Լրահոս
Օրվա լրահոսը

Թե 2000-ականների կեսերին եւ թե հիմա մեր տնտեսությունը հենված է փուչիկների վրա. «Հայկական ժամանակ»

Հունվար 14,2014 11:32

Տիգրան Սարգսյանն, ըստ էության, մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին 2000-ականների կեսերին շինարարության ծավալների անբնական աճի շնորհիվ տնտեսական աճ ապահովելու մեջ։ Գործող վարչապետի հետ չհամաձայնելը դժվար է, եթե չասենք անհնարին։

Քոչարյանի իշխանության վերջին տարիներին՝ 2005– 2008 թվականներին, ըստ ոչ պաշտոնական հաշվարկների, ՀՀ-ում իրականացվող շինարարության մեջ հոսել է ավելի քան 8 միլիարդ դոլար։ Դրա պատճառը այդ տարիներին Քոչարյանի իշխանության՝ շինարարության նկատմամբ դրսեւորած առանձնահատուկ հոգատարությունն էր եւ տարբեր մակարդակի իշխանավորների անձնական շահագրգռվածությունը։ Դրա արդյունքում Երեւանի կենտրոնն այլանդակվեց շուշաթղթած «էլիտարներով», որոնց մեծ մասը մինչ օրս բնակեցված չէ։ Իսկ տնտեսության մյուս ճյուղերը մնացին ներդրումներին կարոտ։

Ու երբ շինարարական այդ բումն ավարտվեց, եւ աշխարհը թեւակոխեց 2008-2009 թթ. ճգնաժամը, մեր տնտեսությունը բառացիորեն փլուզվեց։ Այս առումով Տիգրան Սարգսյանի դիտարկումները հեռու չեն իրականությունից։

Սակայն շինարարական «փուչիկի» պայթյունից հետո Սերժ եւ Տիգրան Սարգսյանները սկսեցին «փչել» մի նոր «փուչիկ»։ Խոսքը հանքարդյունաբերական փուչիկի մասին է։ Հիմա Հայաստանում իրականացվող ներդրումների մեծագույն մասը կլանում է հենց հանքարդյունաբերությունը։

Քոչարյանին ուղղված իր պատասխանում Տիգրան Սարգսյանը խոսում է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին։ Եթե նայենք ՀՀ տնտեսությունը բնորոշող մակերեսային ցուցանիշներին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, որ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացվել է. շինարարության մասնաբաժինը տնտեսության մեջ նվազել է, իսկ արդյունաբերության մասնաբաժինը աճել է։ Բայց սա միայն տպավորություն է։ Արդյունաբերության աճի ետեւում իրականում հենց հանքարդյունաբերության աճն է։ Եթե նախկինում մեր երկրի ընդերքից հանվում էր 10 տոննա պղնձի ու մոլիբդենի հանքանյութ, իսկ հիմա 15, ապա աճը ավտոմատ կերպով դառնում է 50 տոկոս։ Ու հենց սրա շնորհիվ արձանագրվում է արդյունաբերության աճ։ Սա իր բնույթով նույնպես փուչիկ է։

Եթե համաշխարհային շուկայում էլի մի ճգնաժամ սկսվի, եւ գունավոր մետաղների գներն իջնեն, մենք կրկին կդառնանք առաջատար՝ տնտեսական անկում գրանցած երկրների ցանկում։

Տնտեսության մեջ վերջին 2-3 տարվա ընթացքում արձանագրվող աճի մեջ մի ուրիշ փուչիկ էլ կա՝ ապահովագրական ծառայությունները։ ԱՊՊԱ-ն եւ քաղծառայողներին պարտադրվող բժշկական ապահովագրումը հանգեցրել են ծառայությունների ծավալի աճին։ Տարատեսակ ապահովագրություններ պարտադրելու ռեսուրսն անսպառ չէ եւ մի օր այս բաղադրիչը եւս կդադարի նպաստել տնտեսական աճի ցուցանիշի ուռճացմանը։

Մի խոսքով, թե 2000-ականների կեսերին եւ թե հիմա մեր տնտեսությունը հենված է փուչիկների վրա, որոնք վաղ թե ուշ պայթելու են։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Լավ գոնե գազ չկա* էդ փուչիկում:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031