրա մասին հիշեցնող երեխայից։

Քիչ չեն նաև դեպքերը, երբ կինը հղիությունն ընդհատում է ամուսնու կամ նրա ծնողների հարկադրանքով, իսկ հետո հոգեբանորեն չի կարողանում հաղթահարել տեղի ունեցածի ծանրությունը, և ընտանեկան կյանքում առաջանում են խնդիրներ։ Ինչևէ, իրավիճակները տարբեր են, օրինակները՝ բազմաթիվ։ Փաստն այն է, որ եթե մարդն ապրում է որպես քրիստոնյա, և նրա բարոյական ներաշխարհը խարսխված է հավատքի վրա, նա չի դիմի այդ քայլին, պարզապես չի կարողանա, որովհետև իր հավատքն իրեն թույլ չի տա։

Ի դեպ, ես ամեն անգամ ներքուստ ուրախանում եմ, երբ իմանում եմ, որ մեզանում կան բժիշկներ, ովքեր հրաժարվում են կանանց հղիությունն ընդհատել․ սա վկայում է այն մասին, որ իրենց մասնագիտական գործունեության մեջ սկզբունքներ ունեն և դրանց չեն դավաճանում։ Որքան ավելի շատ լինեն այդպիսիք, առհասարակ որքան ավելի շատ լինեն կանանց հետ բացատրական աշխատանք կատարողները, այնքան ավելի մեծ արդյունքի կհասնենք՝ կանխելով լույս աշխարհ գալիք երեխաների ոչնչացումը։

-Փաստորեն, այս խնդիրը որ տեսանկյունից էլ ուսումնասիրենք՝ ի վերջո, միևնույն է, հանգում ենք հոգևորին, քանի որ այդ հարթությունում է սկսվում և ավարտվում ամեն ինչ։

-Անշուշտ։ Հին կտակարանում հիշատակված են բոլորիս հայտնի մի շարք օրինակներ, երբ կանայք չէին կարողանում հղիանալ և Աստծուն աղաչում էին զավակ պարգևել իրենց։ Տեղին է հիշել Խրիմյան Հայրիկի խոսքերը՝ տղամարդն ու կինը Աստծուն ավելի նմանվում են, երբ հայր ու մայր են դառնում։ Եթե կինը ներքուստ չունի մայրանալու փափագ, ուրեմն՝ հիվանդ է, նրա մեջ ինչ-որ բան հակաբնական է։ Կնոջն ի բնե տրված է մայրանալու շնորհ ու ցանկություն, հետևաբար՝ ցանկացած այլ դրսևորում դեմ է բնությանը և Աստծուն։ Դու երբեք չես կարող իմանալ, թե Աստված ինչ է նախասահմանել քեզ համար, և հրաժարվելով տրվածից՝ ապագայում ինչով ես փոխհատուցելու այդ հրաժարումդ։ Առհասարակ այս թեման մարդկանց կողմից չափից դուրս խճողված է տարատեսակ «եթե»-ներով ու «գուցե»-ներով, իսկ նպատակը մեկն է՝ գտնել արդարացումներ, որոնք, սակայն, արհեստական են։

Մենք պետք է հստակ արձանագրենք, որ հղիության արհեստական ընդհատումը մարդու կողմից ոչ միայն սպանություն է, այլև Աստծո պարգևի մերժումն իր կյանքում։ Մարդը, այդպիսով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն մերժում է Աստծուն՝ իր վրա վերցնելով նաև աստվածմերժության մեղքը։ Անհավատ մարդու համար աբորտը սովորական մի գործողություն է, քանի որ նա ապրում և մտածում է լոկ նյութական հարթությունում։

Այստեղ հարկ է անդրադառնալ նաև այն վնասին, որ կինն այդ արարքով հասցնում է իր օրգանիզմին, իր առողջությանը, քանզի ասված է՝ դուք Աստծո տաճար եք, մի՛ պղծեք ձեր տաճարը։ Որևէ մեկը կարո՞ղ է վստահ լինել, որ հղիություն ընդհատելուց հետո իր օրգանիզմը նույնն է մնալու։ Սա նման է ինքնասպանության, այստեղ խոսքը միայն պտուղը սպանելու մասին չէ։

