Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահռչակել ազգային երաժշտությունը՝ որպես համաշխարհային աստղաբույլի մասնիկ. Դանիել Դանիելյանը հանդիպել է Ռոբերտ Ամիրխանյանին

Հոկտեմբեր 19,2023 18:12

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոմպոզիտորի հետ քննարկել է երաժշտարվեստին վերաբերող մի շարք հարցեր:

Դանիել Դանիելյանը ողջունել է կոմպոզիտորին և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարության՝ որպես մշակույթի ոլորտը համակարգող գերատեսչության դռները մշտապես բաց են ոլորտի ներկայացուցիչների առջև:

«Նախարարությունը կարևորում է խնդիրների՝ ուղիղ կապով ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումն ու լուծումների առաջադրումը: Մենք պետք է աչալուրջ լինենք արժեքների պահպանման գործում և քայլենք միևնույն ճանապարհով,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ու հավելել,- մշակութային քաղաքականությունը մշակելիս որպես հիմք պետք է ընդունենք մեր մեծերի, ոլորտի առաջատար ներկայացուցիչների փորձառությունն ու դրան միացնենք երիտասարդների եռանդը, նորարարական գաղափարները»:

Ռոբերտ Ամիրխանյանը տեղեկացրել է, որ տարբեր լեզուներով նովելների շարք է երաժշտականացրել, ինչը նոր մոտեցում է երաժշտական արվեստում: Քանի որ ստեղծագործությունները դեռևս չեն հնչել, կողմերը քննարկել են գալիք տարվա ընթացքում հանրապետության տարբեր խմբերի միջոցով դրանց կատարման հարցը:

«Մեր խնդիրն է հանրահռչակել մեր երաժշտարվեստը որպես ազգ, որը կրողն է համաշխարհային մշակութային արժեքների: Հանրահռչակելով մեր արվեստը՝ մենք պետք է ցույց տանք, որ մենք ևս համաշխարհային աստղաբույլի մի մասն ենք և գտնվում ենք աշխարհի մշակութային խաչմերուկում»,-նշել է Դանիել Դանիելյանը:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ միասին քայլելու, նոր ծրագրեր ու գաղափարներ իրականացնելու, ոլորտի առաջխաղացմանը նպաստելու առումով:

«Ազգային երաժշտության հանրահռչակումն ու քարոզչությունը պետք է իրականացվեն միասնական ռազմավարությամբ՝ որպես առաջնահերթություն մեր երաժշտական բոլոր խմբերի համար: Մեր երգի, պարի խմբերի, նվագախմբերի խնդիրը պետք է լինի նաև դպրոցահասակներին մշակույթի դաշտ բերելը և օգնել նրանց՝ կողմնորոշվելու մասնագիտության և կյանքի ճանապարհի ընտրության հարցում»,- ասել է Ռոբերտ Ամիրխանյանը:

Հանդիպման ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը վստահեցրել է, որ ոլորտի երախտավորների հետ հանդիպումները շարունակական են լինելու:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031