Լրահոս
Օրվա լրահոսը

«Արարատյան քննարկումներ». «Բանակցության մշակույթի դրսևորումները հայ բանահյուսության մեջ»

Մարտ 17,2014 13:13

Մարտի 15-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ «Արարատյան քննարկումներ» նախագծի երկրորդ բանախոսություն-քննարկումը` «Բանակցության մշակույթի դրսևորումները հայ բանահյուսության մեջ» խորագրով: Բանախոսը «Բանակցության երևանյան կենտրոնի» տնօրեն Ստեփան Խզրթյանն էր:

Հանդիպմանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ԱՀԹ Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Վահան քահանա Առաքելյանը, «Ծիրանի» ԿՀ-ի նախագահ Նարեկ Աշուղաթոյանը:

DSC03029
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հատվածներ հայ բանահյուսության տարբեր պատմվածքներից` «Շունն ու կատուն», «Մի կաթիլ մեղր», «Մկների ժողով» և «Ոսկե ցլիկը» ֆիլմից` վերհանելով դրանցում առկա հարաբերություները: Այդ օրինակները դիտարկվեցին որպես հայ բանակցային մշակույթի խտացված դրսևորումներ և ներկաների մասնակցությամբ դուրս բերվեցին դրանցում առկա դասերն ու հետևությունները:

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր գոհունակությունը հայտնեց հանդիպման բանախոսին ու կազմակերպիչներին` նշելով, որ նման հանդիպումները օգտակար են երիտասարդների համար և մասնավորապես ասաց. «Խոսեցիք բանահյուսության մեջ հայտնի օրինակներից, սակայն այսօրվա նյութին պետք է մեր պատմությունից մի օրինակ հավելենք, որ բանակցային հաջող ելք է ունեցել: Արաբական գերիշխանության տարիներին ստորացուցիչ հարկեր ու կենսական պայմաններ էին պարտադրվում այլադավանների` նաև հայերի համար:
Միակ մարդը, որ կարողացավ բանակցություն վարել և միայն Հայաստանի համար լուծել ստորացուցիչ հարկերից ազատագրման հարցը, Ս. Հովհան Օձնեցին էր: Սուրբ Հայրապետը գնաց Օմար խալիֆի մոտ, ներկայացրեց այն տառապանքը, որին ենթարկվում էր հայ ժողովուրդը: Այդ հանդիպումից հետո խալիֆը վերանայեց թե´ հարկերը, թե´ օրենքները:
Սա իրական օրինակ է, երբ հաշվի առնելով բոլոր հանգամանքները` արտաքին պատշաճությունն ու ներքին` հոգևոր կյանքի ապրումները, բանակցությունն ունեցավ կենսական նշանակություն ու հաջող ելք»:

«Արարատյան քննարկումները» Արարատյան Հայրապետական թեմի և «Ծիրանի» մշակութային հանգույցի համատեղ ծրագիրն է, որի նպատակն է հայ երիտասարդներին մատուցել հայագիտության ու հայ մշակույթի մասին հիմնավոր ու հանրամատչելի նյութեր, նրանց առաջ բացել հայկական ժառանգության փակ վարագույրները, հնարավորություն ստեղծել հայացք գցել մեր ազգային նկարագրի ու արժեհամակարգի վրա, ձևավորել անհատի ազգային անաչառ ինքնագնահատական, որն ամուր հիմք կդառնա հայ երիտասարդի համար:
Նախագծի ընթացքում կազմակերպվելու են սեմինարներ, հանդիպումներ ու քննարկումներ գիտնականների, մշակութային գործիչների և հոգևորականների հետ:

«Արարատյան քննարկումների» առաջին հանդիպումը նվիրված էր ոսկեղենիկ գրաբարին և դրա իմացության կարևորությանը մեր օրերում:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31