Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կպատասխանի Հայաստանը «Եվրոպական փաթեթին». «168 ժամ»

Փետրվար 13,2014 11:56
bryusel

Եվրամիության անդամ 13 երկիր հանդես է եկել Արևելյան գործընկերության անդամ պետությունների հետ հարաբերությունները շարունակելուն միտված նոր գործողությունների ծրագրի մշակման առաջարկությամբ, որն արդեն իսկ ստացել է «Եվրոպական փաթեթ» անվանումը։

Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից հետո սա Եվրոպայի առաջին քայլն է՝ շարունակելու հարաբերություններն այն պետությունների հետ, որոնք այդպես էլ չասոցացվեցին Եվրամիության հետ։ Փաթեթի մանրամասներն առայժմ հայտնի չեն, բայց ենթադրվում է, որ ներառված դրույթներն օգնելու են վերականգնել Եվրամիության ընդլայնմանն ուղղված քաղաքականությունը։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ի պատասխան մեր այն հարցին, թե արդյոք Հայաստանը կկարողանա՞ այս ֆորմատով շարունակել հարաբերությունները Եվրոպայի հետ, թե՞ «Եվրոպական փաթեթն» էլ կարժանանա Ասոցացման համաձայնագրի ճակատագրին, նշեց. «Այո, Եվրոպան չէր սպասում այն քայլերին, որոնք արվեցին Հայաստանի կողմից, բայց ես չեմ մեղադրում Եվրոպային, որովհետև սեպտեմբերի 3-ի կտրուկ շրջադարձը, բնականաբար, շփոթ է առաջացրել ոչ միայն մեզանում, այլև՝ Եվրոպայում։ Կարծում եմ, որ Եվրոպան ինքը մեր առաջ դռները չի փակել, հակառակը, կարծես Հայաստանի իշխանություններն են ուզում դռները փակել Եվրոպայի հետ համագործակցության հարցում»։ Ամեն դեպքում, ըստ Ռուբեն Հակոբյանի՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները կշարունակվեն, բայց արդեն այլ ֆորմատով։

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ համարում է, որ Եվրոպան ցանկություն ունի շարունակել աշխատել Հայաստանի հետ։ Մեր հարցին, թե ՀՀ իշխանությունները թույլ կտա՞ն, որպեսզի Հայաստանը բանակցություններ սկսի «Եվրոպական փաթեթի» շուրջ, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք մեր գնահատականը տվել ենք, որ ՀՀ իշխանությունները ձախողել են եվրոպական ուղղությունը՝ ոչ կոմպետենտ, ոչ հետևողական, կոռումպացված քաղաքականության պատճառով։ Կարծում եմ, որ Եվրոպական միությունը սրանով ավարտված չի համարում իր հարաբերությունների զարգացումը Հայաստանի հետ և, այնուամենայնիվ, փորձում է համագործակցության ինչ-որ ձևաչափ պահպանել»։

Եվրոպան, «բնականաբար», ցանկություն ունի համագործակցել Հայաստանի հետ, իսկ թե նման դեպքում ինչպե՞ս կվարվեն Հայաստանի իշխանությունները, Զուրաբյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով. «ՀՀ իշխանությունների որոշումները թելադրված են ոչ թե Հայաստանի պետական շահով, այլ ՝ այնպիսի ֆակտորներով, որոնք ավելի շատ վերաբերում են նրանց անձնական անվտանգությանը, շահերին, ֆակտորներ, որոնք շատ դժվար հաշվարկելի են»։

ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանն էլ ասաց, թե «Եվրոպական փաթեթի» մասին կարծիքներ հայտնելը դեռ վաղ է՝ մանրամասներ չկան, բայց նաև հիշեցրեց, թե իրենք կողմ են, որ Հայաստանը համագործակցի և Եվրոպայի, և Ռուսաստանի հետ։ «Մենք կողմ ենք, որ մեր հարաբերություններն ակտիվանան թե Մաքսային միության, թե Եվրամիության հետ, և այլ ուղղություններով՝ նույնպես»։

Թագուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728