Այսօր չափազանց տարածված են նաև երեխայի սեռով պայմանավորված ընդհատումները։ Ի՞նչ գնահատական կտաք այս երևույթին։

-Այսօր հայերս կարիք ունենք շատ երեխաներ ունենալու․ ոչ միայն այն պատճառով, որ վերջին պատերազմում մեծ թվով տղաներ կորցրեցինք, այլ այն պարզ պատճառով, որ մեր ազգի հետագա գոյությունը նաև երեխաների քանակով է երաշխավորվելու՝ անկախ այդ երեխայի սեռից։ Մեզ համար բավարար չէ մեկ կամ երկու զավակ ունենալը։ Նրանք, ովքեր ասում են, թե իրենց լիովին բավարարում է, օրինակ, երկու և ոչ ավելի զավակի ծնող լինելը, ենթադրաբար, չեն մտածում իրենց հայրենիքի, ազգի վիճակի մասին, այլ մտածում են իրենց Ես-ի մասին։ Այդպիսիների համար ևս մեկ երեխան ավելորդ հոգս է, քանզի տարված են կարիերայով, ժամանցով, իրենց արտաքին տեսքի վերաբերյալ մտավախություններով, այլնով։ Սա հավատքի պակասի ևս մեկ վկայությունն է, որովհետև եթե ունես հավատք, չես կարող մերժել երեխայի ծնունդը՝ առաջին, երկրորդ կամ երրորդ, չես կարող խտրությամբ վերաբերվել աղջիկ կամ տղա երեխայի լույս աշխարհ գալուն։ Այս առումով եկեղեցին մեծ անելիք ունի։ Իհարկե, բոլորն ունեն անելիք, բայց հատկապես մենք պիտի անընդհատ աշխատենք մարդկանց մեջ հավատք արթնացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Եթե լինի հավատք, ինքնաբերաբար չեն լինի կամ գոնե զգալիորեն կնվազեն այն բոլոր խնդիրները, որոնց մասին հիմա խոսում ենք։ Պետությունն էլ պիտի իր գործառույթների շրջանակում հնարավոր բոլոր միջոցներով խթանի ծնելիության մակարդակի բարձրացումը։ Ցավոք, մեզ շատ է խանգարում նաև ժամանակակից քարոզչությունը, այդ քարոզչամեքենան ամեն ինչ անում է, որ կորսվեն ընտանիքի իմաստն ու գաղափարը, խեղաթյուրվեն արժեքները։

-Ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնք ընտրել են համատեղ կյանքի ճանապարհը։

-Բացի փոխադարձ սիրո մասին պատկերացումներից ունենալ նաև փոխադարձ պատասխանատվության բարձր գիտակցում։ Ես պսակադրություն կատարելուց առաջ պարտադիր զրուցում եմ զույգի հետ, սա ընկալեք որպես յուրատեսակ խորհրդատվություն, որի նպատակն է՝ պարզել, թե որքանով են գիտակցում ընտանիք կառուցելու և ծնող դառնալու կարևորությունը, բացատրել, թե ինչ հիմնաքարի վրա պիտի կառուցվի իրենց կյանքը, որպեսզի ամուր ու մնայուն լինի։

Վերադառնալով մեր զրույցի թեմային՝ ևս մեկ անգամ արձանագրեմ, որ նախքան հետևանքի՝ աբորտի դեմ պայքարելը մենք նախ պիտի գտնենք դրա պատճառը։ Միայն այդ բացերն ի հայտ բերելով կարող ենք ամրացնել արմատը, հիմքը և դրանով արդեն իսկ կանխել ապագա խարխլումն ու հետևանքը։

 

Հարցազրույցը՝ Անուշ Բաբայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031