Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արժանացել է «Top Ten Award»-ի հատուկ մրցանակի

Հունվար 21,2014 18:54

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին և հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաև խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է 2002 թվականից իրականացվող նման հեղինակավոր մրցանակաբաշխության անցկացումը Երևանում. «Նման հեղինակավոր մրցանակաբաշխությունը Երևանում անցկացնելը արդեն իսկ վկայում է  միջազգային ասպարեզում մեր երկրի ու, մասնավորապես, մեր մայրաքաղաքի ունեցած հեղինակության և մրցունակ լինելու մասին: Աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության առավել արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն ու սկզբունքները: Տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 սերտիֆիկացմանն  իրականում քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով: Նման հաջողված օրինակներ կան ինչպես  ամերիկյան, այնպես էլ եվրոպական մայրցամաքներում: Եվ ես համոզված եմ, որ երևանյան մրցանակաբաշխությունն իր հերթին նույնպես կավելացնի օրինակելի կազմակերպությունների թիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Գեյբլսմիդ» ընկերության ավագ խորհրդատու Նեիլ Սթյուարթն էլ իր հերթին, ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասները, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար, նշելով, որ մրցանակաբաշխության՝ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացումը ընկերության համար մեծ պատիվ է:

Քաղաքապետարանի հարկի տակ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցել են 35 երկրներից ներկայացված շուրջ 100 կազմակերպություններ: Մրցանակաբաշխության համար որպես որակավորման պահանջ էր ընտրվել մասնակից կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ISO 9001 ստանդարտի պահանջներին: Ըստ այդմ, «Top Ten Award» մրցանակաբաշխության փորձագետի կողմից Երևանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման շուրջ մեկամյա աուդիտի արդյունքում քաղաքապետարանն արժանացել է ամենաբարձր գնահատականին: Սահմանված չորս՝ ոսկե, արծաթե, բրոնզե և գնահատման սերտիֆիկատ անվանակարգերից, Երևանի քաղաքապետարանին  շնորհվել է «Top Ten Award» ոսկե մրցանակ: Միաժամանակ GSA բրիտանական հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երևանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: Բացի այդ, արդյունավետ կառավարման համար «Top Ten Award»-ի կողմից Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու մրցանակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունը ևս մեկ հրաշալի հարթակ կդառնա գործնական նոր կապերի հաստատման ու կառավարման ոլորտում առաջավոր փորձի փոխանակման համար:

Միջազգային ստանդարտացման ոլորտում բարձր գնահատման համար մրցանակ է ստացել նաև Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Ենոք Ազարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Դե պաշտպանեց, էս մրցանակն էլ կստանա, էլի..ինչ ա եղել որ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031