Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է հարաբերություններ ստեղծենք նրանց հետ, ովքեր հայերի հետ խոսում են հասկանալի լեզվով․ «Հայացք Երևանից»

Ապրիլ 28,2024 10:48

Թերեւս եկել է ժամանակը, որ առանց Ռուսաստանի անունը հիշատակելու՝ անհնար է խոսել։ Դուք անմիջապես կբախվեք «իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին» հարցին։

Հայերի շրջանում տարածված այն միտքը, թե «գլխավորը Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելն է, անվտանգության ոլորտում մնացածն ինքնաբերաբար կլուծվի», չափազանց միամիտ է։ Շատ լավ է, որ հայերը հասկացան՝ Ռուսաստանը, բացի դաշնակից լինելուց, կարող է ոչ միայն սպառնալիք լինել, այլեւ Հայաստանը կործանող։ Բայց միայն քչերը կարող են հավատալ, որ Ռուսաստանին կարելի է չեզոքացնել՝ պարզապես նրա զորքերը Հայաստանից դուրս բերելով։

Շատ ավելի իրատեսական է, որ Ռուսաստանն ինքը կարող է հայերին հեռացնել Հայաստանից եւ «իր տարածքը» բաժանել մահմեդական ընկերներին։ Նմանատիպ փորձի մասին ես արդեն գրել եմ բյուզանդական ժամանակներից, էլ չասած, որ Արցախի դառը փորձը բոլորիս աչքի առջեւ է։

Փաստորեն՝ Հայաստանի անվտանգության ապահովումը շատ ավելին է, քան Ռուսաստանին չեզոքացնելու առանձին խնդիրը։ Նրանից բխող սպառնալիքները կարող են չեզոքացվել միայն ավելի լայն ռազմավարության շրջանակներում։ Այստեղ թուրքերի հետ մասնավոր զրույցը չի օգնի՝ թուրքերն ինքնին գլխացավանք են Հայաստանի համար։ Թուրքերը գիտեն՝ ում հետ խոսել, ում հետ՝ ոչ. նրանք գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը եւ ինչպես աշխատել նրա հետ։ Բայց, ընդհանրապես, թուրքերը հայերին չեն ճանաչում որպես անկախ սուբյեկտ կամ որպես հարեւան երկիր, ճանաչում են սոսկ իբրեւ իրենց հողի քմահաճ վարձակալ:

Այնպես որ, Թուրքիայի սպառնալիքը մեզնից հեռացնելու խնդիրը նույնպես չի կարող լուծվել ուղիղ երկխոսության միջոցով։ Թուրք հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու գաղափարը, որը երբեմն ներառվում է այս բանավեճում, ընկալվում է որպես անզորության ճիչ, քանի որ վեճի երկու կողմերն էլ թուրքերին կապում են կամ Ռուսաստանի, կամ Արեւմուտքի հետ։ Իսկ թուրքերն իրենք էլ իրենց պահվածքով պաշտպանում են այս կարծիքը։

Ի՞նչ անել այդ դեպքում: Սկզբի համար՝ վերանայենք սեփական տեսակետները մեր եւ աշխարհի, մասնավորապես Ռուսաստանի եւ մեր տարածաշրջանի վերաբերյալ: Այս դեպքում պարզ կդառնա, որ միջազգային հարաբերություններում չկան ընկեր, հարեւան, հովանավոր, փրկիչ եւ նման այլ հասկացություններ։ Պարզ կդառնա նաեւ, որ սուբյեկտների միջեւ չկան կայուն հարաբերություններ՝ այսօր կարող են դաշնակցել, վաղը՝ թշնամական լինել: Միջազգային հարաբերությունների սուբյեկտներն ունեն միմիայն իրենց շահերը պաշտպանելու ցանկություն՝ այն էլ ուրիշների հաշվին։

Ուրեմն՝ եթե ո՛չ թուրքերը, ո՛չ էլ ռուսները մեզ հետ չեն խոսում որպես գործընկերոջ, այլ ճանաչում են միայն վերջնագրի տեսքով խոսակցությունը, ապա ի՞նչ կարելի է անել։ Պատասխանը պարզ է՝ մենք պետք է հարաբերություններ ստեղծենք նրանց հետ, ովքեր հայերի հետ խոսում են հասկանալի լեզվով, այդ դեպքում ռուսներն ու թուրքերն իրենք ստիպված կլինեն հայերի հետ խոսել հավասար պայմաններով: Մինչ այդ, իհարկե, բավական լարված պահեր կլինեն։ Բայց դա առանձին խոսակցության թեմա է:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930