Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճի ոճն ավելի կարեւոր է, քան առարկան

Հոկտեմբեր 12,2013 14:05

Մի քանի նկատառում կոմպոզիտորների եւ երաժշտագետների համագումարից առաջ

Քանդված, անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չի զսպում իր ոգին. Առակաց ԻԵ, 28: «1970 թվին քննելով, թե ինչու Դոստոեւսկին շատ քչերին համոզեց իր «Սատանաներ» («Бесы») վեպով, ես ձեւակերպեցի բանավեճի առաջին հիմնադրույթը. «Սատանան հրեշտակի շուրթերին գոյացող փրփուրի հետ է գալիս… Ամեն ինչ ժամանակի ընթացքում փոշի է դառնում՝ եւ մարդիկ, եւ համակարգերը, սակայն հավերժ է ատելության ոգին՝ հանուն արդարության, եւ հենց այդ պատճառով չարը երկրի վրա վերջ չունի,- խոստովանել է մեծ փիլիսոփա, ռուսաստանցի հրեա Գրիգորի Պոմերանցը:- 70-ական թվերի բանավեճերումս ես համառորեն, տանջալի ներքին պայքարում սրբում էի շուրթերիցս այդ փրփուրը, եւ դրանից հետո երկրորդ հիմնադրույթը ձեւակերպվեց. «բանավեճի ոճն ավելի կարեւոր է, քան նրա առարկան: Առարկաները փոխվում են, իսկ ոճը քաղաքակրթություն է կերտում»: Այսօր մտովի քննելով Հայաստանի Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության (ՀԿԵՄ) պառակտման հետեւանքով գոյացած անմխիթար վիճակը եւ միության նախագահ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի դեմ ուղղված մի խումբ երիտասարդ կոմպոզիտորների բաց նամակը, ես մտաբերեցի լուսահոգի Պոմերանցի այս զարմանալիորեն արդիական խոսքը: Ի դեպ, ե՛ւ այն պահին, երբ ես ծանոթացա այդ խորաթափանց մտքերին, ե՛ւ հիմա ես տեսնում եմ այդ ձեւակերպումներում այն, ինչ փնտրել եմ տարիներ շարունակ՝ ներքին կապը երաժշտության եւ փիլիսոփայության միջեւ: Փիլիսոփայական միտքը խոսում է մեր բանականության հետ նույն էությունների մասին, ինչ երաժշտությունը, իսկ երաժշտությունն արթնացնում է մեր հոգին՝ այդ վեհ գաղափարներն ընկալելու համար: Երգի մեջ էլ առավել կարեւոր է ոչ թե բառերի միջոցով արտահայտվող գաղափարական բովանդակությունը (որն այդ պարագայում համեմատելի է պատմական իրադրությունների եւ դեմքերի հետ), այլ երաժշտական հնչյունների միջոցով արտահայտված դրանց բուն իմաստը: Եվ որքան էլ մեզ հուզող երգում անտարանջատելի թվա խոսքի եւ երաժշտության (բովանդակության եւ էության) միասնությունը, այնուամենայնիվ՝ երգի խոսքերը ժամանակի ընթացքում փոփոխվում են, ինչպես փոխվում են պատմական իրավիճակներն ու դեմքերը, իսկ մեղեդին շարունակում է ապրել, թեկուզ եւ նոր գաղափարախոսությանը արհեստականորեն համապատասխանեցված խոսքերի եւ շարժուձեւի ներքո: Անդրադառնալով կոմպոզիտորների միության պատմությանը՝ սկսած 1991 թվի հիշարժան ժողովից, երբ լուսահոգի Էդվարդ Միրզոյանի հերթական վերընտրումից հետո անսպասելիորեն ասպարեզ ելավ Ամիրխանյանը եւ համարձակ, նույնիսկ, կարելի է ասել, հանդուգն ոճով մի ճառ ուղղեց նախագահի հասցեին՝ մեղադրելով, որ նա «քրեական էլեմենտներ է հովանավորում» (դրանից հետո Միրզոյանը ընդմիշտ հեռացավ միությունից), ես տեսնում եմ, որ, թեեւ շատ բան է փոխվել մեր իրականության մեջ, սակայն չարիքը վերարտադրող ատելության ոգու մեղեդին գրեթե անփոփոխ է մնացել: Տարբերությունն այն է, որ այժմ Ռ. Ամիրխանյանը ոչ թե հարձակվողի, այլ պաշտպանվողի դերում է, եւ որ նա, տեսնելով երիտասարդների ներկայացրած մեղադրանքներն ու պահանջները, այլ կերպ է արտահայտում իր վիրավորված լինելը. ոչ թե ինքն է հեռանում վերջիններիս պահանջով, այլ աջ ու ձախ պիտակավորում եւ դրանով խիստ վիրավորում է ընդդիմախոսների արժանապատվությունը՝ առանց իր տեսակետը հիմնավորելու, եւ առաջարկում է սպասել մինչեւ իր նշանակած նիստի օրը՝ ս.թ.հոկտեմբերի 26-ը: Ի գիտություն ընթերցողի. ըստ ՀԿԵՄ-ի միության կանոնադրության՝ նախագահի վերընտրումը պետք է անցկացվի երկու տարին մեկ անգամ, սակայն վերջին նիստը տեղի է ունեցել դեռ 2009թ., այսինքն՝ փաստորեն 2011 թվից միությունը լեգիտիմ ղեկավար չունի: Զարմանալի է նաեւ, որ վերջին երկու տարիների ընթացքում ոչ Ռոբերտ Ամիրխանյանը, ոչ նրա կողմնակիցներից որեւէ մեկը այդպես էլ չպարզաբանեց, թե ինչ է տեղի ունեցել, որ առանց ըստ միության կանոնադրության սահմանված օրինական կարգով նախատեսված ընդհանուր ժողովի որոշման հնարավոր է դարձել Ռ. Ամիրխանյանին 2011-2013թթ. պաշտոնապես ՀԿԵՄ նախագահ ճանաչել: Եվ, ինչն ավելի կարեւոր է, թե Ռ. Ամիրխանյանի առաջարկած ծրագրից ինչն է հաջողվել իրականացնել, ինչը՝ ոչ, եւ ինչպիսի առաջարկներ կան նրանց մտքում՝ հայ երաժշտության հրատապ խնդիրների լուծման եւ հեռահար նպատակների նախագծման ուղղությամբ: Այնուամենայնիվ, տեսնելով տարեցտարի ՀԿԵՄ-ում խորացող հակասությունները, հիմնավոր աշխատանքի եւ նոր ձեռքբերումների բացակայությունը, հուսալքվածության ընդհանուր մթնոլորտը՝ տարակուսանք եւ դառնություն ես զգում: Շատերը, այդ թվում նաեւ ես, չտեսնելով որեւէ առաջխաղացում, պարզապես լռել են: Սակայն հնարավոր չէ անտարբեր դիտել, թե ինչպես երբեմնի հզոր միավորումը կորցնում է իր դիրքն ու ազդեցությունը թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս: Ճիշտ է, ներկա խիստ շահադիտական ֆինանսատնտեսային պայմաններում, որոնք լուրջ մարտահրավերներ են նետում նույնիսկ հայ մարդու հարազատ տանը ապրելու իրավունքին, կարելի է մեծ ձեռքբերում համարել նաեւ այն, որ դեռեւս պարտքերի դիմաց վաճառվել են միմիայն ռոյալները, իսկ Կոմպոզիտորների միությանը պատկանող շենքերի եւ Դիլիջանի ստեղծագործական տան բաժնետոմսերի հարցը դեռեւս աճուրդի չի հանվել: Ես չեմ ուզում խոսել այս հարցերի օրինական կողմի մասին, այլ ուզում եմ պարզապես հիշեցնել, որ եթե միության անդամները ստեղծել են այդ բարիքները միասնական ուժերով՝ իրենց հոնորարներից մշտապես որոշակի տոկոս տրամադրելով ընդհանուր գործի համար, ապա ինչո՞ւ այսօր հնարավոր չէ ստեղծել պայմաններ, որ այդ հիանալի ավանդույթը շարունակվի: Չէ՞ որ ցանկացած հայ երաժշտի համար՝ լինի կոմպոզիտոր, երաժշտագետ, թե կատարող, Կոմպոզիտորների միությունը իր ստեղծման օրվանից մի յուրահատուկ սուրբ տիրույթ է, որը հույս է ներշնչում հայ երաժշտության զարգացման եւ առհասարակ ազգի լիարժեք ստեղծագործական կյանքի կայացման: Ռ. Ամիրխանյանի անձնական ընդվզումը Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը Էդվարդ Միրզոյանի անունը շնորհելու կապակցությամբ միանգամայն հասկանալի է՝ նկատի ունենալով հայտնի միջադեպը: Բացի դրանից, երկու նշանավոր կոմպոզիտորների միջեւ այդպես էլ չհարթված կոնֆլիկտը իր ծանր կնիքը դրեց Ռ. Ամիրխանյանի պաշտոնավարման 22 տարիների վրա՝ մղելով նրան դեպի ճակատագրական փակուղի, որի ակամա պատանդներ են դարձել այսօր նրան աջակցող միության անդամները: Համոզված եմ, որ նրանց մեծամասնությունը, ինչպես եւ ինքը՝ Ամիրխանյանը, իրենց հոգու խորքում շարունակում են հարգանք եւ երախտագիտություն տածել Է. Միրզոյանի անվան հանդեպ, սակայն հոգեբանական պատնեշը եւ, գուցե, նաեւ այլ՝ մեզ դեռեւս անհայտ պարագաներ թույլ չեն տալիս պարզ խոստովանել դա: Այս առումով ՀԿԵՄ անդամ չլինելով՝ ես իմ պարտքն եմ համարում ոչ միայն ողջունել երիտասարդ կոմպոզիտորների՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության ստեղծագործական տանը Է. Միրզոյանի անունը շնորհելու ազնիվ գաղափարը, այլեւ առաջարկում եմ համախմբել բոլոր առողջ ուժերը արդեն գործող կոմպոզիտորի հիշատակին նվիրված հասարակական կազմակերպության շուրջ: Անհրաժեշտ է նաեւ Է. Միրզոյանի անվան մի հիմնադրամ բացել, որը կծառայի հայ երաժշտության երախտավորի փայփայած մշակութային օջախի ապրեցման եւ մեր մշակութային կյանքում նրա առաջնորդող դերի վերականգնման գործին: Սակայն հասկանալի է, որ նոր այդ համախմբման կենտրոնը վերոհիշյալ պատճառներով չի կարող հանդիսանալ միայն Ռ. Ամիրխանյանը, եւ գուցե հենց դա է, որ դրդել է տաքարյուն երիտասարդ կոմպոզիտորներին անհաշտ եւ հանդուգն ոճով ելույթ ունենալ՝ պահանջելով մինչեւ 2011թ. օրինական ՀԿԵՄ նախագահ ճանաչված վարպետի հրաժարականը: Ղեկավար աշխատողներն առհասարակ պիտի կարողանան այնպես շփվել մարդկանց հետ, որպեսզի իրենց թշնամիներին անգամ ընկերներ դարձնեն, այլ ոչ հակառակը: Բոլորս էլ հասկանում ենք, որ արվեստի մարդիկ առօրյա կյանքում դժվար տանելի են, եւ, հետեւաբար, ստեղծագործական միության ղեկավարը շատ ավելի ծանր եւ պատասխանատու բեռ է վերցնում իր ուսերին, քան, ասենք, խոշոր ձեռնարկատերը, թեեւ նրանց եկամուտները անհամեմատելի են: Բացի դրանից, ստեղծագործական միության ղեկավարը պարտավոր է աշխատել էքստրեմալ պայմաններում: Նա պարտավոր է կանոնավորել միության աշխատանքները, լսել եւ գնահատել բոլոր կոմպոզիտորների ստեղծագործությունները, ոգեւորում ներշնչել, լուծել տնտեսական, տեխնիկական եւ քաղաքական բազում հարցեր, ստեղծել եւ պահպանել կապերը այլ երկրների ստեղծագործական միությունների հետ՝ չմոռանալով եւ սեփական ստեղծագործության մասին: Ավելացնենք դրան, որ նա հաճախ գործ ունի նուրբ, դյուրագրգիռ հոգեւոր կազմվածք եւ կրակոտ, պատվախնդիր եռանդով օժտված մարդկանց հետ, որոնք հաճախ վիրավորվում են ամենաչնչին մանրուքներից եւ փոխադարձաբար վիրավորում մյուսներին, եւ այդ մարդկանցից մեկն էլ հենց ինքն է: Դրա համար անհրաժեշտ են անսպառ սեր եւ նվիրում: Այդ իսկ պատճառով այն ստեղծագործական միավորումներում, որտեղ չկան այդ կարգի ղեկավարներ, տարիների ընթացքում այնպիսի հզոր բացասական լիցքեր են կուտակվում, որ դա զգալիորեն խոչընդոտում է բուն ստեղծագործական աշխատանքի բնականոն ընթացքին: Եվ ես միանգամայն համաձայն եմ երաժշտագետ Լիլիթ Եփրեմյանի հետ, որ կորցնելով Էդվարդ Միրզոյանին՝ մենք կորցրել ենք բարյացակամ ուշադրության այն ուրույն մթնոլորտը, որը կարծես թե ինքնաբերաբար տարածվում էր նրա շուրջ: Դա չի նշանակում, իհարկե, որ Միրզոյանը հրեշտակ էր, կամ որ նա երբեւէ սխալներ չի գործել: Սակայն հայտնի է, որ իր սխալների եւ վիրավորանքների ծանր խաչը Միրզոյանը մինչեւ իր կյանքի վերջը կրում էր լուռ, անտրտունջ, բարեհամբույր ժպիտով հաղթահարելով դրանց հոգեմաշ ազդեցությունը: Հոկտեմբերի 26-ի ՀԿԵՄ ընդհանուր նիստին ընդառաջ՝ ուզում եմ հիշեցնել Ռ. Ամիրխանյանի խոսքերը, որ նա ասել է իր ելույթներից մեկում. «Երկրի առաջընթացի համար բոլոր ոլորտներում կարեւորում եմ հոգեւոր առաջընթացը», ինչին հնարավոր չէ չհամաձայնել: Ինչպիսին է տեսնում պրն Ամիրխանյանը հոգեւոր առաջընթացը երաժշտության ասպարեզում՝ մենք կտեղեկանանք, հավանաբար, միայն հոկտեմբերի 26-ին: Իսկ մինչ այդ մեզնից յուրաքանչյուրը, ով ցանկանում է, կարող է այդ առաջընթացի կամ ՀԿԵՄ հետագա զարգացման եւ հզորացման մասին սեփական կարծիքը հայտնել, նոր գաղափար կամ ծրագիր ներկայացնել՝ անկախ նրանից, հանդիսանում է նա այս պահին ՀԿՏՄ անդամ, իրավունք ունի հրապարակել եւ քննարկել դա ցանկացած լրատվամիջոցով: Իմ վերաբերմունքը առաջիկա համագումարի եւ նրանում ընտրվելիք նախագահի կամ նախաձեռնող աշխատախմբի հանդեպ արդեն վաղուց դասականորեն հստակ ձեւակերպում ունի. հարկավոր է, որ ղեկավարը, մասնագետը եւ ինտելիգենտը միեւնույն մարդը լինի: Եթե գտնենք այդպիսի մեկին, նա կասի մեզ՝ «Շնորհակալություն»: Միգուցե մեզանում արդեն կան այդ չափանիշներին համապատասխանող մարդիկ, սակայն Հայաստանի կոմպոզիտորների միության անդամների մեծամասնության կողմից նրանք, ըստ երեւույթին, դեռեւս պահանջված չեն եղել:

ՆԱՏԱԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ես այդպես էլ չգտա Հայրիկ Մուրադյանի որդու՝ Լևոն Մուրադյանի հայտնի բաց նամակի (https://www.aravot.am/2013/10/07/393592/) պատասխանը…
    Հ.Գ.
    Ինչպե՞ս կարելի է ջնջել ,,Պալատական սազանդար,, խարանը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031